Մատչելիության հղումներ

ԵՏՄ շուկան Հայաստանի համար այսօր անփոխարինելի է. Սամվել Նիկոյան


Եվրասիական տնտեսական շուկան Հայաստանի համար այսօր անփոխարինելի է, «Ազատության» հետ զրույցում ասաց Ազգային ժողովի նախկին նախագահ, Հանրապետական խմբակցության պատգամավոր Սամվել Նիկոյանը՝ նշելով՝ «այլ շուկա մեր ապրանքներով մենք չենք կարող մուտք գործել»։

Հարցին, թե Հայաստանն ի՞նչ է սպասում Եվրոպայից և ի՞նչ՝ Եվրասիական տնտեսական միությունից, ՀՀԿ-ական պատգամավորը պատասխանեց. - «Տնտեսական ակնկալիքը Եվրասիական տնտեսական միությունից, իհարկե, համար առաջին գործոնն է։ Տնտեսական միություն` դա նշանակում է, որ հիմնական միավորողը տնտեսական հարաբերություններն են։ Մեր ապրանքները մեծ հնարավորությամբ կարող են Եվրասիական տնտեսական շուկա մուտք գործել։ Արևմուտքի շուկա մտնելու համար այնքան խիստ պայմաններ կան, որ մեր ապրանքները գրեթե այնտեղ չեն կարող մտնել։ Եվրամիության շուկա մենք արտահանում ենք հիմնականում հումք։ Հումքի համար այնտեղ բավականին դյուրին պայմաններ են ստեղծված, որ հումքը կարողանաս արտահանել, մենք դա անում ենք։ Մնացած ապրանքները մենք չենք կարող արտահանել։ Այդ իսկ պատճառով Եվրասիական տնտեսական շուկան մեզ համար անփոխարինելի է այսօր, այլ շուկա մեր ապրանքներով մենք այս պահին չենք կարող մուտք գործել»։

Նիկոյանը նաև հիշեցրեց՝ Հայաստանը ՀԱՊԿ-ի անդամ է, իսկ դա, ըստ պատգամավորի, անվտանգության բաղադրիչն է. - «Չես կարող անվտանգության բաղադրիչով լինել մի տեղ, տնտեսականով՝ մեկ այլ տեղ, դա չի կարող լինել»։

Հայաստանը, ըստ պատգամավորի, Եվրամիության հետ լրացնում է այն բացը, որ չի կարող իրականացնել Եվրասիական տնտեսական միության հետ։

«Դատաիրավական բարեփոխումները, որ մեր պետության առջև կանգնած համար առաջին խնդիրն են, խոստովանում ենք բոլորս՝ սկսած պետության ղեկավարից, մինչև շարքային քաղաքացին։ Ի՞նչ եք կարծում, այն համակարգում, որ մենք կանք, դա կարո՞ղ ենք լուծել հաջողությամբ։ Կարծում եմ, շատ ավելի հաջողությամբ մենք դա կլուծենք Արևմուտքի հետ, ինչը մենք փորձում ենք անել։ Եվ մնացած շատ-շատ հարցեր, մեր կարծիքով, շատ ավելի լավ կարող ենք Եվրամիության հետ լուծել, որը ուսանելի կլինի նաև Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների համար, եթե նրանք ցանկանան գնալ այդ ճանապարհով։ Իհարկե, մեզ համար բարդ է, որովհետև մենք միակն ենք Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներից, որ ունենք համաձայնագիր Եվրամիության հետ։ Դա բա՞րդ ճանապարհ է՝ իհարկե, դա բարդ ճանապարհ է, բայց մենք տեսնում ենք դրա անհրաժեշտությունը, և նպատակաուղղված գնալո՞ւ ենք այդ ճանապարհով, կարծում եմ՝ այո՛», - ասաց Նիկոյանը։

Հիշեցնենք՝ Ասոցացման համաձայնագրի շուրջ ավելի քան երեք տարի Եվրամիության հետ բանակցելուց հետո, 2013 թվականի սեպտեմբերին, Հայաստանը հայտարարեց Մաքսային միությանը, ապա՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու որոշման մասին։ Տարիներ անց Հայաստանը և Եվրամիությունը հարաբերությունները խորացնելու համար նախաստորագրեցին մեկ այլ՝ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, որը ստորագրվեց այս տարվա նոյեմբերի 24-ին Բրյուսելում՝ Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակում։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG