Մատչելիության հղումներ

Համաձայնագիրը կարող է շոշափելի արդյունքների հանգեցնել տնտեսական աճի տեսակետից. ԵՄ դեսպան


Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկու համոզմամբ՝ Հայաստան-Եվրամիություն նոր ստորագրված համաձայնագիրը կարող է շոշափելի արդյունքների հանգեցնել տնտեսական աճի տեսակետից։

Ըստ դեսպանի, համաձայնագիրը, որը նախատեսում է շատ կոնկրետ պարտավորություններ այնպիսի ոլորտներում, ինչպիսին են էներգետիկայի, տրանսպորտի ոլորտները, կօգնի այս շուկաների ազատականացմանը, որը կրկին կհանգեցնի գների նվազմանը։

«Ազատության» «Կիրակնօրյա վերլուծականի» հետ ԵՄ դեսպանի բացառիկ հարցազրույցն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․

«Ազատություն». - Պարոն դեսպան, նախ թույլ տվեք շնորհավորել Ձեզ Հայաստանի հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրման կապակցությամբ։ Ես գիտեմ, որ Դուք մեծ եռանդ և ջանքեր եք գործադրել այս համաձայնագրի կնքման համար։ Նոյեմբերի 24-ը շատ լավ օր էր ոչ միայն Ձեզ համար, այլ նաև Հայաստանի եվրոպական նկրտումների և այն մարդկանց համար, ովքեր ցանկանում են, որ Հայաստանը ավելի մոտենա Եվրոպային։ Թույլ տվեք սկսել հետևյալ հարցից. արդյո՞ք հայաստանցիները իրենց մաշկի վրա կզգան այս համաձայնագրի դրական ազդեցությունը։ Ձեր վերջին մամուլի ասուլիսում Դուք հայտարարեցիք, որ Հայաստանի քաղաքացիները օգուտներ կստանան համաձայնագրից։ Կարո՞ղ եք բացատրել, թե դա կոնկրետ ինչ դրսևորումներ կունենա և ինչ դրական արդյունքներ կարող են դրանից ակնկալել հայաստանցիները։

Սվիտալսկի. - Նախ թույլ տվեք շնորհակալություն հայտնել հարցազրույցի հրավերի համար։ Շնորհակալություն Ձեր շնորհավորանքների համար։ Սա իսկապես նշանակալի օր է, օր, որը պետք է միասին տոնենք, քանի որ, ես Ձեզ հետ համաձայն եմ, սա իսկապես շատ կարևոր է հայաստանցիների համար, կարևոր է նաև Եվրոպական միության համար, և այս հաջողությունը հնարավոր դարձավ երկկողմանի ջանքերի շնորհիվ։ Այնպես որ՝ սա մեր միացյալ հաջողությունն է։ Ես հույս ունեմ, որ հնարավոր կլինի այս փաստաթուղթը կյանքի կոչել իրական քայլերով, որպեսզի հայաստանցիները զգան սրա օգուտները։ Դուք հարցրեցիք դրական արդյունքների մասին։ Սկսենք տնտեսությունից, քանի որ ես կարծում եմ, որ հայաստանցիների մեծամասնությանը մտահոգում են երկրի տնտեսական աճի հեռանկարները, նրանք կցանկանային, որպեսզի երկրում ավելի շատ աշխատատեղեր ստեղծվեն և ավելի շատ հնարավորություններ ստեղծվեն բիզնեսի համար։ Այս համաձայնագիրը կարող է շոշափելի արդյունքների հանգեցնել տնտեսական աճի տեսակետից։

Նախևառաջ, այս համաձայնագիրը Հայաստանին հնարավորություն է տալիս որդեգրել Եվրոպական միության նորմատիվ-իրավական դաշտը, որը տարածվում է այնպիսի ոլորտների վրա, ինչպիսին են սպառողների իրավունքների պաշտպանությունը, մրցակցությունը, պետական գնումները։ Այս նորմատիվ-իրավական դաշտն անկասկած կբարելավի սպառողների իրավունքների պաշտպանության իրավիճակը, այն կարող է նաև հանգեցնել ավելի արդար մրցակցության, որն իր հերթին կարող է ավելի ազատականացնել շուկան և հանգեցնել սպառողական գների նվազմանը և նոր աշխատատեղերի ստեղծմանը։ Երկրորդ՝ ես կարծում եմ, որ այս համաձայնագիրը, որը նախատեսում է շատ կոնկրետ պարտավորություններ այնպիսի ոլորտներում, ինչպիսին են էներգետիկայի, տրանսպորտի ոլորտները, կօգնի այս շուկաների ազատականացմանը, որը կրկին կհանգեցնի գների նվազմանը։ Եվ երրորդ՝ ես մեծ հույսեր ունեմ, որ այս համաձայնագիրը կխրախուսի եվրոպական գործարարների մուտքը Հայաստան, և որ ավելի շատ եվրոպական ընկերություններ կցանկանան առևտրային կապեր հաստատել Հայաստանի հետ, միևնույն ժամանակ՝ ավելի շատ հայկական ընկերությունները շահավետ գործարար կապեր կհաստատեն Եվրոպայի հետ։

Եկեք անկեղծ լինենք՝ ակնհայտ է, որ այս դրական արդյունքները մեկ-երկու օրում տեղի չեն ունենա։ Բայց համաձայնագրի նպատակային իրականացման, փաստաթղթով նախատեսված բարեփոխումների շարունակական իրականացման արդյունքում, կարծում եմ, որ ժամանակի հետ հասարակ հայաստանցիները կզգան այս տիպի տնտեսական արդյունքները։

Նշեմ, որ համաձայնագրում ներառված այլ ոլորտները նույնպես շատ կարևոր են։ Օրինակի համար՝ վերցնենք մարդու իրավունքների, օրենքի գերակայության, արդարադատության և ժողովրդավարության կարևորագույն ոլորտը։ Այս փաստաթուղթը ծառայում է որպես բարեփոխումների խորացման շարժիչ։ Եվ ես կարծում եմ, որ Հայաստանի ցանկացած քաղաքացու համար ժողովրդավարության ավելի բարձր մակարդակը, ավելի անկախ արդարադատության համակարգը, օրենքի գերակայությունն ու կոռուպցիայի ցածր մակարդակը և այս բարեփոխումների իրականացման հետ կապված այլ դրական արդյունքները կարող են միայն օգտակար լինել։ Այնպես որ, ես չեմ ուզում չափից ավելի լավատես երևալ, բայց ես մեծ հնարավորություններ եմ տեսնում, որոնք, վստահ եմ, հասարակ հայաստանցիները բարձր կգնահատեն։

«Ազատություն». - Պարոն դեսպան, ինչպես Դուք նշեցիք, այս համաձայնագիրը պարունակում է մի շարք խիստ ձևակերպումներ օրենքի գերակայության և ժողովրդավարական հաստատությունների ամրապնդման վերաբերյալ։ Արդյո՞ք դա կարող է կյանքի կոչվել, եթե չլինի վերահսկողության ուժեղ մեխանիզմ։ Նկատի ունեմ՝ այստեղ կիրառվո՞ւմ է «ճիպոտի ու նրբաբլիթի» մեխանիզմը, նախատեսվա՞ծ են լծակներ, որոնք կապահովեն բարեփոխումների իրականացումը։

Սվիտալսկի. - Այս համաձայնագիրը ենթակա է պարբերական վերանայման։ Մենք, որպես Եվրոպական միություն, հնարավորություն կունենանք քննարկելու մեր հայաստանյան գործընկերների հետ այս համաձայնագրի իրականացումը, և այս քննարկումների, երկխոսության համար նախատեսված մեխանիզմ կա, որը ներառված է համաձայնագրում։ Ավելին՝ մենք կունենանք առանձին ձևաչափ քաղաքացիական հասարակությանը, այդ թվում՝ լրատվամիջոցներին ներգրավելու այս համաձայնագրի իրականացման մասին քննարկումներում։ Սա շատ կարևոր է։ Մենք պետք է լավ բանաձև մշակենք քաղաքացիական հասարակությանը ներգրավելու համար։ Եվրոպական միությունը բաց է այս համաձայնագրի իրականացման շուրջ քննարկումներում քաղաքացիական հասարակության, հասարակ քաղաքացիների ներգրավման համար։ Ես խրախուսում եմ Ձեր՝ լրատվամիջոցների ներկայացուցիչների մասնակցությունը, հղե'ք մեզ Ձեր ահազանգերը։ Վստահ եմ, որ այս համաձայնագիրը հիմք է ծառայելու մեր երկկողմ հարաբերությունների համար երկար տարիներ, և մենք կունենանք արդյունավետ գործընթաց, որը թույլ կտա դրա իրականացման յուրաքանչյուր հանգրվանի վերանայել դրա ընթացքը և գնահատել դրա իրական արդյունքները։

Այս համագործակցությունը գործընկերային բնույթ ունի։ Մենք կկարողանանք արտահայտել մեր գնահատականն ու խրախուսել դրա իրականացումը, սակայն, նույնիսկ իրավական տեսանկյունից, մենք չունենք և չենք դիտարկում տարբերակներ, երբ ինչ-որ բան այնպես չի ընթանում։ Ես կարծում եմ, որ այս համաձայնագիրը կյանքի կկոչվի բարեխղճորեն և համագործակցության ոգուն համահունչ, ճիշտ այնպես, ինչպես անցկացվեցին դրա շուրջ բանակցությունները, որովհետև ես կարծում եմ, որ դրական համագործակցությունը, համաձայնագրի ընձեռած բոլոր հնարավորություններից օգտվելը խորապես բխում է Հայաստանի և Եվրոպական միության շահերից, և մենք միասին կարող ենք ցույց տալ, որ այս համաձայնագիրն իրական, գործուն փաստաթուղթ է, որը մեր ամենօրյա համագործակցության հենասյունը կդառնա։

«Ազատություն». - Պարոն դեսպան, Հայաստանը և Եվրոպական միությունը շուտով երկխոսություն կսկսեն վիզաների ազատականացման շուրջ։ Ուկրաինայի դեպքում սրա հետ կապված հարկ եղավ ավելի քան մեկ տասնյակ նոր օրենքներ ընդունել։ Սա թերևս Եվրամիության ունեցած ամենաուժեղ լծակներից մեկն է։ Այն հիմնված է պայմանականության վրա, որը շատ կարևոր է և որն այն ավելի իրատեսական է դարձնում։ Հայաստանի իշխանությունները ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկեն վիզաների ազատականացման համար։ Եվ թույլ տվեք նաև ասել, որ երբ ես խոսեցի Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ, նա հենց վիզաների ազատականացումը մատնանշեց որպես համաձայնագրի կնքման արդյունքում Հայաստանի քաղաքացիների համար դրական արդյունք։ Սա այս համաձայնագրի շատ կարևոր բաղադրիչն է։

Սվիտալսկի. - Ես համաձայն եմ Ձեզ հետ։ Համաձայնագիրը պարունակում է շատ կոնկրետ ձևակերպումներ վիզաների ազատականացման հեռանկարների վերաբերյալ, ինչը շատ կարևոր է։ Հայաստանի քաղաքացիների ակնկալիքներն այս առումով հասկանալի են։ Թույլ տվեք վերահաստատել, որ այն ձևակերպումները, որոնք տեղ են գտել համաձայնագրում, Արևելյան գործընկերության գագաթնաժողովի եզրափակիչ հռչակագրում և 20 ակնկալվող արդյունքները, ըստ էության, ազդարարում են վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը։ Իհարկե, դա տեղի կունենա այն ժամանակ, երբ անհրաժեշտ պայմանները բավարարված կլինեն, բայց ես վստահ եմ, որ այդ ժամանակը կգա։ Ինչպես նախկինում տարբեր առիթներով արդեն ասել եմ, մենք պետք է առաջ շարժվենք՝ մեր օրակարգում ունենալով այս խնդիրը և հասկանալով, որ երբ ժամանակը գա, համապատասխան որոշումը կկայացվի։ Այնպես որ, մենք պետք է անենք անհրաժեշտ ամեն ինչ գործընթացը առաջ մղելու համար։ Այժմ Հայաստանի հետ մենք վիզաների ռեժիմի պարզեցման փուլում ենք։ Սա ենթադրում է մի շարք խիստ պրակտիկ քայլերի իրականացում, և հայկական կողմը շատ լավ է պատկերացնում, թե ինչ պետք է անել՝ աչքի առաջ ունենալով ապագայում վիզաների ազատականացման շուրջ երկխոսությունը։

Իհարկե, կա նաև այլ երկրների փորձը, որից կարելի է դասեր քաղել։ Որքան հասկանում եմ, Հայաստանի իշխանությունները ոչ-ֆորմալ երկխոսություն են վարում Ասոցացման մաս կազմող երկրների հետ, որոնք արդեն ազատ վիզային ռեժիմ ունեն, և փորձում են պարզել, թե քայլերի ինչ հերթականություն է անհրաժեշտ իրականացնել՝ վիզաների ազատականացման գործընթացը իրականացնելու համար։ Ինչպես արդեն ասացի, մենք պետք է հասկանանք, որ վիզաների ազատականացումը, առանց վիզաների ճանապարհորդելու հնարավորությունը ոչ թե իրավունք է, այլ՝ արտոնություն։ Հայ գործընկերները, հայաստանցիները պետք է ապացուցեն, որ սա իսկապես մի բան է, որն իրենք ցանկանում են, որպեսզի նրանց եվրոպացի գործընկերները հասկանան, որ վիզաների ազատականացումը հիմնվում է հայաստանցիների եվրոպական ինքնության և ուժեղ, պրոեվրոպական տրամադրությունների վրա։ Եվ ես կարծում եմ, որ ոչ հեռավոր ապագայում մենք կթևակոխենք վիզաների ազատականացման փուլ։ Եվ մենք, որպես Հայաստանում Եվրոպական միության պաշտոնյաներ, պատրաստ ենք կատարելու աշխատանքի մեր բաժինը՝ տարածել տեղեկատվություն և լավատեսություն ներշնչել մեր հայաստանյան գործընկերներին։

«Ազատություն». - Պարոն դեսպան, պայմանագրում կա այսպիսի մի տերմին՝ մոտարկում։ Օրինակ, գրված է՝ Հայաստանի օրենսդրությունը պետք է մոտարկել եվրոպական օրենքներին։ Ինչպե՞ս է սա տեղի ունենալու, կա՞ որևէ մեխանիզմ, որը կապահովի սրա իրականացումը։ Կարո՞ղ եք պարզաբանել դա։

Սվիտալսկի. - Մենք կարծում ենք, որ կառավարման եվրոպական մոդելը, եվրոպական օրենսդրական դաշտը կարող է օգտակար լինել Հայաստանի համար։ Իհարկե, աշխարհում կան նաև այլ մոդելներ, բայց շատ պատճառներ կան, որոնք մեզ թույլ են տալիս կարծել, որ այն, ինչ առաջարկում է Եվրոպան, առավել համապատասխանում է Հայաստանի կարիքներին։ Գալով այն հարցին, թե ինչպես դա կարելի է կյանքի կոչել։ Թույլ տվեք մեկ կոնկրետ օրինակ հիշատակել. արդարադատության համակարգի բարեփոխումը, դատավարական համակարգի անկախության, արդյունավետության բարձրացումը և այլն։ Ինչպես գիտեք, Եվրոպական միությունն աջակցում է բարեփոխումների գործընթացին։ Տարիների ընթացքում մենք հատկացրել ենք ավելի քան 150 միլիոն եվրո՝ արդարադատության համակարգը բարեփոխելու հարցում Հայաստանին օգնելու նպատակով։ Բայց խնդիրը միայն գումարի մեջ չէ, այլ՝ գիտելիքների և փորձի փոխանակման։ Այս տարի մենք Հայաստանում այսպես կոչված՝ «գործընկերային վերանայման» առաքելություն ենք բերել Հայաստան, որի կազմի մեջ մտնում են հայտնի, փորձված եվրոպացի փաստաբաններ, դատավորներ, դատախազներ։ Նրանք այցելեցին Հայաստան, մշակեցին բարեփոխումներին ուղղված իրենց առաջարկները, այնուհետև, տառացիորեն շաբաթներ առաջ նրանք նորից վերադարձան Հայաստան և իրենց հայաստանյան գործընկերների հետ քննարկեցին, թե ինչպես կարելի է Հայաստանում ներդնել իրենց առաջարկած լուծումները։ Այս տիպի երկխոսությունը, որը մենք անվանում ենք «գործընկերային վերանայում», հենց ցույց է տալիս, որ Եվրոպան չի ուզում որևէ բան հարկադրել կամ ստիպողաբար ներդնել, որովհետև մենք պարզապես ուզում ենք կիսվել եվրոպական արդարադատության համակարգի լավագույն, հաջողված փորձով և օգնել Հայաստանին կայացնել լավագույն որոշումները։ Մենք պատրաստ ենք առաջիկայում շարունակել Հայաստանին տրամադրել բավական նշանակալի տեխնիկական աջակցություն հենց արդարադատության համակարգի բարեփոխման ոլորտում։ Եվ այս օրինակը ցույց է տալիս, թե մենք ինչպես ենք դա անում՝ մենք կիսվում ենք մեր փորձով, մենք խրախուսում ենք, մենք տրամադրում ենք անհրաժեշտ նյութական հիմքը, մենք կարող ենք մոբիլիզացնել փորձագետների, մենք կարող ենք մոբիլիզացնել անհրաժեշտ գիտելիքները և շարունակել երկխոսությունը, տեսակետների, կարծիքների փոխանակումը։ Սա է եվրոպական գործելաոճը՝ խրախուսել, տրամադրել բոլոր անհրաժեշտ գործիքները և կատալիզատոր ծառայել ռեֆորմների գործընթացի համար։ Բայց ես կարող եմ խոսել նաև այլ ոլորտների մասին՝ լինի դա մարդու իրավունքների պաշտպանության, ժողովրդավարության, տնտեսության, ազատ մրցակցության, էներգետիկայի թե այլ ոլորտներում։ Այնպես որ, սա, ինչպես ասացի, եվրոպական գործելաոճն է։

Վերադառնալով մոտարկման մասին Ձեր հարցին՝ եվրոպական նորմատիվ-իրավական դաշտը և ինստիտուցիոնալ մոդելները տարածելուն, սա մի բան է, որ մենք անում ենք խրախուսելու, կարողությունների զարգացման, գիտելիքների փոխանցման միջոցով։ Սա եվրոպական գործելաոճն է։ Եվ ես հույս ունեմ, որ հայաստանցիները կտեսնեն եվրոպական փորձից օգտվելու իրական օգուտները, հնարավորություն կունենան ուսումնասիրել թե՛ հաջողված փորձը, թե՛ ձախողումները, քանի որ ոչինչ կատարյալ չէ, այդ թվում՝ Եվրոպական միությունում։ Մենք պատրաստ ենք շարունակել այս մոտարկման, հարմոնիզացիայի այս գործընթացը։ Իրականում տերմինները կարևոր չեն, կարևոր է այս ընդհանուր ընկալումը, որ մենք փորձում ենք խրախուսել, որպեսզի Հայաստանը հնարավորինս շատ բան քաղի եվրոպական փորձից։

«Ազատություն». - Պարոն դեսպան, կարծում եմ նաև շատ կարևոր է, որ եվրոպական ընկերությունները գան Հայաստան, իսկ դրա համար նրանք պետք է վստահ լինեն, որ հայաստանյան օրենքները պաշտպանում են իրենց, այնպես չէ՞։ Սա այն պատճառներից մեկն է, թե ինչու եք Դուք այդքան խստորեն պնդում, որ Հայաստանը ապահովի իր արդարադատության համակարգի անկախությունը։ Եվ սա կարող է օգտակար լինել ոչ միայն հայաստանցիների համար, այլ այստեղ ներդրում կատարել ցանկացող եվրոպական ընկերությունների։ Եթե Հայաստանը ցանկանում է գրավիչ տնտեսական տարածք դառնալ օտարերկրյա ներդրողների համար, այն պետք է անկախ դատական համակարգ ունենա։ Իսկ սա իր հերթին շատ կարևոր է հայաստանյան տնտեսության համար։ Ես ամեն ինչ ճիշտ եմ ասում, այնպես չէ՞։

Սվիտալսկի. - Ես լիովին կիսում եմ Ձեր տեսակետը և ես նույնիսկ ավելի կլայնացնեի այս հարցի կարևորությունը։ Երբ մարդիկ ինձ հարցնում են՝ ի՞նչ պետք է անել Հայաստանում ժողովրդավարության հզորացման համար, կամ՝ ինչպե՞ս կարելի է ավելի լավ պաշտպանել մարդու իրավունքները, ինչպե՞ս պետք է բարելավել գործարար միջավայրը, ինչպե՞ս գրավել ավելի շատ եվրոպացի ներդրողների, իմ պատասխանը շատ պարզ է՝ բարելավեք դատական համակարգի անկախությունը։ Դատական համակարգի անկախությունն այն բանալին է, որը կարող լուծել հայաստանյան օրակարգի բազմաթիվ խնդիրներ։ Եվ մենք պատրաստ ենք մեր հայաստանյան գործընկերների՝ իշխանությունների և մյուս շահառուների հետ ձեռք ձեռքի տված աշխատել այս գործընթացն առաջ տանելու ուղղությամբ, որովհետև սա բարդ գործընթաց է, և բազմաթիվ եվրոպական երկրների դեպքում անգամ երբեք չեք կարող ասել, որ հարցն ամբողջությամբ լուծված է։ Ավելին՝ սա հաճախ ավարտ չունեցող գործընթաց է։ Ամեն դեպքում՝ մենք պատրաստ ենք և միշտ հասանելի կլինենք աջակցելու և խրախուսելու։

«Ազատություն». - Պարոն դեսպան, հիշում եմ, մի առիթով զրուցում էի ամերիկացի դատավորների հետ, ովքեր Հայաստան էին եկել՝ այստեղ դատավարական համակարգի բարեփոխումներին օժանդակելու նպատակով։ Եվ նրանք ասում էին՝ Հայաստանում մինչև այժմ գոյություն ունի «հեռախոսային արդարադատություն», որը պետք է ամբողջությամբ վերացնել։ Բայց եկեք խոսենք «ավելին՝ ավելիի դիմաց» բանաձևի մասին։ Կարո՞ղ եք մանրամասնել, ինչպե՞ս է դա դրսևորվելու կոնկրետ Հայաստանի հետ ստորագրված այս համաձայնագրի դեպքում։

Սվիտալսկի. - «Ավելին՝ ավելիի դիմաց» բանաձևը շրջանառության մեջ է դրվել չորս տարի առաջ, և այս տարիների ընթացքում մենք որոշ չափով փոխել ենք դրա բովանդակությունը։ Մենք այլևս չենք օգտագործում այս տերմինը, գոնե Բրյուսելում, թեև դրա գաղափարը մնում է։ Գաղափարը հետևյալն է. ավելի մեծ աջակցություն տրամադրել այն երկրներին, որոնք հավակնոտ ծրագրեր ունեն և հաստատակամ են բարեփոխումների գործընթացը խորացնելու հարցում։ Այլ կերպ ասած՝ որքան դուք ավելի հավակնոտ եք, ավելի հետևողական ձեր բարեփոխումների իրականացման հարցում, այնքան ավելի մեծ աջակցություն և խրախուսանք կարող եք ակնկալել մեզանից։ Նախկինում Հայաստանը դուրս էր մնացել այս գործընթացից, բայց ես մեծ հույս ունեմ, որ մենք կկարողանանք այս նոր ֆորմատի շրջանակում, որն այլևս չի կոչվում «ավելին՝ ավելիի դիմաց», բայց որը շարունակում է ավելի մեծ աջակցություն առաջարկել բարեփոխումների ավելի հավակնոտ գործընթացների համար, կկարողանանք Հայաստանի ջանքերը երկրորդել Եվրոպական միության կողմից տրամադրվող ավելի մեծ աջակցությամբ։ Բայց ինչպես արդեն ասացի, այս գործընթացի հիմքում ընկած է բարեփոխման ջանքերի հետևողականության գնահատականը։

«Ազատություն». - Պարոն դեսպան, դուք մեծապես աջակցում եք Հայաստանին, դուք Հայաստանի խոշորագույն դոնորներից մեկն եք։ Համապարփակ և ընդլայնված համագործակցության համաձայնագրի ստորագրումից հետո Հայաստանը ի՞նչ ծավալի ֆինանսական աջակցություն կարող է ակնկալել Եվրոպական միությունից։ Արդյո՞ք դա շոշափելի է, Դուք կարո՞ղ եք մեզ որոշ թվեր տրամադրել։

Սվիտալսկի. - Թույլ տվեք նախ մի ճշգրտում անել։ Մենք ոչ թե խոշորագույն դոնորներից մեկն ենք, այլ մենք ամենախոշոր դոնորն ենք։ Ընդ որում, բոլոր մյուսներից զգալիորեն ավելի մեծ ներդրում ունենք։ Եվրոպական միությունը, իր անդամ երկրների հետ միասին, տրամադրում են Հայաստանին հատկացվող աջակցության ավելի քան 60 տոկոսը։ Բայց դա դեռ ամենը չէ, ավելի կարևոր է այն, որ Եվրոպական միությունը պատրաստ է ավելացնել Հայաստանին տրամադրվող ֆինանսական աջակցությունը։ Մենք խոսում ենք 20-25 տոկոս աճի մասին մեր այժմյան՝ Միասնական աջակցության շրջանակում։ Սա մի բանաձև է, որով որոշվում է մեր տրամադրած աջակցությունը 2017-ից 2020 թվականներին։ Սա շատ կարևոր որոշում է Եվրոպական միության կողմից, որովհետև ինչպես տեսնում ենք, մի շարք այլ դոնորներ նվազեցնում են Հայաստանին տրամադրվող աջակցությունը։ Նոր համաձայնագիրը, որպես այդպիսին, պարունակում է միայն որոշ համեստ հիշատակումներ ֆինանսական աջակցության մասին։ Համաձայնագրի որոշ դրույթների իրագործումը ենթադրում է հավելյալ գումարների տրամադրում, բայց մեր բուն աջակցությունը համաձայնագրից անջատ է։ Այն հիմնված է Միասնական աջակցության շրջանակում առկա ուղեցույցների և որոշումների վրա, որը այնուհետև ձևավորվում է տարեկան գործողության ծրագրերի տեսքով։ Մենք իշխանությունների հետ քննարկում ենք կոնկրետ նախագծեր և ծրագրեր, որոնք իրականացվելու են ընթացիկ Միասնական աջակցության շրջանակում։ Ես վստահ եմ, որ այս ծրագրերը շատ օգտակար կլինեն Հայաստանի համար։ Մենք ցանկանում ենք մեր գաղափարները, ծրագրերը համապատասխանեցնել Հայաստանի բարեփոխումների գործընթացին։ Մենք ցանկանում ենք առաջիկա տարիներին կենտրոնանալ այնպիսի ոլորտների վրա, որոնք առավել մեծ հնարավորություններ են ընձեռում տնտեսական աճի համար, ինչպես օրինակ տուրիզմն է, թվային տեխնոլոգիաները։ Մենք ցանկանում ենք շարունակել ներդրումները գյուղատնտեսության ոլորտում։ Գործողությունների այն ծրագիրը, որը մենք այժմ վերջնական տեսքի ենք բերում, կենտրոնանում է կրթության ոլորտի և Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացման վրա։ Մենք բավական մեծ ծրագրեր ունենք և հույս ունենք, որ այդ ծրագրերը կիրականացվեն արդյունավետ կերպով։ Մեր հիմնական առաջնահերթությունն այն է, որ զարգացմանն ու արդիականացմանն ուղղված մեր աջակցությունն ավելի շոշափելի դարձնենք, ավելի արդյունավետ։ Ես կարծում եմ, որ մենք դեռ որոշ ռեզերվներ ունենք և կարող ենք մեզ հասանելի գումարները՝ մեր հայ գործընկերների հետ միասին, ավելի լավ օգտագործել։ Հենց այս ուղղությամբ էլ մենք վարում ենք մեր քննարկումները գործընկերների՝ Հայաստանի կառավարության, ինչպես նաև այլ կառույցների հետ։ Այո, մենք իսկապես մեծ ծրագրեր ունենք։ Մենք կարծում ենք, որ Եվրոպական միությունը արդիականացման և բարեփոխումների կարևոր գործոն է Հայաստանում, և մեր աջակցությունը պետք է դիտարկել այս պրիզմայի՝ բարեփոխումների և արդիականացման պրիզմայի միջով։

«Ազատություն». - Պարոն դեսպան, երբ ես թերթում էի այս համաձայնագիրը, կարդացի որոշ հետաքրքիր դրույթներ այն մասին, որ դուք աջակցություն եք ցուցաբերելու Հայաստանի փոքր և միջին գործարարներին՝ նրանց ավելի շատ վարկեր տրամադրելով ֆինանսական հաստատությունների միջոցով։ Եվ ես այնտեղ նաև կարդացի, որ հայկական ընկերությունները կարող են անգամ մասնակցել տենդերների մասնակցել Եվրոպական միության շրջանակներում։ Սրանք շատ հետաքրքիր զարգացումներ են հայաստանյան բիզնեսների համար։ Կարո՞ղ եք մի փոքր խոսել այս ամենի մասին։

Սվիտալսկի. - Այո, սրանք կարևոր բաղադրիչներ են։ Փոքր և միջին ձեռնարկությունների մասով թույլ տվեք հիշեցնել, որ Եվրոպական միությունում փոքր և միջին ձեռնարկությունները ապահովում են աշխատատեղերի և ՀՆԱ-ի 70-80 տոկոսը։ Հայաստանում, ըստ Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության վիճակագրության, փոքր և միջին ձեռնարկությունները ապահովում էին աշխատատեղերի և ՀՆԱ-ի 30-40 տոկոսը։ Սա ցույց է տալիս, որ այս ոլորտում աճի բավական մեծ տեղ կա։ Փոքր և միջին ձեռնարկատիրության եվրոպական փորձը կարող է կարևոր գործոն լինել և օգնել մոբիլիզացնել ցանկացած երկրի տնտեսական պոտենցիալը։ Այդ իսկ պատճառով մենք այդքան մեծ շեշտ ենք դնում փոքր և միջին ձեռնարկություններին ցուցաբերվող աջակցության վրա։ Այս պահին մենք, տարբեր ծրագրերի միջոցով, փոքր և միջին ձեռնարկություններին ուղղված մի շարք պրակտիկ աջակցության քայլեր ենք ձեռնարկում։ Բանկերի հետ համագործակցությամբ մենք ֆինանսական աջակցություն ենք տրամադրում, մենք ավելի հասանելի ենք դարձնում ֆինանսավորումը, որը, կարծում եմ, հատկապես ստարտափների համար ծայրաստիճան կարևոր դեր է խաղում, դրանից է կախված նրանց գոյությունն առհասարակ։ Բացի այդ, մենք նաև վերապատրաստման ծրագրեր ենք իրականացնում, որոնց հիմնական թիրախը փոքր և միջին ձեռնարկություններն են։ Նոր համաձայնագիրը թույլ կտա է՛լ ավելի մեծացնել մեր աջակցությունն այս գործընթացին, այդ թվում՝ նաև որոշ իրավական լծակների միջոցով։ Այնպես որ, այո՛, փոքր և միջին ձեռնարկությունները կարևոր են։

Ինչ վերաբերում է պետական գնումների խնդրին՝ այո՛, նոր համաձայնագրում կարևոր դրույթներ կան, որոնք թույլ կտան հայաստանյան ընկերություններին մասնակցել եվրոպական տենդերների և հայտարարված մրցույթների՝ հավասար հիմունքներով, առանց խտրականության։ Եվ որքան գիտեմ, որոշ հայաստանյան ընկերություններ արդեն իսկ պատրաստվում են դրան, հատկապես տուրիզմի և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում։ Այնպես որ՝ մենք բացում ենք դռները, Եվրոպան բացում է դռները հայաստանյան ընկերությունների առաջ։ Իհարկե, մեր շուկայում մեծ մրցակցություն կա, այստեղ հեշտ չէ հաջողության հասնելը, բայց մենք կարծում ենք, որ հայերը, որոնք տաղանդավոր և ձեռնարկատիրական մեծ շնորհք ունեն, իսկապես կարող են գտնել իրենց տեղը։ Դատելով որոշ երկրների փորձից, հատկապես Եվրոպական միության նոր անդամների փորձից, կարելի է փաստել, որ լավատեսության հիմքեր կան։ Տաղանդավոր մարդիկ, ձեռնարկատիրական ջիղ ունեցող մարդիկ կարողանում են հաջողության հասնել Եվրոպայում։

«Ազատություն». - Այո՛, հատկապես եթե հաշվի առնենք, որ Հայաստանում մեծ թափով աճում են ստարտափները՝ բարձր տեխնոլոգիական ոլորտում նորարարական լուծումներ առաջարկող փոքր ընկերությունները։ Պարոն դեսպան, մեկ այլ հարց՝ էներգետիկայի ոլորտի մասին՝ Եվրամիությունն առաջարկություններ ունի այլընտրանքային էներգետիկայի հետ կապված։ Ի՞նչ կարող ենք ակնկալել այս ուղղությամբ, որքա՞ն գումար է անհրաժեշտ սրա համար, որքանո՞վ են լուրջ ձեր ծրագրերը՝ Հայաստանում այլընտրանքային էներգետիկայի զարգացման առումով։

Սվիտալսկի. - Մենք շատ լուրջ ենք տրամադրված։ Արդեն իսկ այս տարի մենք Հայաստանում կազմակերպեցինք էներգետիկայի օրեր, որպեսզի հղենք համապատասխան ազդանշան առ այն, որ Հայաստանը կարող է սկսել լուրջ ներդրումներ կատարել էներգիայի այլընտրանքային աղբյուրների մեջ, հատկապես վերականգնվող էներգետիկայի ոլորտում։ Մենք, որպես Եվրոպական միություն, աջակցել ենք մի շարք փորձնական ծրագրերի։ Ինչպես գիտեք՝ մենք աջակցել ենք առաջին արևային էլեկտրակայանի ստեղծմանը։ Այժմ Հայաստանի կառավարությունը կառուցում է ավելի մեծ արևային էլեկտրակայան, բայց Եվրոպական միությունն այստեղ ևս ներկա է, որպեսզի ցույց տանք, որ դա հնարավոր է իրագործել։ Բացի այդ, մենք աջակցում ենք կենսազանգվածից էներգիայի ստացման ջանքերը։ Մենք մի հոյակապ ծրագիր ունենք Թալինում, որտեղ մենք հույս ունենք ապացուցել, որ կենսազանգվածը Հայաստանում կարող է լինել էներգիայի էժան աղբյուր, հատկապես հեռավոր, ծայրամասային գյուղերում, որոնք գազաֆիկացման ծրագրերի մեջ չեն մտնում։ Հայ փորձագետների հաշվարկների համաձայն, միայն կենսազանգվածից հնարավոր է ստանալ բավական էներգիա՝ երկրի էներգետիկ անկախությունն ապահովելու համար։ Իհարկե, դրա համար անհրաժեշտ են ներդրումներ, անհրաժեշտ է կազմակերպչական աշխատանք տանել, ինստիտուցիոնալ աջակցություն և այլն, բայց նույնիսկ եթե դա իրականացվում է սահմանափակ ծավալներով, փորձնական հիմքով, դա արդեն իսկ նշանակալի է։ Բոլորովին վերջերս մենք մասնակցեցինք էներգետիկայի հարցերին նվիրված բարձր մակարդակի մի կոնֆերանսի, որտեղ քննարկեցինք այս հնարավորությունները։ Եվրոպական միությունը վճռական է այս գործընթացում Հայաստանին օգնելու հարցում, և մենք վստահ ենք, որ Հայաստանի ունեցած ռեսուրսները՝ արևային օրերի առատությունը, բավական շատ ուժեղ քամիների առկայությունը, կարող են Հայաստանը դարձնել կանաչ, էժան և հուսալի էներգիայի օրինակ։

«Ազատություն». - Պարոն դեսպան, վերջին հարցը՝ Ռուսաստանի արձագանքի մասին։ Պաշտոնական արձագանքը նորմալ է, նրանք ասում են, որ Հայաստանը ինքնիշխան պետություն է և իրավունք ունի համաձայնագրեր կնքել ցանկացած երկրի և կառույցի հետ։ Մյուս կողմից էլ, սակայն, տեսնում ենք բացասական արձագանքներ ռուսաստանյան լրատվամիջոցներում։ Նրանք գրեթե խուճապի են հասնում Հայաստան-Եվրամիություն այս համաձայնագրի կնքման կապակցությամբ։ Ռուսաստանյան թոք-շոուներում, երեկոյան հաղորդումներում խոսում են այն մասին, որ Ռուսաստանը կորցնում է Հայաստանը։ Ինչպե՞ս կմեկնաբանեք այս ամենը, ի՞նչ կարող եք ասել։

Սվիտալսկի. - Համաձայնագիրը որևէ երրորդ կողմի դեմ ուղղված չէ։ Համաձայնագիրը որևէ դրույթ չունի, որը կարող է սահմանափակել կամ բացասաբար անդրադառնալ այլ երկրների վրա, որոնք համագործակցում են Հայաստանի հետ։ Ես կարող եմ նույնիսկ ավելի բաց տեքստով ասել՝ մենք չենք ուզում մոնոպոլիզացնել այս համաձայնագրի իրագործումից բխող դրական արդյունքները։ Մենք կարծում ենք, որ եթե այս համաձայնագրի հիմնական դրույթները կյանքի կոչվեն, Հայաստանն ավելի ուժեղ ժողովրդավարություն կունենա, օրենքի գերակայության ավելի բարձր աստիճան, լավ, ուժեղ դատարաններ, կանխատեսելի, արդար բիզնես միջավայր, բիզնես վարելու հավասար պայմաններ էներգետիկայի, տրանսպորտի և այլ ոլորտներում, Հայաստանի մյուս գործընկերները դրանից միայն կշահեն, քանի որ այս համաձայնագիրը բխում է շատերի շահերից։ Այդ իսկ պատճառով, ես չեմ կարծում, որ համաձայնագրի հետ կապված կարող է լինել ինչ-որ կասկածելի բան։ Դուք ծանոթ եք դրա բովանդակությանը։ Ցանկացած ոք, ով կարդացել է համաձայնագիրը, կհամաձայնի, որ Եվրամիությունը չի հետապնդում որևէ միակողմանի նպատակ, Եվրամիությունը չի փորձում ինչ-որ կոնկրետ օրակարգ պարտադրել։ Եվ ես կարծում եմ, որ համաձայնագրի կնքման շուրջ այլ երկրներից ստացված պաշտոնական մեկնաբանություններն, այդ թվում՝ Ռուսաստանից, փաստում են, որ այս համաձայնագիրը դրական է Հայաստանի համար, և որ Հայաստանը, որպես ինքնիշխան պետություն, ճիշտ ընտրություն է կատարում՝ տրամաբանական եզրակացություններ անելով համաձայնագրից։

Եվրոպական միությունը հակված է համագործակցելու իր հարևանների հետ։ Եվ Հայաստանի հետ այս համաձայնագիրը մեր ընդհանուր ռազմավարության մասն է կազմում, որի նպատակն է՝ աջակցել ավելի ուժեղ, բարգավաճ, ճկուն հարևանների կայացմանը։ Եվ այս համաձայնագրում կամ դրա հավելվածներում որևէ թաքնված բան չկա։ Այնպես որ, ինչպես ասացի, մենք չենք ուզում մոնոպոլիզացնել համաձայնագրի դրական արդյունքները և հույս ունենք, որ սա կգնահատվի նաև մյուսների կողմից։

«Ազատություն». - Պարոն դեսպան, Դուք այժմ կարող եք Ձեր ինքնակենսագրականում որպես մեծ ձեռքբերում նշել այն փաստը, որ Ձեզ հաջողվեց Հայաստանը մերձեցնել Եվրամիությանը և հասնել այս համաձայնագրի ստորագրմանը։ Եթե Դուք ավարտեք Ձեր դիվանագիտական առաքելությունը Հայաստանում և այլ նշանակում ստանաք, ինչպե՞ս կհիշեք Հայաստանը, արդյո՞ք կպահեք կապերը Հայաստանի հետ, ի՞նչ է Հայաստանը Ձեզ համար։

Սվիտալսկի. - Ես դեռ չեմ պատրաստվում դադարեցնել իմ աշխատանքը, ինձ իմ աշխատանքը շարունակելու շանս տվեք։ Իսկ եթե ավելի լուրջ՝ ես չեմ կարծում, որ անցած ուրբաթ տեղի ունեցածը որևէ կերպ կապված է իմ անձի հետ, թեև դրա համար բազմաթիվ մարդիկ ծանր աշխատանք են տարել։ Համաձայնագրի կնքման հարցում առանցքային դեր են խաղացել բանակցողները՝ մեր կողմից դա Լյուք Դևինն է՝ Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության փոխտնօրենը, ինչպես նաև բազմաթիվ այլ մարդիկ։ Բացի այդ, մայրաքաղաքներում՝ մեր անդամ երկրների արտգործնախարարություններում են շատերը ջանքեր գործադրել։ Հավատացեք՝ դրա համար շատ մեծ ջանքեր են պահանջվել։ Ես շատ հպարտ եմ իմ գործընկերներով, որովհետև նրանք կարողացան հասնել դրան։ Եթե հիշում եք՝ այս ողջ գործընթացի ընթացքում շատերն էին թերահավատ, շատերն էին ասում՝ ո՛չ, դա տեղի չի ունենա, ո՛չ, դա չի ստորագրվի այս գագաթնաժողովի ընթացքում, և այլն, և այլն։ Եթե հիշում եք՝ ես միշտ լավատեսական տրամադրվածություն եմ դրսևորել և ես միշտ ասել եմ, որ այս համաձայնագիրը կստորագրվի գագաթնաժողովի ընթացքում, այս համաձայնագիրը կյանքի կկոչվի։ Ես դա անում էի ոչ միայն այն պատճառով, որ ես բնույթով լավատես եմ, այլ որովհետև ես գիտեի, թե ինչպիսի մեծ քաղաքական կամք կա եվրոպական հաստատությունների և ԵՄ անդամ երկրների կողմից՝ այս համաձայնագիրն իրականություն դարձնելու հարցում։ Եվ այս ուժեղ քաղաքական կամքը հավասարապես դրսևորվեց նաև հայկական կողմում։ Եվ ես բարձր եմ գնահատում նաև հայ բանակցողների ջանքերը և համաձայնագրի նախապատրաստական աշխատանքներում ներգրավված բոլոր հայաստանյան կառույցների աշխատանքը։ Ինչպես կարող եք տեսնել, սա շատ բարդ համաձայնագիր է, դրանում ներգրավված էին հայաստանյան մի շարք նախարարություններ, մի շարք կառույցներ։ Այնպես որ, այս համաձայնագիրը փոխադարձ քաղաքական կամքի դրսևորում էր։

Ինչ վերաբերում է իմ դերին այժմ՝ այն շատ պարզ է. ես ուզում եմ հնարավոր ամեն ինչ անել՝ համաձայնագիրը հնարավորինս լավ իրականացնելու համար։ Սա է ամենակարևորը։ Խոսքերը շատ կարևոր են, պարտավորությունները շատ կարևոր են, բայց մենք պետք է այդ բառերը, այդ պարտավորություններն իրականություն դարձնենք․ այդպես ենք մենք՝ Հայաստանում Եվրամիության պատվիրակությունում վերաբերվում սրան։ Մենք ընդամենը մեկ առիթ ենք ունեցել բաժակ բարձրացնելու և տոնելու համաձայնագրի կնքումը՝ շաբաթ օրը, շատ արագ։ Բայց երկուշաբթի օրվանից մենք աշխատանքային ռեժիմում ենք և մտածում ենք շատ կոնկրետ քայլերի մասին, որոնք ուղղված են համաձայնագրի իրականացմանը։ Թերևս իմ դերն էր՝ լավատեսության աղբյուր լինել և օգնել հայաստանցիներին հավատալու իրենց ուժերին, որովհետև ես հավատում էի, որ հայերը, լինելով շատ երկար պատմություն ունեցող քաղաքակրթություն, մեծ ձեռքբերումներ ունեցող ազգ, որը շատ մեծ ներդրում է ունեցել Եվրոպայի պատմության մեջ, ազգ, որը ծնել է բանաստեղծներ, կոմպոզիտորներ, ճարտարապետներ և կյանքի բոլոր ոլորտների մասնագետներ, մեծ նվաճումների ունակ ազգ է։ Եվ մենք, որպես Եվրոպական միություն, և ես՝ անհատապես, այստեղ եմ պարզապես որպեսզի վերահաստատեմ, որ մենք կարող ենք դառնալ կատալիզատոր այն բոլոր դրական զարգացումների, որին Հայաստանը ունակ է՝ բարեփոխումների, արդիականացման առումով։ Սա այն ամենն է, որ ես կարող եմ ասել, և մենք կարող ենք կրկին վերադառնալ այս հարցին, երբ ես պատրաստ կլինեմ ավարտել իմ դիվանագիտական առաքելությունը, որը, կարող եմ Ձեզ ասել, որ մեծ բավականություն է պատճառում մասնագիտական առումով և անձնական առումով։ Ես իսկապես ինձ շատ լավ եմ զգում Հայաստանում։

Նշենք, որ նոյեմբերի 24-ին Բրյուսելում Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակներում Հայաստանի և Եվրամիությաւն միջև ստորագրվեց Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը:

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG