Մատչելիության հղումներ

«Թալանչի համայնքի ղեկավարները ներվել են, որովհետև լավ են ձայներ հավաքում». Մարուքյան


«Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը «սպասված» է համարում նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը Տեղական ինքնակառավարման և տարածքային կառավարման մարմիններին նվիրված խորհրդաժողովի ժամանակ։

«Երկար տարիներ բոլորս գիտենք, որ ունենք գող, թալանչի համայնքի ղեկավարներ, այսինքն՝ 900 համայնքի մեջ եղել են և կան նման ղեկավարներ, նրանք մեր աչքի առաջ հարստացել են, թալանել են ինչպես կարողացել են, թալանել են առանց հանգստանալու, առանց շունչ քաշելու, ծարավի պես են թալանել։ Նախագահի ելույթով արձանագրվեց, որ բարձր իշխանությունը տեղյակ է եղել թալանի մասին՝ մեկ, իրավապահ մարմիններն իրենց տեղում են գտնվել՝ երկուս, այսինքն՝ նրանք գործեր են հարուցել, ուսումնասիրել են, ո՞նց է իշխանությունն իմացել, որ թալան է եղել։ Հասել է տեղ դա, պետք է էս մարդն արդեն քրեական հետապնդման ենթարկվի, կամ դատապարտվի, և ինչ-որ մարզպետ, տարածքային կառավարման նախարար էս մարդկանց ներել է։ Այսպես են ասում՝ «ներել ենք, որովհետև կարծում էինք, որ տեղական ինքնակառավարումը պետք է կայանա և կարող են թերություններ լինել»։ Ես համաձայն եմ, որ կայացման ընթացքում կարող են թերություններ լինել, բայց թալանը, տեղական բյուջեների թալանը, համայնքային գույքի սեփականաշնորհումը նման ձևերով դա չեմ կարծում, թե այն խոչընդոտներն ու թերություններն են, որոնք պետք է կայացնի ՏԻՄ-ը և, ըստ էության, ոչ թե ՏԻՄ-ն է կայացել, այլ կայացել է մի թալանչիների մեծ խմբավորում, որը հետագայում իր ծառայություններն է մատուցել ամեն ընտրության ժամանակ, և նրանք ներվել են ոչ թե նրա համար, որ ՏԻՄ-ը կայանա, նրանք ներվել են, որովհետև լավ են ձայներ հավաքում, լավ են ընտրակաշառք բաժանում», - այսօր Ազգային ժողովում ճեպազրույցների ժամանակ ասաց Մարուքյանը։

Հիշեցնենք` նախագահն իր ելույթում ասել էր. - «Գաղտնիք չէ, որ շատ համայնքապետներ չարաշահում են իրենց պաշտոնը և այն օգտագործում են անհասկանալի և անընդունելի եկամուտներ ունենալու համար՝ սկսած նրանից, ո՛ր տարբեր խորամանկություններով, տարբեր ձևերով օտարում են համայնքներին պատկանող հողերը, ո՛ր անազնիվ վերաբերմունք են ցուցաբերում համայնքային բյուջեների նկատմամբ, և չմանրամասնեմ, որովհետև ինձ համար շատ տհաճ է այս խոսակցությունը: Մի բան եմ, ուղղակի, ուզում ասել. շատ ներողամիտ ենք եղել համայնքապետների նկատմամբ: Ներողամիտ ենք եղել, որովհետև համարել ենք, որ պետք է կայանան, այս ինստիտուտը պետք է կայանա, և այս ընթացքում հնարավոր են որոշակի վատ դրսևորումներ: Ուզում եմ բոլորիդ, ոչ մեկին չեմ վախեցնում, ուղղակի ուզում եմ բոլորիդ զգուշացնել` եթե որևէ մեկը պետք է այս գործերով զբաղվի, ավելի լավ է գնա ուրիշ տեղ աշխատի: Մենք պատրաստ ենք, անկեղծ եմ ասում, պատրաստ ենք մեր աչքի լույսի պես ձեզ վերաբերվել, պատրաստ ենք մեր հնարավորությունների սահմանում օգնելու՝ լինի դա անձնական, թե համայնքային հարց, բայց մենք պատրաստ չենք տեսնելու, թե ձեզնից ոմանք ինչպես են մեր բնակչության փողերը տանում իրենց տուն: Ամո՛թ է»:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG