Մատչելիության հղումներ

Երկու ԱԳ նախարարների հաճախակի հանդիպումների հանգամանքը դրական է․ Փոխարտգործնախարար


Շավարշ Քոչարյան, արխիվ
Շավարշ Քոչարյան, արխիվ

Փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանի խոսքով՝ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների միջև Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ուղղությամբ ցանկացած առանջընթաց միայն դրական ազդեցություն կունենա ղարաբաղյան բանակցությունների վրա:

Երեկ Վիեննայում Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում է ունեցել իր ադրբեջանցի պաշտոնակից Էլմար Մամեդյարովի հետ: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ներկայությամբ մեկնարկած հանդիպումն այնուհետև շարունակվել է առանձնազրույցի ձևաչափով:

Այսօր՝ Ավստրիայի մայրաքաղաքում ելույթ ունենալով ԵԱՀԿ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի 24-րդ հանդիպմանը, Նալբանդյանն ուշագրավ հայտարարություն է արել․ «Ադրբեջանի իմ գործընկերոջ հետ երեկ տեղի ունեցած հանդիպումն ընդհանուր առմամբ դրական մթնոլորտում էր։ Կտեսնենք, թե ինչ զարգացումներ կլինեն դրանից հետո»: Մամեդյարովը ևս «դրական և կառուցողական» է գնահատել Նալբանդյանի հետ հանդիպումը:

Այսօր կառավարության նիստից հետո փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանին խնդրեցինք մեկնաբանել Նալբանդյանի այդ խոսքերը: «Քանի որ ասվել է նաև, որ քննարկվել է Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի և Ժնևի համաձայնությունները կյանքի կոչելու հարցը, ապա ակնհայտ է՝ եթե այդ ուղղությամբ լինի որևէ առաջընթաց, ապա դա դրական է: Ամեն դեպքում, իհարկե, ցանկացած բանակցություն ավելի լավ է, որովհետև այլընտրանքը ռազմական գործողություններն են: Այդ հանդիպումն արձանագրում է վստահության մթնոլորտի ձևավորման անհրաժեշտությունը»,- ասաց Քոչարյանը, այդուհանդերձ ընդգծելով․ «Ադրբեջանը բանակցությունների սեղանի շուրջ տալիս է համաձայնություն և որպես կանոն ինքն էլ խոչընդոտում է»:

Նալբանդյան-Մամեդյարով երեկվա հանդիպումից հետո տարածված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտատարության մեջ նշված էր նաև, որ համաձայնություն է ձեռք բերվել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև առաջիկա հանդիպումը 2018 թվականի տարեսկզբին կազմակերպելու վերաբերյալ։ Այս առնչությամբ՝ փոխարտգործնախարարն ասաց․ «Կարող ենք մի բան արձանագրել, որ այդ հանդիպումները, որոնք դարձել են ավելի հաճախակի, նաև համընկնում են այն հանգամանքի հետ, որ շփման գծում լարվածությունը որոշակի առումով ընկել է, այդ տեսակետից դա դրական է»:

Երեկ Ազգային ժողովում խորհրդարան-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը պատմեց, որ մոտ մեկ ամիս առաջ, երբ Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը Տաջիկստանից վերադառնում էր Հայաստան, Մոսկվայի օդանավակայանում ՀՀ խորհրդարայնի նախագային խուզարկել են, հարկադրել հանել գոտին: Միքայելյանը նույնպես եղել է Դուշանբեից Երևան վերադարձող հայաստանյան պատվիրակության կազմում և ականատես է եղել այդ ամենին:

Շավարշ Քոչարյանին խնդրեցինք պարզաբանել՝ արդյո՞ք Հայաստանի երկրորդ պաշտոնյան պետք է նման կերպ հատեր օտար պետության սահմանը: «Հատուկ համաձայնագիր չկա, բայց բնական է՝ այդ հարցին մենք հատուկ ուշադրություն ենք դարձնելու, որոհետև, իհարկե՝ պետությունների միջև պետք է գործի փոխադարձության սկզբունքը, անկախ այն բանից՝ կա համաձայնություն թե ոչ»,- հարցի առնչությամբ ասաց Շավարշ Քոչարյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG