Դեկտեմբերի 13-ին ՆԱՏՕ-ում Հայաստանի առաքելության ղեկավար Գագիկ Հովհաննիսյանն իր հավատարմագրերն է հանձնել ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղար Յանս Ստոլտենբերգին:
Ըստ Հայաստանի արտգործնախարարաության պաշտոնական կայքէջի, արարողությունից հետո Գագիկ Հովհաննիսյանն ու Յանս Ստոլտենբերգը առանձնազրույց են ունեցել:
Շնորհավորելով Հայաստանի առաքելության ղեկավարին պաշտոնի ստանձնման կապակցությամբ՝ ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարը նշել է, որ բարձր է գնահատում ՆԱՏՕ-ՀՀ համագործակցության ներկա մակարդակը և շնորհակալություն հայտնել Աֆղանստանում և Կոսովոյում իրականացվող խաղաղապահ գործողություններին Հայաստանի ներդրման համար:
Իր հերթին Գագիկ Հովհաննիսյանը նշել է, որ Հայաստանը կշարունակի ՆԱՏՕ-ի և գործընկերների հետ զարգացնել համագործակցությունն ու գործընկերությունը:
Նա նաև հավելել է, որ հաջողությամբ ընթանում է ՀՀ-ՆԱՏՕ ԱԳԳԾ 2017-2019 փաստաթղթի իրականացումը և այդ համատեքստում ակնկալում է անդամ երկրների և գործընկերների աջակցությունը:
Գլխավոր քարտուղարի խնդրանքով ՀՀ առաքելության ղեկավարը ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի բանակցային գործընթացի ներկայիս փուլը:
Նույն օրը Գագիկ Հովհաննիսյանին ընդունել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոուզ Գետտեմյուլլերը: Նա գոհունակությամբ նշել է Հայաստանի հետ ՆԱՏՕ-ի բարձր մակարդակի երկխոսության առկայությունը։
Քննարկվել են նաև ՆԱՏՕ-ՀՀ համագործակցության օրակարգի հարցեր, անդրադարձ է եղել Ռոուզ Գետտեմյուլլերի՝ Հայաստան նախատեսված այցին։
Նշենք, որ Ռոուզ Գոտտեմյուլլերը Հայաստան կժամանի դեկտեմբերի 18-ին։ Նա Երևանում կհանդիպի նախագահ Սերժ Սարգսյանի, պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի և արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: