Մատչելիության հղումներ

«Կառավարությունը մենակ էս գյուղի հարկերի ու զինկոչիկների տեղը գիտի»․ Ջրաձորցիներ


Ձմեռային Շիրակ, արխիվ
Ձմեռային Շիրակ, արխիվ

19-ամյա Արմինեն հուզվում է իրենց տան մասին խոսելիս։ Հինգ հոգանոց ընտանիքով ապրում են երկրաշարժից ավերված, մինչ այսօր կենցաղային պայմաններից զուրկ երկու սենյականոց տանը։ «Երազանքս մերոցն էս տնից հանելն ա: Շատ դժվար ա էս տան մեջ, չնայած բոլորի համար ա դժվար, ովքեր գումար չունեն»,- ասում է Արմինեն:

1988-ի երկրաշարժից ավերակների վերածված Շիրակ մարզի Ջրաձոր գյուղը դեռ սպասում է վերականգնվելու իր հերթին։ Բնակիչները պատմում են, որ դեռ խորհրդային տարիներին գյուղի տարածքում արհեստական ջրամբար կառուցելու նպատակով նախատեսում էին գյուղը տեղափոխել։ Նման ծրագիր եղել է նաև ԽՍՀՄ-ի փլուզումից հետո, սակայն շինարարությունը պարբերաբար հետաձգվել է, գյուղն էլ իր տեղում է մնացել: Մինչ օրս մարդիկ այստեղ շարունակում են ապրել կիսաքանդ տներում, տնակներում, կարողացել են միայն սեփական միջոցներով քիչ թե շատ բարեկարգել իրենց կացարանները: «Ամենքս մեզ համար կսարքենք կապրենք, բայց կապիտալ շինարարություն չկա»,- ասում է բնակիչներից մեկը:

Համայնքների խոշորացման ծրագրով մեկ տարի առաջ Ամասիային միացված Ջրաձորում, որտեղ մոտ 280 մարդ է ապրում, որևէ ընտանիք տան սեփականության վկայական չունի․ պաշտոնապես նրանք անօթևան են համարվում, բայց, անգամ որպես անօթևան, արդեն 29 տարի է նոր տուն չեն ստանում․ «Կառավարությունը մենակ էս գյուղի հարկերի տեղը գիտի, ու զինկոչիկներին տանելն են հիշում»:

Սողոմոնյանների ընտանիքը բոլորովին վերջերս է հայտնվել անօթևանների ցուցակում։ Ընտանիքի հոր՝ Կորյուն Սողոմոնյանի խոսքով՝ տարիներ շարունակ իրենց տարբեր պաշտոնյաներ են այցելել, ուսումնասիրել պայմանները, սակայն այդպես էլ իրենց չեն ցուցակագրել որպես անօթևան։ Ասում է՝ «մաղարիչ» էին ուզում, ինքն էլ կտրականապես հրաժարվել է տալ:

Տների փոխհատուցման խնդրի մասին Ջրաձորում բազմիցս է խոսվել։ Գյուղացիներն անգամ նախընտրական քարոզարշավներից մեկի ժամանակ անձամբ երկրի նախագահին են դիմել, սակայն որևէ փոփոխություն այդպես էլ չի եղել․ «Սարգսյանն ասաց՝ արա բա ո՞նց եք ապրել մինչև հիմա»: Ջրաձորցիներն արդեն կես կատակ, կես լուրջ մտածում են, թե գյուղի վրա անեծք կա։ Արտագնա աշխատանքից տուն վերադարձած գյուղացիներն էլ իրենց ձայնը տեղ հասցնելու համար արդեն մտածում են կտրուկ գործողությունների դիմելու մասին․ «Դնենք ջուրն էլ փակենք, ճամփեն էլ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG