Մատչելիության հղումներ

Ձնամաքրման աշխատանքներն իրականացվել են մինչև լուսաբաց. Երևանի քաղաքապետարան


Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 6-ի երեկոյան մայրաքաղաքում սկսված ձյան տեղումներին զուգահեռ` Երևանի բոլոր վարչական շրջաններում մեկնարկել և ողջ գիշեր շարունակվել են փողոցների և մայթերի, ավելի ուշ նաև դեպի միջբակային տարածքներ տանող ճանապարհների ձյան մաքրման աշխատանքները:

Ըստ հաղորդագրության, «Սանիթեք» ընկերության և համապատասխան այլ ծառայությունների մեքենամեխանիզմներից բացի, աշխատանքներում ներգրավված են եղել նաև վարչական շրջանների համապատասխան ծառայությունների և համատիրությունների աշխատակիցները: Համեմատաբար ավելի առատ տեղումներ են եղել մայրաքաղաքի բարձրադիր վարչական շրջաններում:

Քաղաքապետարանը նշում է, որ ձնամաքրմանը զուգահեռ իրականացվել են նաև փողոցներն աղի և ավազի խառնուրդով մշակելու աշխատանքներ՝ մերկասառույցի հնարավոր առաջացումը կանխելու նպատակով: Վերոնշյալ բոլոր աշխատանքները շարունակվել են մինչև լուսաբաց:

«Գործընթացը տեղերում վերահսկել են վարչական շրջանների ղեկավարները, իսկ ընդհանուր աշխատանքների համակարգումը կատարվել է Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության ու հատուկ օպերատիվ շտաբի կողմից», - ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG