Մատչելիության հղումներ

2018-ի բյուջեի նախագիծն ընդունվեց, 2019-ի համար ևս խոստումներ չտրվեցին


Ազգային ժողովի նիստերի դահլիճ, 8-ը դեկտեմբերի, 2017 թ․
Ազգային ժողովի նիստերի դահլիճ, 8-ը դեկտեմբերի, 2017 թ․

Խորհրդարանն այսօր ձայների 64 կողմ, 35 դեմ և 0 ձեռնպահ հարաբերակցությամբ ընդունեց հաջորդ տարվա պետական բյուջեի նախագիծը։ Ընդդիմադիր «Ծառուկյան» և «Ելք» խմբակցությունները դեմ քվեարկեցին փաստաթղթին։ Չնայած վարչապետ Կարեն Կարապետյանի ներկայացրած նախագիծն ընդունվեց բացառապես իշխանական (ՀՀԿ և ՀՅԴ) խմբակցությունների ջանքերով, այդուհանդերձ, որոշեցին միմյանց շնորհավորել։

«Ծառուկյան» խմբակցությունից Միքայել Մելքումյանը հայտարարեց՝ դեմ են քվեարկում, որովհետև չեն կարող կիսել այս բյուջեի իրականացման քաղաքական պատասխանատվությունը․ «Լուրջ հիմքեր չեն ձևավորվում ոչ միայն տնտեսական աճի, այլև տնտեսական զարգացման համար: Ավելին՝ սոցիալական, կրթական, գիտության ոլորտի ծախսերը հակադրվում են կապիտալ ծախսերին, մենաշնորհների դեմ ազատ արդար մրցակցային հարաբերություններ ձևավորելու համար չեն ձևավորվում պայմաններ»:

Ֆինանսների նախարար Վարդան Արամյանի խոսքով՝ կառավարությունը հաջորդ տարի նախատեսում է ստանալ 1 տրիլիոն 307 միլիարդ դրամ եկամուտ, ծախսել՝ 1 տրիլիոն 465 միլիարդ: Բյուջեի պակասուրդն, այդպիսով, շուրջ 157 միլիարդ է կազմելու: 2017-ի համեմատ և՛ եկամուտները, և՛ ծախսերը, ըստ Արամյանի, կաճեն շուրջ 100 միլիարդ դրամով: Կառավարությունը հաջորդ տարի խոստանում է 4,5 տոկոսի տնտեսական աճ, բայց և կանխատեսում մինչև 4 տոկոս գնաճ։

Ընդդիմադիրները հաջորդ տարվա բյուջեի նախագիծը «ապասոցիալական» են որակում: Հիշեցնելով սպասվող թանկացումների, չավելացող նվազագույն աշխատավարձի, թոշակների ու ընտանեկան նպաստների մասին, պնդում են՝ կառավարությունը խորացնելու է աղքատությունը: Իշխող ուժի ներկայացուցիչները, սակայն, հաջորդ տարվա ֆինանսական փաստաթուղթն իրատեսական են համարում, փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանի բնորոշմամբ՝ անգամ ազնիվ․ բյուջեն կազմվել է հնարավորությունների չափով։ Իշխանությունը սոցիալական խնդիրների լուծման բանալին տնտեսական զարգացումն է համարում, որպեսզի մարդն ինքն իր համար կարողանա արժեք ստեղծել: Ինչպես հանրապետական Էդուարդ Շարմազանովն էր ասում՝ «պետք է ժողովրդին ոչ թե ձուկ տալ, այլ ձուկ բռնել սովորեցնել»։

«Ելքից» Մանե Թանդիլյանի կարծիքով, աշխատավարձեր չբարձրացնելը բերելու է սոցիալական ավելի լուրջ ճգնաժամի՝ հաշվի առնելով սպասվող գնաճը: «Շատ օպտիմիստական տնտեսական աճ է նախատեսված: Կարծում եմ, որ այդպես չի լինելու, ավելի նվազ է լինելու: Այինքն՝ սրանք շղթայված են, և եթե դու չես կարողանում ժամանակավորապես, գոնե իմանալով, որ դու ունես կանխատեսումներ կամ պլաններ գալիք տարիների համար, մեղմել քաղաքացիների բեռը, դու չես ունենալու այդ տնտեսական աճը, որովհետև այդ բեռի տակ մարդիկ այլ տարբերակներ են գտնելու: Այդ թվում՝ նաև լքելու են երկիրը, որի արդյունքում այդ տնտեսական աճը չի ապահովվելու»,- ասաց Թանդիլյանը՝ հավելելով․ «Այն թեզը, որ մենք տնտեսության մեջ կապիտալ ներդրում ենք անում, որպեսզի այն վերադառնա, իրականում, այս ժամանակավոր հատվածում քանի որ լուծումներ չեն նախատեսել, չի ունենալու այն էֆեկտը, որն իրենք ակնկալում են»:

Եթե Կարեն Կարապետյանի կառավարությունը շարունակի աշխատել, 2019-ին թոշակներն ու աշխատավարձերը կավելացնե՞ն։ Պատասխանելով այս հարցին, Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը խուսափեց նման խոստում տալ: «Գիտեք, եթե մի բան խոստանում ես, պարտադիր պետք է կատարես: Մենք մի բան ենք խոստացել՝ ինչ որ մեր ծրագրի մեջ դրվել է: Մենք ասել ենք, որ իհարկե՝ երբ որ մեզ մոտ տնտեսական աճը գնում է, մենք մեր ժողովրդի սոցիալական խնդիրներն ադեկվատ լուծելու ենք»,- ասաց նախարարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG