Մատչելիության հղումներ

Խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի զեկույցը բավական խիստ էր. մեդիա փորձագետ


Խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի զեկույցը բավական խիստ էր՝ բոլոր առումներով, «Ազատության» հետ զրույցում ասաց «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության մեդիա փորձագետ Աննա Փամբուխչյանը։

«Շատ տարածված տեսակետ կա Հայաստանում, որ բոլորն ասում են՝ ԵԱՀԿ-ն էլի եկավ և ասեց, որ «մի քայլ առաջ էր»։ Այդպիսի բան էս տարի չի եղել։ Վստահաբար, այս անգամ ավելի շատ քննադատություն է եղել, քան դրական կետերին անդրադարձ՝ քարոզչության գործընթացում, վարչական օրգանների գործընթացում և այլն», - ասաց Փամբուխչյանը, ընդգծելով՝ այս ընտրությունները, բնականաբար, մեկ քայլ առաջ չէին։

«Վերջին մի երկու տարում, բացի ԵԱՀԿ-ի զեկույցից, մի շարք այլ միջազգային կազմակերպություններ ևս արձանագրում են, որ մենք հետ ենք գնում ժողովրդավարության առումով, և դա իրոք լուրջ խնդիր է։ Օրինակ, բրիտանական The Economist Intelligence Unit կազմակերպությունն անցած տարի 2016-ի համար նշել էր, որ մենք արդեն կիսաավտորիտարից անցել ենք ավտորիտար համակարգի, ԵԱՀԿ-ի զեկույցն էլ, ինչպես արդեն նշեցի, ինքը բավականին տարբերվում է նախորդներից իր խստությամբ։ Սա նշանակում է՝ մենք հետ ենք գնում», - ասաց մեդիա փորձագետը։

Հիշեցնեն՝ ապրիլի 2-ին կայացած ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացրած կառույցը շաբաթ օրը ամփոփիչ զեկույց հրապարակեց, որում մասնավորապես ընդգծվում է, որ ընտրակաշառքի ու ընտրողների նկատմամբ ճնշումների մասին վստահելի տեղեկությունները ստվերել են այս տարվա խորհրդարանական ընտրությունների ընթացքը։

«Չնայած դրական գնահատականի արժանացած օրենսդրական բարեփոխումներին և ընտրախախտումները նվազեցնելու նպատակով նոր տեխնոլոգիաների կիրառմանը՝ ընտրակաշառքի, քաղծառայողների և մասնավոր ընկերությունների աշխատակիցների նկատմամբ ճնշումների մասին վստահելի տեղեկատվությունը ստվերել է ընտրությունների ընթացքը», - ասված է զեկույցում։

Աննա Փամբուխչյան​ի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG