Չնայած միջազգային հանրության աննախադեպ ճնշմանը, Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը որոշեց կատարել նախընտրական շրջանում տված իր բազմաթիվ խոստումներից մեկը` Երուսաղեմը ճանաչելով որպես Իսրայելի մայրաքաղաք:
«Ես որոշեցի, որ եկել է Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու պահը: Միացյալ Նահանգների նախորդ նախագահները նախընտրական արշավների ընթացքում հանդես էին գալիս նման խոստմամբ, սակայն չէին կատարում այն: Այսօր ես կատարում եմ իմ խոստումը: Ես հանգել եմ եզրակացության, որ այս քայլը բխում է Միացյալ Նահանգների շահերից, ինչպես նաև նպաստում է Իսրայելի և պաղեստինցնիների միջև խաղաղության հաստատմանը», - չորեքշաբթի երեկոյան Սպիտակ տանը հայտարարում էր Թրամփը:
Երուսաղեմի կարգավիճակը, սակայն, մերձավորարևելյան կարգավորման առանցքային խնդիրներից մեկն է, որի շուրջ բանակցությունները մշտապես անարդյունք են ավարտվել: 2000 թվականին Քեմփ Դեյվիդում կայացած բանակցությունների ընթացքում Պաղեստինի ինքնավարության ղեկավար Յասիր Արաֆաթն ու Իսրայելի վարչապետ Էհուդ Բարաքը մոտ էին Երուսաղեմի կարգավիճակի հստակեցմանը, սակայն այդ բանակցությունների տապալումը հանգեցրեց նոր բախումների և այսպես կոչված երկրորդ Ինթիֆադայի` ապստամբության մեկնարկին: Այսօր արդեն Միացյալ Նահանգների նախագահը համոզված է` միջազգային հանրությունը պետք է հաշվի նստի Երուսաղեմում ստեղծված դե ֆակտո կացության հետ:
«Այսօր մենք վերջապես ճանաչեցինք ակնհայտ իրողությունները` Երուսաղեմը Ւսրայելի մայրաքաղաքն է: Սա ընդամենը առկա իրողությունների ճանաչում է: Սա նաև ճիշտ քայլ է, որին հարկավոր էր դիմել: Այդ իսկ պատճառով ես հրահանգել եմ Պետդեպարտամենտին ձեռնամուխ լինել ամերիկյան դեսպանատան Թել Ավիվից Երուսաղեմ վերատեղակայման նախապատրաստական աշխատանքներին», - հայտարարում էր Թրամփը:
Պաշտոնական Վաշինգտոնի այս որոշմանը առաջինը արձագանքեց Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն: Նրա խոսքով՝ ամերիկացիների այս քայլին Իսրայելում երկար էին սպասել:
«Սա պատմական օր է: Երուսաղեմը հրեաների մայրաքաղաքն է եղել շուրջ 3 հազար տարի: Մենք մեր խորը երախտագիտությունն ենք հայտնում ԱՄՆ նախագահին իր համարձակ և արդարացի որոշման համար: Նախագահի որոշումը խաղաղության հաստատմանն ուղղված կարևոր քայլ է», - հայտարարում էր Նեթանյահուն:
Թրամփն ու Նեթանյահուն, սակայն, համաշխարհային առաջնորդների շրջանում թերևս միակն են, որոնց համոզմամբ՝ այս որոշումը կարող է նպաստել Մերձավոր Արևելքում խաղաղության ամրապնդմանը: Թրամփի կողմից Երուսաղեմին վերաբերող որոշման հրապարակումից հաշվված րոպեներ անց հազարավոր պաղեստինցիներ դուրս եկան ինքնավարության վարչական կենտրոն Ռամալայի փողոցներ` հակաամերիկյան կարգախոսներ վանկարկելով և օդ կրակելով:
Պաղեստինի ինքնավարության ղեկավար Մահմուդ Աբասի համոզմամբ՝ Թրամփի այս քայլով ամերիկացիները զրկվեցին բանակցություններում անաչառ միջնորդի կարգավիճակից:
«Մենք մերժում ենք այս գործողությունը` համոզված լինելով, որ այն խաղաղության ճանապարհին ստեղծված միտումնավոր խոչընդոտ է», - հայտարարում էր Աբասը:
Գազայի հատվածը վերահսկող «Համաս» շարժման ղեկավար Իսմայիլ Հանիան էլ մի քանի ժամ առաջ հնչեցրած ելույթում կոչ արեց Իսրայելի դեմ նոր՝ երրորդ ինթիֆադան սկսել:
«Համաս»-ի բոլոր անդամներն ու կառույցները պետք է պատրաստ լինեն նոր հրամանների կատարմանը: Դրանց նպատակն է Պաղեստինին, Երուսաղեմին սպառնացող ռազմավարական վտանգներին դիմակայելը: Թող դեկտեմբերի 8-ը դառնա նոր ինթիֆադայի առաջին օրը», - հայտարարում էր Հանիան:
Չսպասելով դեկտեմբերի 8-ին` հարյուրավոր պաղեստինցիներ մի քանի ժամ առաջ դուրս եկան Հորդանանի Արևմտյան ափի խոշորագույն քաղաքներից մեկի` Բեթղեհեմի փողոցներ՝ քարեր նետելով իսրայելցի զինվորականների ուղղությամբ:
Այն, որ Դոնալդ Թրամփի որոշման հետևանքով իրադրությունը Մերձավոր Արևելքում սրվելու է, երեկ երեկոյան Ալժիրում զգուշացնում էր նաև Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը:
«Սա ցավալի որոշում է, որին Ֆրանսիան չի աջակցում: Այն հակասում է միջազգային օրենքներին և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերին: Երուսաղեմի կարգավիճակը պետք է որոշեն իսրայելցիներն ու պաղեստինցիները` ՄԱԿ-ի հովանու ներքո ընթացող բանակցությունների միջոցով: Ցանկանում եմ հիշեցնել, որ Ֆրանսիան և ողջ Եվրոպան շարունակում են հավատարիմ մնալ կարգավորման «Երկու պետությունների» բանաձևին, որի շրջանակներում երկու ժողովուրդները կապրեն խաղաղ և անվտանգ`միջազգայնորեն ճանաչված սահմաններում, և Երուսաղեմը կհանդիսանա այդ երկու պետությունների մայրաքաղաքը», - հայտարարում էր Մակրոնը: