Այսօր ժամը 9:30-ի դրությամբ Հայաստանի տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ, տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն՝ դժվարանցանելի են Մ-11 ավտոճանապարհի Սոթք-Քարվաճառ հատվածը, Վարդենյաց լեռնանցքը և Ջաջուռի լեռնանցքը: Ապարան-Ծիլքար, Թալին-Լանջիկ, Վանաձոր-Ստեփանավան, Նոյեմբերյան-Կիրանց ավտոճանապարհներին, Սպիտակի և Դիլիջանի ոլորաններում և Գեղարքունիքի մարզում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Սյունիքի մարզում, Վայոց ձորի մարզի Վայք, Ջերմուկ քաղաքներում տեղում է ձյուն:
ԱԻՆ-ը վարորդներին հորդորում է մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Վրաստանի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների և 30-ից ավելի նստատեղ ունեցող տրանսպորտային միջոցների համար, փոխանցում է Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը:
ԱԻՆ-ը տեղեկացնում է նաև, որ այսօր կեսօրից հետո ցիկլոնը կկորցնի իր ուժը, տեղումներն աստիճանաբար կդադարեն, դրանք կպահպանվեն միայն Վայոց ձորում, Սյունիքում և Լեռնային Ղարաբաղում։ Վաղը կրկին Հայաստանի շրջանների զգալի մասում կտեղա թույլ ձյուն։ Դեկտեմբերի 9-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: