Մատչելիության հղումներ

«Փլատակների տակ անցկացրած ժամերը երբեք չեն ջնջվի հիշողությունից». երկրաշարժի 29-րդ տարելիցն է


Մարինե Նուռոյան, Գյումրի, դեկտեմբեր, 1988թ.

Երկրաշարժից մեկուկես օր անց փլատակներից փրկված կնոջ ու երեք երեխաների նկարը կարճ ժամանակ անց հայտնվեց միջազգային հեղինակավոր թերթերի առաջին էջերին:

Մարինե Նուռոյանը չէր էլ պատկերացնում, որ պատահական արված լուսանկարը կարող է 88-ի աղետի խորհրդանիշը դառնալ: Արցունքները հազիվ զսպելով՝ ասում է՝ փլատակների տակ անցկացրած ժամերը երբեք չեն ջնջվի հիշողությունից:

«Էդ գիշերն անցավ... շատ ցավոտ գիշեր էր, պատկերացրեք՝ պառկած ես սուր-սուր քարերի վրա, ծակռտեն գը, ոտքերս չեմ զգա, չեմ էլ մտածե, էրեխես դոշիս՝ «մամ, չիշիկ ունիմ», ի՞նչ էնեմ, ճարս ի՞նչ։ Էդպես սաղ վրես, կդողացնես, ցուրտը կսեղմե, դեկտեմբեր ամիսն է։ Էդպես անցավ, երկրորդ օրը, ամուսինս պատմեց, թե տանկեր, տրակտորներ են բերել, քաշելու էդ բաները, հանեցին դուրս, ոտաբոբիկ եմ, տան շորերով, բերին վրաս բան գցեցին, հորեղբայրս իրա կոշիկները հանեց, հագցրեց։ Ընդհանրապես քնել չէի կարող, ինձ անընդհատ կթվար, թե գետինը կշարժվի, անհնար է մոռանալ։ Սուտ է, որ կըսեն՝ տարիները բան կենեն, չէ, չի մոռացվի», - «Ազատության» հետ զրույցում պատմեց Նուռոյանը։

Նրա ընտանիքին երկրաշարժից հետո ավստրիացիներն են փնտրում ու գտնում և առաջինը նրան են հանձնում Գյումրիի ծայրամասում կառուցված Ավստրիական թաղամասի առաջին բնակարանը։ «Եկան դոմիկների մեջը գտան մեզի։ «Կուրիեր» թերթի խմբագիրն ասեց, որ էդ նկարով հանգանակություն են արել էս թաղամասի շինարարության համար, ժողովուրդը խնդրել է, որ հենց սկսեն շինարարությունը, անպայման էս ընտանիքին տուն տան։ Դե եկան, գտան իրանք, ասացին, որ տուն կուտան, չէինք հավատա սկզբից», - ասաց Նուռոյանը։

Կարճ ժամանակ անց Մարինեն տղա երեխա է ունենում: Ասում է՝ կյանքը շարունակվում է. - «Կյանքը շարունակվում է, երկրաշարժից հետո տղա ունեցա, տղաս 22 տարեկան է, ինքը փայտի փորագրություն սովորեց ուսումնարանում։ Հիմա էլ դուրս է գնացել»։

Մարինեն կրկին լուսանկարի հերոս դարձավ երկրաշարժից 20 տարի անց: Միացյալ Նահանգների դեսպանատան կողմից կազմակերպված ցուցահանդեսում այս անգամ 88-ին արված լուսանկարի կողքին հայտնվել էր նորը՝ Մարինեն արդեն թոռնիկների հետ էր:

Երկրաշարժից 29 տարի անց Գյումրիում դեռևս հազարավոր ընտանիքներ շարունակում են ապրել տնակներում: Թեև պետությունն անօթևան ընտանիքների նկատմամբ իր պարտավորությունն ավարտված է համարում, բայց խնդիրը վերջնականապես լուծված չէ: Հերթացուցակում դեռ 700-ից ավելի ընտանիք կա, բայց նրանց հարցն օրակարգում չէ:

«Այս 700 ընտանիքները դեռևս հույսեր են փայփայում, որ մի օր կարող են հանդիսանալ շահառուներ։ Ճիշտ է, պետության պարտավորությունները, կառավարության որոշմամբ, համարվել են դադարեցված, սակայն այս ընտանիքները շարունակում են մնալ Գյումրու քաղաքապետարանի՝ երկրաշարժից անօթևան ընտանիքների հերթացուցակում», - «Ազատության» հետ զրույցում ասաց Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Ալբերտ Մարգարյանը:

Ալբերտ Մարգարյան
Ալբերտ Մարգարյան

88-ի երկրաշարժին Գյումրիում ավերվել է 20 հազար 612 բնակարան, ևս 3 հազար 547-ը դարձել է վթարային: Խորհրդային Միության վերջին տարիներին աղետից մեծապես ավերված քաղաքում կառուցվեց 4 հազար 500 շենք: 29 տարիների ընթացքում Գյումրիում տարբեր ֆինանսական աղբյուրներով բնակարանով ապահովվել է 21 հազար 185 ընտանիք:

Բնակարաններով ապահովման հարցում ամենամեծ ծրագիրը ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության «Բնակարանների գնման վկայագիր» ծրագիրն էր. շուրջ 5 հազար ընտանիք բնակարանատեր դարձավ:

Գյումրին կառուցապատվեց հիմնականում Լինսի հիմնադրամի ծավալած շինարարության արդյունքում, շուրջ 3 հազար բնակարան նաև ամերիկյան Կարմիր Խաչի կողմից կառուցվեց:

Պետական բյուջեով կառուցվել է 5 հազար 600 բնակարան և տրամադրվել է 1054 բնակարանի գնման վկայագիր: Համաշխարհային բանկի, «Հայաստան» համահայկական հիմնադրամի, ամերիկացի բարերար Ջոն Հանթսմանի կողմից ևս բնակարաններ են կառուցվել Գյումրիում: Բայց տարբեր հաշվարկներով տնակներում դեռ շարունակում է 3 հազարից 3 հազար 500 ընտանիք ապրել:

«Գյումրին առանց տնակների» հիմնադրամը շրջել է քաղաքի տնակային ավաններում ու մեկ առ մեկ հաշվառել առկա տնակները: Ըստ այդմ, Գյումրիում կա 2 հազար 983 տնակ, որից բնակեցված է 2 հազար 399-ը:

Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանն ասում է․ - «Պետք է հասկանանք, թե տնակներում մարդիկ ինչպես են հայտնվել։ Այսինքն՝ եթե մեկն ապրում է Գյումրիի կողքի գյուղերից ինչ-որ մի տեղ և երեք տարի առաջ եկել է, Գյումրում առել է տնակ, իսկ այդ տնակից ինչ-որ մեկը բնակարան է ստացել, ապա ակնկալել, որ պետությունը էդ գյուղ եկած, էդտեղ ապրողի համար պետք է բնակարանային կարիք հոգա, արդյո՞ք դա ազնիվ ակնկալիք է պետության նկատմամբ։ Կամ, եթե մեծ ընտանիք է եղել՝ հինգ եղբայր են եղել, ժամանակին ապրել են երեք սենյականոց բնակարանում, պետությունը չորս է տվել, բայց հիմա այդ հինգ եղբայրն՝ ամեն մեկը երեք սենյակ է ուզում, արդյո՞ք պետությունը մեկ կորցրած երեք սենյակի դիմաց պետք է 15 սենյակ տա»։

Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյան
Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյան

Գյումրիի համայնքային 3 միլիարդ դրամանոց բյուջեով բնակարանային խնդիր չի կարող լուծվել: Հարցին, թե ի՞նչ տարբերակ է տեսնում քաղաքը տնակներից ազատելու հարցում, Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը պատասխանեց. - «Օրինակ՝ կարող ենք տնակի տակի հողը տրամադրել մարդուն, մարդը հիփոթեքային վարկով իրեն բնակարան կառուցի»։

Գյումրիի ավագանու անդամներից Լևոն Բարսեղյանը կարծում է, որ պետության համար 3 հազար ընտանիքի բնակարանով ապահովելու հարցը մեծ բեռ չէ: Նա նշում է, որ ցանկության դեպքում խնդիրը հնարավոր է 4 տարում լուծել, պահանջվող մոտավոր գումարն էլ հաշվել են. - «Անօթևանության խնդիրը Գյումրիում լուծելու համար հարկավոր է 35-40 միլիոն դոլար։ Սա պետական բյուջեի 1.2-1.3 տոկոսն է, և չորս տարվա վրա բաշխելով՝ տարեկան 0.3 տոկոսի ներդրմամբ կամ տարեկան 8-10 միլիոն դրամի ներդրմամբ, անօթևանության խնդիրը հիմնովին կարելի է լուծել Գյումրիում»։

Լևոն Բարսեղյան, արխիվ
Լևոն Բարսեղյան, արխիվ

Եթե տնակներում ապրողների խնդիրը չի լուծվում, ապա աղքատությունն ու թշվառությունն այդ ընտանիքներում ավելի է խորանում, համոզված է Շիրակ կենտրոնի ղեկավար Վահան Թումասյանը: Նրա ղեկավարած հասարակական կազմակերպությունն արդեն մի քանի տարի է ամերիկահայ բարերարների օգնությամբ վառելափայտ է բաժանում տնակներում ապրողներին:

«Եթե նախորդ տարի մեր դիտարկումները ցույց տվեցին, որ մոտավորապես 15-ից 20 տոկոսն են կարողացել ձմռան վառելիքի խնդիրը լուծել, այս տարի 2-3 տոկոսն ենք հանդիպել։ Այսինքն՝ աղքատությունը խորացել է», - ասաց Թումասյանը։

Տնակներում ապրող ընտանիքները հիմա սպասում են, թե ով է թակելու իրենց դուռն ու ասելու՝ բնակարան եմ նվիրում:

Անդրանիկ Մշկլյանի ընտանիքին «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի բարերարներից Սոս Սահակյանը երեք սենյականոց բնակարան նվիրեց: Մոտ 20 քառակուսի մետրանոց երկաթե տնակում 5 հոգով բնակվող ընտանիքը չէր հավատում, որ բնակարանատեր է դառնում. - «Մենք տեղյակ չէինք, որ մեզ տուն կտան։ Մենք հույս չունեինք»։

Հաջորդ տարի՝ երկրաշարժի 30-րդ տարելիցին հիմնադրամը նախատեսում է հեռուստամարաթոն անցկացնել՝ մինչև դեկտեմբերի 7-ը փորձելով Գյումրին ազատել տնակներից:

Գյումրի, դեկտեմբեր, 1988թ.
Գյումրի, դեկտեմբեր, 1988թ.

1988 թվականի դեկտեմբերի 7-ին ժամը 11:41 Ռիխտերի սանդղակով 9 բալլ ուժգնությամբ ստորգետնյա ցնցումները մեծ ավերածություններ պատճառեցին Հայաստանի հյուսիսային հատվածում՝ Սպիտակ, Լենինական (այժմ՝ Գյումրի), Կիրովական (այժմ՝ Վանաձոր), Ստեփանավան քաղաքներում, բազմաթիվ այլ բնակավայրերում:

Երկրաշարժը, ըստ պաշտոնական տվյալների, խլեց 25 հազար կյանք, հարյուր հազարավոր մարդիկ մնացին անօթևան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG