Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր կարճատև աշխատանքային այցով մեկնում է Թուրքիա։
«Ռոյթերզ» լրատվական գործակալության փոխանցմամբ, Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների հանդիպման օրակարգի հիմնական հարցը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Միացյալ Նահանգների դեսպանությունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու որոշումից հետո Իսրայելում ստեղծված իրավիճակն է։
Կրեմլի մամլո ծառայության տարածած հաղորդագրությունում նշված է, որ Պուտինն ու Էրդողանն այսօր քննարկելու են միջազգային հարցեր, այդ թվում՝ նաև իրավիճակը Մերձավոր Արևելքում և սիրիական կարգավորումը։
Երկու երկրների ղեկավարների հանդիպման օրակարգում են նաև երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր, մասնավորապես՝ համագործակցությունը էներգետիկայի ոլորտում։ «Նախագահները քննարկելու են էներգետիկայի ոլորտում խոշոր ծրագրերի իրագործման հետ կապված հարցերը», - ասված է մամլո հաղորդագրությունում։
Վերջին անգամ Էրդողանը Պուտինի հետ հանդիպել է Սոչիում՝ նոյեմբերին։
Նշենք, որ Էրդողանը պարբերաբար հայտարարում է, որ Պուտինի հետ քննարկել և շարունակելու է քննարկել ղարաբաղյան խնդիրը։ Պաշտոնական Մոսկվան, սակայն, որևէ հայտարարություն այս թեմայով չի անում։ Իսկ այսօրվա հանդիպման հիմնական թեման Երուսաղեմն է, մի հարց, որի շուրջ Մոսկվան և Անկարան միակարծիք են ի տարբերություն, օրինակ, սիրիական ճգնաժամի։
Ենթադրվում է, որ Թուրքիայից Պուտինը կմեկնի Եգիպտոս։ Նշենք, որ ավելի վաղ Կրեմլը հայտարարել էր, որ դեկտեմբերի 11-ին Ռուսաստանի նախագահը Եգիպտոսում հանդիպելու է այդ երկրի նախագահ Աբդել Ֆաթթահ ալ-Սիսիի հետ՝ օրակարգում միջին արևելքում անվտանգության հարցերն են։
Այս երեք երկրները՝ Եգիպտոսը, Թուրքիան և Ռուսաստանն արդեն հայտարարել են, որ դեմ են Թրամփի որոշմանը։ Երկու օրից՝ դեկտեմբերի 13-ին Ստամբուլում կայանալու է Իսլամական համագործակցություն կազմակերպության արտահերթ նիստը, որը կազմակերպում է Էրդողանը և որը նվիրված է Երուսաղեմին։ Էրդողանն այս կոնֆերանսին հրավիրել է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։