Մատչելիության հղումներ

Գյումրիում տնակների առկայությունն այսօր «գյումրեցիների խարանն է»


Միքայել եպիսկոպոս Աջապահյան

Սպիտակի երկրաշարժից 29 տարի անց պետությունը դեռ ամբողջությամբ չի լուծել աղետից տուժած քաղաքացիների բնակարանի հարցը։

1988 թվականից մինչև 2008-ը տարբեր, այդ թվում՝ պետության մասնակցությամբ ծրագրերով բնակարան է հատկացվել 60 հազար ընտանիքի, իսկ 2008-ից մեկարկած պետական ծրագրով մինչև այսօր բնակարան է ստացել 4839 ընտանիք, չլուծված է մնացել 542-ի հարցը։

Քաղաքաշինության պետական կոմիտեի ներկայացուցիչ Տանյա Արզումանյանն այսօր տեղեկացրեց, որ Կառավարությունն այս տարի բնակարանային ապահովման պետական ծրագրով ավարտին է հասցրել քաղաքային բնակավայրերի շահառուների խնդիրը։ Իսկ մինչև 2020 թվականը պետք է լուծի 542-ի հարցը, որոնք բացառապես գյուղական համայնքներից են․ - «Ամբողջական պարտավորությունների ավարտը Կառավարության այս տարվա ընդունված ծրագրով նախատեսվել է 2020 թվականը: Իհարկե դա առավելագույն ժամկետն է․ ամեն ինչ արվում է ֆինանսական միջոցներ ներգրավելու ուղղությամբ, որը հնարավորություն կտա միգուցե խնդիրը ավելի շուտ լուծման հասցնել գյուղական բնակավայրերում»:

Այս խնդրի լուծման համար 2018 թվականի բյուջեով հատկացվելու է մոտ կես միլիարդ դրամ։ Ըստ պաշտոնյայի, ամենամեծ թվով շահառուները Լոռու մարզից են, դրան հաջորդում է Շիրակը, ապա Արագածոտնը։

Սրանով, սակայն, 88-ից հետո առաջացած անօթևանության խնդիրը լուծված համար չի կարելի․ մարզային իշխանությունների տվյալներով, Արզումանյանի փոխանցմամբ, ևս մոտ 4000 ընտանիք շարունակում է ապրել տնակային ավաններում։

Նա տեղեկացրեց, որ թվերը հստակեցնելու համար կառավարությունը նախատեսել է քարտեզագրել աղետի գոտու տնակները․ - «Պետք է հասկանալ, թե էդ ընտանիքները ինչ խնդիրներ ունեն, տարանջատել ըստ խնդիրների, բաժանել պետության, համայնքի և քաղաքացու պարտականությունները և անցնել առաջ: Դա այս ծրագրին չի վերաբերում: Դա՝ ովքեր այս ծրագրի շահառու չեն հանդիսացել»:

Հստակ չէ, թե երբ կլուծվի պետական ծրագրից դուրս մնացած, բայց դեռևս տնակներում ապրող մյուս քաղաքացիների հարցը: Արզումանյանն ասաց, որ միայն փաստագրումը ցույց կտա իրական պահանջարկն ու դրա համար անհրաժեշտ ֆինանասական միջոցները:

Ու մինչև պետությունը հաշվարկ սկսի, Գյումրում տնակային ավաններում ապրողներին հաշվառել է «Գյումրին առանց տնակների» հիմնադրամը։ Մեկ տարվա աշխատանքի արդյունքը ներկայացվել է այսօր։

«Այս պահին մեր քաղաքում, ցավոք սրտի, դեռևս առկա է 2983 տնակ և 2399 բնակեցված տնակներ․ 584-ում մարդիկ չեն բնակվում», - նշել է հիմնադրամի նախագահ Ղարիբ Հարությունյանը:

Ոչ շատ, բայց 104-ով տնակների թիվը Գյումրիում պակասել է նաև այս հիմնադրամի շնորհիվ։ Գործունեության 2 տարվա ընթացքում 26 ընտանիք սոցիալական բնակարան է ստացել նվիրատվությունների շնորհիվ։

Այսօվանից ձմեռը տաք կացարանում կդիմավորի ևս մեկ ընտանիք։

Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը, անդրադառնալով անօթևանության խնդրին, շեշտում է, որ Գյումրիում մինչև այսօր տնակների առկայությունը գյումրեցիների մեղքն է․ - «Սա մեր խարանն է, գյումրեցիներս խարանն է, գյումրեցիներիս մեղքն է: Որ փոխանակ օր առաջ ազատվեինք այս խայտառակությունից, ցանկացել ենք ձեռքերը տաքացնել այս խայտառակության վրա, հավելյալ փող ստանալ, հավելյալ օգուտ ունենալ: Ես անուններ չեմ տալու: Ո՛չ առաջ եմ տվել, ո՛չ հիմա եմ տալիս, ո՛չ հետո եմ տալու: Բայց Աստված գիտի բոլոր մեղավորների անունները»:

Թեմի առաջնորդը վստահ է, որ տնակային ավաններում ապրող մարդկանց իրական պատկերը հնարավոր էր պարզել ավելի վաղ՝ չսպասելով 29 տարի։ Նա հանդիմանեց գյումրիցներին՝ նշելով․ - «Մեզ ձեռք է տալիս, որ ամեն մարդ իր բոստանը ջրի, իսկ քաղաքի բոստանը մնա անջուր»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG