Մատչելիության հղումներ

Սամանթա Փաուերը միանում է «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովին


Սամանթա Փաուեր, արխիվ
Սամանթա Փաուեր, արխիվ

ՄԱԿ-ում Միացյալ Նահանգների նախկին դեսպան Սամանթա Փաուերը միացել է «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովին: Դեսպան Փաուերը Ընտրող հանձնաժողովի մյուս անդամների հետ, որոնք հեղինակավոր հումանիտար գործիչներ են, մարդու իրավունքների պաշտպաններ և պետությունների նախկին ղեկավարներ, ընտրելու է 1 միլիոն դոլարի «Ավրորա» ամենամյա մրցանակի դափնեկիրներին, ասված է IDeA հիմնադրամի հանրային կապերի բաժնի հաղորդագրությունում:

«Մենք չափազանց ոգևորված ենք՝ ողջունելու դեսպան Փաուերին «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովում: Համաշխարհային ասպարեզում իր մեծ փորձառությամբ նա հիանալի գործունեություն է ծավալել՝ աջակցելով զարգացող երկրներին և պաշտպանելով աշխարհում ամենակարիքավոր մարդկանց շահերը», - ասել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանը: - «Հպարտ ենք, որ նա ուսումնասիրելու է «Ավրորա» մրցանակի թեկնածությունները և օգնելու է ուրվագծել «Ավրորա» մրցանակի ապագան»:

Դեսպան Սամանթա Փաուերը եղել է ՄԱԿ-ում ԱՄՆ 28-րդ մշտական ներկայացուցիչը։ Մինչ ՄԱԿ-ում աշխատելը նա ծառայել է ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդում՝ որպես նախագահի հատուկ օգնական և Բազմակողմ հարաբերությունների և մարդու իրավունքների գրասենյակի գլխավոր տնօրեն: Փաուերը հեղինակել է «Խնդիր դժոխքից. Ամերիկան և ցեղասպանության դարաշրջանը» գիրքը, որն արժանացել է Պուլիցերյան մրցանակի: Հաշվի առնելով մարդու իրավունքների և ժողովրդավարության բնագավառում նրա ազդեցիկ գործունեությունը՝ նա բազմիցս ճանաչման է արժանացել` ընդգրկվելով TIME ամսագրի «100 ամենազդեցիկ մարդիկ» և Foreign Policy ամսագրի «Աշխարհի 100 մտածողներ» անվանակարգերում:

«Ավրորա» մրցանակը և դրա դափնեկիրներն ապացուցում են, որ ոչ միայն կարևոր է հիշել անցյալի վայրագությունները, այլև մեզանից յուրաքանչյուրն ունի ներուժ՝ աջակցելու նրանց, ովքեր ներկայում փրկում են մարդկանց կյանքը», - նշել է Փաուերը: - «Ինձ համար մեծ պատիվ է լինել մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ, որը նպատակ ունի մեծարման արժանացնել նրանց, ովքեր, կրելով բազում դժվարություններ, օգնում են այլոց, և ունեն կամք կուտակելու և պահպանելու մարդկային բարությունը նույնիսկ խիստ դժվարին պայմաններում»:

Նա միանում է «Ավրորա» մրցանակի ներկայիս Ընտրող հանձնաժողովին, որի կազմում ընդգրկված են Նոբելյան դափնեկիրներ Օսկար Արյասը, Շիրին Էբադին և Լեյմա Գբովեն, Իռլանդիայի նախկին նախագահ Մերի Ռոբինսոնը, մարդու իրավունքների ակտիվիստ Հինա Ջիլանին, Ավստրալիայի նախկին արտգործնախարար և Միջազգային ճգնաժամային խմբի նախագահ ու գործադիր տնօրեն Գարեթ Էվանսը, Մեքսիկայի նախկին նախագահ Էռնեստո Սեդիլյոն, «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության համահիմնադիր և Ֆրանսիայի նախկին արտգործնախարար Բեռնար Քուշները, Լոնդոնի կայսերական քոլեջի Գլոբալ առողջապահական նորարարությունների ինստիտուտի տնօրեն Լորդ Արա Դարզին, Նյու Յորքի Կարնեգի կորպորացիայի նախագահ Վարդան Գրեգորյանը և օսկարակիր դերասան և հումանիտար գործիչ Ջորջ Քլունին:

«Ավրորա» մրցանակը, որն ստեղծվել է Հայոց ցեղասպանությունը վերապրածների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների, շնորհվելու է երրորդ անգամ: 2018 թվականի «Ավրորա» մրցանակի համար կատարվել է 750 առաջադրում՝ 115 երկրից: 2017-ի դեկտեմբերի 4-ին Ընտրող հանձնաժողովը հանդիպում է Բեռլինում՝ ուսումնասիրելու առաջադրումները: Բեռլինում «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը կկազմակերպի նաև Aurora Dialogues քննարկումների առաջին շարքը Հայաստանից դուրս:

2018-ի «Ավրորա» մրցանակի հավակնորդների անունները հայտնի կդառնան ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակի օրը: Երրորդ ամենամյա մրցանակը կշնորհվի հունիսի 10-ին Հայաստանում կայանալիք հանդիսավոր արարողության ժամանակ: Մրցանակի դափնեկրին կշնորհվի 100 հազար դոլարի պարգև և հնարավորություն՝ 1 միլիոն դոլարի դրամաշնորհը հատկացնելու իրեն ոգեշնչած կազմակերպություններին:

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը, որն ստեղծվել է Հայոց ցեղասպանությունը վերապրողների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների, ձգտում է հնարավորություն տալ մերօրյա հերոսներին՝ կյանք և հույս պարգևել նրանց, ովքեր մարդասիրական աջակցության խիստ կարիք ունեն, այսպիսով՝ շարունակել մարդասիրության շղթան աշխարհով մեկ: Այն նպատակ ունի ութ տարի շարունակ (2015-2023թթ.՝ ի հիշատակ ութ տարի տևած Հայոց ցեղասպանության՝ 1915-1923թթ.) աջակցել մարդկանց, ովքեր վտանգելով իրենց կյանքը` կնպաստեն այնպիսի նախագծերի իրագործմանը, որոնք կբարելավեն առավել կարիքավոր և աղքատ մարդկանց կյանքը:

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը Վարդան Գրեգորյանի, Նուբար Աֆեյանի և Ռուբեն Վարդանյանի մարդասիրական ձեռնարկումն է, որոնց արդեն երկրորդ տարում միացել են մի քանի տասնյակ նվիրատուներ և գործընկերներ: Նախաձեռնությունը ներկայացված է երեք կազմակերպությունների կողմից՝ Aurora Humanitarian Initiative հիմնադրամ (Նյու Յորք, ԱՄՆ), 100 Lives հիմնադրամ (Ժնև, Շվեյցարիա) և IDeA հիմնադրամ (Երևան Հայաստան):

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG