Մատչելիության հղումներ

Գլխավոր դատախազ․ «ՍԱՍ»-ի ժողովը վարել է ՀՀԿ պատգամավոր Արտակ Սարգսյանի եղբայրը, «այնտեղ հանցակազմ չկա»


Գլխավոր դատախազ Արթուր Դավթյան, արխիվ

Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը խոստովանում է՝ խորհրդարանական ընտրություններից առաջ «ՍԱՍ» գրուպում տեղի ունեցած աղմկահարույց ժողովի ժամանակ աշխատակիցներին սպառնացող ու ծաղրող մարդը հանրապետական պատգամավոր Արտակ Սարգսյանի եղբայրն է:

Այսօր՝ կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրը, հանցավորության դեմ անզիջում պայքար խոստացած Դավթյանը լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում նաև շտապեց ավելացնել՝ այդ ժողովի ձայնագրության մանրակրկիտ ուսումնասիրությունը հանցակազմի հատկանիշներ այդպես էլ չի հայտնաբերել:

«Քրեական գործով այդ ձայնագրության հանգամանքները մանրամասն քննության առարկա են դարձել, այդ ձայնագրության մեջ խոսող և այդ միջոցառմանը մասնակից անձինք հարցաքննվել են այդ գործով: Ձայնագրության առկայությունը կամ բացակայությունն էստեղ որևէ նշանակություն չունի: Էստեղ փաստն այն է, թե կատարված իրադարձությունն իր մեջ հանցակազմի հատկանիշներ պարունակու՞մ է, թե ոչ: Հանցակազմի հատկանիշներ այդ իրադարձությունը չի պարունակում»,- ասաց Դավթյանը, շարունակելով․

«Վստահ եղեք՝ եթե մենք հնարավորություն ունենայինք կատարված արարքում որևէ մեկին պատասխանատվության ենթարկելու, մի վարկյան չէինք վարանի»: Դատախազը պարզաբանում է՝ եթե դու աշխատողին ասում ես՝ եթե այս կամ անձին չընտրես, քեզ կազատենք և այլն, դա հանցակազմի հատկանիշներ չի պարունակում:

Ապրիլի 13-ին Hayastan24.Com կայքի հրապարակած ձայնագրության մեջ մի տղամարդ ներկաներին կոպիտ կերպով, երբեմն նաև ծաղրելով հորդորում է աշխատել «ՍԱՍ»-ի սեփականատեր, Ազգային ժողովի պատգամավորի թեկնածու Արտակ Սարգսյանի համար՝ նախազգուշացնելով՝ ով ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններին ձայն չբերի, կկորցնի աշխատանքը։ «Եթե դու էդ ձևի ես վերաբերվում մեզ, մենք էլ քեզ հինգ անգամ ավելի վատ կվերաբերվենք»,- մասնավորապես լսվում է ձայնագրությունում:

Այդ ձայնագրության հրապարակումից հետո երկու օր պահանջվեց, որպեսզի գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հանձնարարությամբ այն ուղարկվի Հատուկ քննչական ծառայություն՝ հանգամանքները ստուգելու նպատակով: Եվս մի քանի օր էլ պահանջվեց ՀՔԾ-ից, որպեսզի ստուգեն հանգամանքները:

Արդյունքում՝ քրեական գործ հարուցվեց հրապարակումից հետո վեցերորդ օրը միայն՝ ապրիլի 19-ին, և հարուցվեց Քրեական օրենսգրքի միայն մեկ՝ 154 պրիմ երկու հոդվածի երկրորդ մասով՝ թեկնածուներից որևէ մեկի օգտին կողմ կամ դեմ քվեարկելու, ընտրություններին մասնակցելուն կամ ընտրություններին մասնակցելուց հրաժարվելուն հարկադրելը։ Շուրջ հինգ ամիս քննելով գործը՝ արդարադատության գեներալ-լեյտենանտ Վահրամ Շահինյանի գլխավորած ՀՔԾ-ն սեպտեմբերի սկզբին որոշում կայացրեց կարճել այն՝ «հանցակազմի բացակայության հիմքով»։

ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանը ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններում Հանրապետականի ռեյտինգային թեկնածուներից մեկն էր, նա կարողացավ նախագահ Սերժ Սարգսյանի առաջնորդած կուսակցության համար ապահովել շուրջ 12 հազար ձայն: Ինքը՝ Հանրապետական կուսակցության խորհրդի մեծահարուստ անդամ Արտակ Սարգսյանը և նրա եղբայրը՝ Արամ Սարգսյանը, հրաժարվում են խոսել այս թեմայի շուրջ՝ մշտապես խույս տալով լրագրողներից:

Այս հարցին այսօր անդրադարձավ նաև արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը, նշելով, որ «ՍԱՍ»-ի գործի հետ կապված Հայաստանի քրեական օրենսդրությունն ուներ լուրջ բաց, որը հնարավորություն չտվեց հասնել քրեական պատժի: Ուստի, ըստ նրա, արդարադատության նախարարությունը հանդես է եկել նախաձեռնությամբ:

«Առաջարկում եմ բացել e-draft.am կայքը, նայել այնտեղ տեղադրված Ընտրական օրենսգրքի փոփոխությունները, որ մենք առաջարկել ենք հանրային քննարկման և գտնել այնտեղ դրույթ, ըստ որի, ցանկացած անձի, օգտագործելով աշխատանքային կամ որևէ այլ հարաբերություններ, պարտադրելը՝ մասնակցել քարոզչությանը կամ հակառակը՝ ձեռնպահ մնալ քարոզչությունից, մենք դա նախատեսել ենք որպես քրեական արարք»,- ասաց արդարադատության նախարարը, նաև ընդգծելով՝ ժողովրդավար երկրներում չի կարող Քրեական օրենսգրքով սահմանված նոր հանցատեսակն ունենալ հետադարձ ուժ:

Փաստաբան Տիգրան Հայրապետյանի համոզմամբ՝ «ՍԱՍ» գրուպում տեղի ունեցած ժողովի ժամանակ ոչ միայն կոպտորեն ոտնահարվել է Աշխատանքային օրենսգիրքը, այլև՝ մարդկանց ընտրական իրավունքը: «Եթե տնօրենը աշխատակիցներին որևէ բան է կարգադրում, սա ենթադրում է, որ եթե աշխատակիցները չեն կատարում էդ պահանջը, ուրեմն այդ աշխատակիցները պետք է հեռացվեն աշխատանքից, կամ կարող են հեռացվել աշխատանքից:

Այսինքն՝ աշխատանքից հեռացնելու սպառնալիքով աշխատանքային հարաբերությունների հետ չկապված պահանջներ են դրվում: Իհարկե, այստեղ Աշխատանքային օրենսգրքի ոտնահարման ակնհայտ հետք կա, չնայած, կարծում եմ՝ այստեղ ավելի շատ ընտրական իրավունքի կոպիտ խախտում կա, որովհետև, ըստ էության, աշխատանքը կորցնելու սպառնալիքով ուղղակի ազդեցություն է լինում ընտրողի վրա և ընտրողի ազատ կամքի արտահայտման վրա»,- ասաց Տիգրան Հայրապետյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG