Մատչելիության հղումներ

«Ելք»-ը 2018-ի բյուջեի նախագիծն «աղքատացման նախագիծ» է որակում


2018-ի բյուջեի նախագիծը աղքատացման, սոցիալական վիճակը վատթարացնող նախագիծ է, «Ազատության» հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Ելք» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը։

Ընդդիմադիր պատգամավորը պարզաբանում է՝ առնվազն բյուջեով նախատեսվում է գնաճ մինչև 4 տոկոս, իսկ բոլոր այն դեպքերում, երբ պաշտոնական փաստաթղթերում մի քանի տոկոսի մասին է խոսվում, Հայաստանում տասնյակ տոկոսներով գնաճ է լինում։

«Օրինակ՝ այս տարի մենք ունենք, պաշտոնական տվյալներով, կարագի գնի մոտ 41 տոկոս աճ, եթե չեմ սխալվում, այն դեպքում, երբ ես հարցում էի կատարել կառավարություն, և հենց իրենց տված տվյալներով՝ ներմուծվող կարագի գինը սահմանի վրա բարձրացել է մոտ 30 տոկոսով, ընդ որում, եթե 16 թվականի մի ժամանակահատվածի համեմատ մենք նայենք կարագի գնի աճը, կարագի գինը մոտ 90 տոկոսով է աճել։ Մենք ունենք հստակ գնաճ, որը բնավ 4 տոկոս չի լինելու, և արդեն իսկ սկսել է այդ գնաճը», - «Ազատության» հետ զրույցում ասաց Գորգիսյանը՝ շարունակելով. - «Մենք ունենք հարկային բեռի ավելացում, բոլոր քաղաքացիների վրա, ովքեր 150 հազարից ավել աշխատավարձ են ստանում, կեղտոտ աշխատավարձի մասին է խոսքը, հարկային բեռի ավելացում է լինելու 4-10 տոկոս՝ կախված աշխատավարձի չափից, մենք ունենք ակցիզային հարկի փոփոխություն, որը կրկին անդրադառնալու է ամեն ինչի գնի վրա՝ գազի, բենզինի, խմիչքի, ծխախոտի, դեղորայքի, և այս ամենը բերելու է առնվազն գազ, բենզին ինքնարժեքի բարձրացում»։

Ընդդիմադիր պատգամավորը նշում է՝ 2018-ին սպասվում է նաև կենսաթոշակային պարտադիր բաղադրիչի կիրառում, իսկ սրա հետ մեկտեղ, ըստ Գորգիսյանի, որևէ տեղ չի նախատեսվում սոցիալապես ամենախոցելի խավի՝ թոշակառուների, պետաշխատողների, բյուջետային հիմնարկներում աշխատողների որևէ աշխատավարձի բարձրացում։ «Այսինքն՝ մեզ սպասելու է լուրջ ճգնաժամ», - ասաց Գորգիսյանը։

Նշենք, որ բյուջեի նախագծի քվեարկությունը Ազգային ժողովում տեղի կունենա ուրբաթ օրը։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG