Մատչելիության հղումներ

«Երկրաշարժից 29 տարի անց Գյումրին դեռ աղետի գոտի է», - «Ազատության» հետ զրույցում ասաց Շիրակի մարզից ընտրված պատգամավոր, «Ծառուկյան» խմբակցության անդամ Վարդևան Գրիգորյանը:

Քաղաքի բարեկարգվող կենտրոնը, Գրիգորյանի կարծիքով, դեռ ոչինչ չի նշանակում․ Գյուրիում դեռ շուրջ 3000 տնակներ կան, որից 2400 բնակեցված են․ - «Դրանք մեր քաղաքացիներն են, և կարծում եմ, պետությունը պարտավորություն ունի իր ամեն մի քաղաքացու համար կարողանա բարենպաստ․․․ կամ լիարժեք կյանքով ապրելու հնարավորություն ստեղծել: Գնացեք, տեսեք քաղաքի ծայրամասում ինչ է կատարվում՝ ընտանիքներ, հազարավոր երեխաներ՝ փայլուն աչքերով, խելացի դեմքով, բայց՝ անտեսված»:

Ընդդիմադիր «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանի խոսքով՝ աղետի գոտի են շարունակում մնալ ոչ միայն Գյումրին, այլև երկրաշարժից տուժած շատ բնակավայրեր: Նրա կարծիքով, կարելի էր ավելին անել ոչ թե 29 տարվա, այլ շատ ավելի կարճ ժամանակի ընթացքում․ - «Այն քաղաքացիները, որոնք շարունակում են մնալ անօթևան այդ պատճառով, պատշաճ վերաբերմունքի չեն արժանանում: Շատերը այդ ժամանակ նաև հեռացան երկրից և այլևս չվերադարձան: Իմ կարծիքով, սա մի այնպիսի աղետ է, որտեղ մենք պետք է բոլորս միավորվեինք և կարողանայինք պետական մակարդակով, կարողանայինք այս մարդկանց թե՛ հոգեբանական, թե՛ բարոյական և թե՛ հենց նյութական աջակցությունը ցուցաբերել, որ Հայաստանը շարունակեր մնալ նրանց հայրենիքը»:

Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը համաձայն չէ ընդդիմադիրների ձևակերումների հետ: Նրա կարծիքով, երկրաշարժի հետևանքները գրեթե վերացված են․ - «Աղետի գոտի․․․ չի կարելի այդ տերմինոլոգիան օգտագործել: Բայց աղետի հետևանքների լիարժեք վերացումը նույնպես չի կարելի օգտագործել: Իհարկե, ժողովրդի ոչ միշտ չգոհանալու այդ երևույթը պետք է լինի: Իսկ ինչ մնում է, ասենք, տնակները և այլն՝ եթե մենք լիարժեք հաշվարկները կատարենք, ինձ թվում է, որ դեռ երկրաշարժից առաջ էլ մենք ունեինք բավականին ընտանիքներ, որոնք կամ մնում էին վարձով, կամ անօթևան էին: Իհարկե, ես չէի ցանկանա դա տարանջատել: Դա մեր պետության, մեր երկրի խնդիրներն ու պրոբլեմներն են: Բայց զուտ երկրաշարժի հետևանքները՝ որպես այդպիսին, ես կարող եմ ասել, որ համարյա թե վերացված են»:

Վարդևան Գրիգորյանի խոսքով՝ հաջորդ տարվա բյուջեի նախագծում երկրաշարժի հետևանքները վերացնելու հատուկ ծրագիր չկա: Բաղդասարյանը չհերքեց սա, բայցև ասաց, թե երկրաշարժից տուժած բնակավայրերի խնդրով նախատեսում են զբաղվել․ - «Առանձին տող, որպես այդպիսին աղետ բառից խուսափելու համար մենք չենք դնում՝ աղետի գոտի, որովհետև արդեն 29 տարի անցել է․․․ Ես նորից եմ կրկնում՝ ես համաձայն չեմ այդ բառի հետ: Բայց կարելի է մի փոքր հետազոտություն անել, և մենք բոլորս՝ բոլոր պատգամավորներով միասին հասկանանք ինչ ծախսերի մասին է խոսքը: Պատրադիր չի լինի բյուջեից, կարող է տարբեր ծրագրերով մենք դրան անդրադառնանք: Բայց պատկան մարմիններին պետք է դիմենք, որպեսզի հասկանանք ինչ ծախսերի մասին է խոսքը: Հետևանքները պետք է ուսումնասիրվի՝ ի՞նչ է մնացել, ի՞նչ չկա արված անօթևանների հետ կապված, ի՞նչ կարելի է անել: Որովհետև իրոք այդ տնակային գաղափարից․․․ պետք է ընդհանրապես 21-րդ ազատվել»:

Վարդևան Գրիգորյանին ամեն դեպքում կառավարության քայլերը չեն բավարարում: Շիրակը, նրա խոսքով, պաշտոնական վիճակագրությամբ, շարունակում է մնալ Հայաստանի ամենաաղքատ մարզը:

Պատգամավորը կարծում է, որ եթե աշխատատեղեր չստեղծվեն, աղքատությունը՝ սպասվող թանկացումներից, աշխատավարձ ու թոշակ չբարձրացնելուց հետո, խորանալու է․ - «Միայն զբոսաշրջությունը, կարծում եմ, Գյումրիի բոլոր հարցերը չի լուծելու: Գյումրիում հարկավոր է աշխատատեղ: Եթե չի ստեղծվում էդ միջավայրը, որ ներդրողներ գան ու կարողանան էդ ներդրումների արդյունքում ստեղծել աշխատատեղ, իհարկե, կարող է էս վիճակը ձգձգվի դեռ երկար, երկար տարիներ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG