Մատչելիության հղումներ

Ազատ արձակված Սաակաշվիլիի աջակիցները նոր ցույցեր ու հավաքներ են ծրագրել


Ազատ արձակված Միխեիլ Սաակաշվիլին դատարանի շենքի առջև զրուցում է լրագրողների հետ, 11-ը դեկտեմբերի, 2017 թ․
Ազատ արձակված Միխեիլ Սաակաշվիլին դատարանի շենքի առջև զրուցում է լրագրողների հետ, 11-ը դեկտեմբերի, 2017 թ․

Երեկ ուշ երեկոյան դատարանից ազատ արձակված Միխեիլ Սաակաշվիլին այսօր երեկոյան պատրաստվում է նոր հավաք կազմակերպել Ռադայի առջև, իսկ կիրակի օրը Ուկրաինայի մայրաքաղաքում Սաակաշվիլիի կողմնակիցները ծրագրել են Կոռուպցիայի դեմ մեծ հանրահավաք ու երթ անցկացնել։

Այս մասին հայտարարել է Վրաստանի նախկին նախագահի կողմնակից, Գերագույն Ռադայի պատգամավոր Սեմյոն Սեմենչենկոն։ Պատգամավորը նշել է նաև, որ այժմ պատրաստվում են կիրակի օրը տեղի ունենալիք մեծ հավաքին, հավելելով, թե դատարանի երեկվա որոշումն իրենց համար անսպասելի էր: «Մենք չէինք ակնակալում, որ Լուցենկոն և Պորոշենկոն այսքան շուտ կնահանջեն»,- ասել է Սեմենչենկոն։

Ուկրաինայի Պեչորսկի շրջանի դատարանի դատավոր Լարիսա Ցոկոլը երեկ երեկոյան մերժել էր դատախազների միջնորդությունը՝ ընդդիմադիր գործիչ Միխեիլ Սաակաշվիլիի նկատմամբ տնային կալանք սահմանելու մասին, ինչի արդյունքում Օդեսայի նախկին նահանգապետն ազատ էր արձակել: «Նոր ուժերի շարժման» առաջնորդ Միխեիլ Սաակաշվիլին ձերբակալվել էր դեկտեմբերի 8-ի երեկոյան և տեղափոխվել Ազգային անվտանգության ծառայության ժամանակավոր պահման մեկուսարան, որտեղ հացադուլ էր հայտարարել։

Ուկրաինայի իշխանությունները Սաակաշվիլիին մեղադրում են նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի հանցավոր խմբի աջակցությամբ Ուկրաինայում հեղաշրջում ծրագրելու մեջ։ Յանուկովիչն իշխանությունից հեռացվելուց հետո 2014 թվականին փախել էր Ռուսաստան։ Ուկրաինայի իշխանությունները պնդում են, թե Սաակաշվիլիի բողոքի ակցիաներն Ուկրաինայի դեմ Ռուսաստանի դավադրության մաս են կազմում, չնայած Վրաստանի նախկին նախագահը, նաև Օդեսայի նախկին նահանգապետը հայտնի է իր հակառուսական հայացքներով ու քաղաքականությամբ։ Դատարանում նա հենց այդ մասին է խոսել՝ «աբսուրդ» որակելով ՌԴ անվտանգության ծառայության հետ կապեր ունենալու մասին իրեն վերագրվող հանցանքը։

Ուկրաինայի անվտանգության ծառայության գործելաոճը Սաակաշվիլին համեմատել է ԿԳԲ-ի գործելաոճի հետ, հայտարարելով, թե ձերբակալելով Պուտինի թշնամուն, Ուկրաիանայի իշխանությունները մեծ նվեր են արել Ռուսաստանի նախագահին։

Ավելի վաղ Ուկրաինայի իշխանությունները Սաակաշվիլիին զրկել են Ուկրաինայի քաղաքացիությունից, սակայն նրան հաջողվել էր կողմնակիցների աջակցությամբ հատել լեհ-ուկրաինական սհամանն ու մուտք գործել Ուկրաինա։ Հատուկ ծառայությունները փորձել են նրան ձերբակալել նաև Կիևի իր բնակարանում, բայց վերջինիս աջակիցներին այդ անգամ ևս հաջողվել է Սաակաշվիլուն դուրս բերել ոստիկանական մեքենայից:

Միխեիլ Սաակաշվիլին հայտարարում է, թե Պորոշենկոյի ստեղծած համակարգը քանդվում է, և որ ինքը չի հավակնում Ուկրաինայի նախագահի պաշտոնին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG