Ուկրաինայի Պեչորսկի շրջանի դատարանի դատավոր Լարիսա Ցոկոլը մերժեց դատախազների միջնորդությունը՝ ընդդիմադիր գործիչ Միխեիլ Սաակաշվիլիի նկատմամբ տնային կալանք սահմանելու մասին` ճանապարհ հարթելով նրա ազատ արձակման համար։
Նոր ուժերի շարժման առաջնորդ Միխեիլ Սաակաշվիլին ձերբակալվել է դեկտեմբերի 8-ի երեկոյան և տեղափոխվել Ազգային անվտանգության ծառայության ժամանակավոր պահման մեկուսարան, որտեղ նա հացադուլ է հայտարարել։
Ուկրաինայի իշխանությունները Սաակաշվիլիին մեղադրում են նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի հանցավոր խմբի աջակցությամբ Ուկրաինայում հեղաշրջում ծրագրելու մեջ։ Յանուկովիչն իր իշխանության տապալումից հետո 2014 թվականին փախել է Ռուսատան։ Ուկրաինայի իշխանությունները պնդում են, որ Սաակաշվիլիի բողոքի ակցիաները Ուկրաինայի դեմ Ռուսաստանի դավադրության մաս են կազմում, չնայած Վրաստանի նախկին նախագահը, Օդեսայի նախկին նահանգապետը հայտնի է իր հակառուսական հայացքներով և քաղաքականությամբ։