Մատչելիության հղումներ

750 առաջադրում՝ 2018-ի «Ավրորա» մրցանակին


«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության հիմնադիրներ Ռուբեն Վարդանյան, Վարդան Գրեգորյանի և Նուբար Աֆեյան, Երևան, մայիս, 2017թ․
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության հիմնադիրներ Ռուբեն Վարդանյան, Վարդան Գրեգորյանի և Նուբար Աֆեյան, Երևան, մայիս, 2017թ․

2018 թվականի «Ավրորա» մարդասիրական մրցանակի համար կատարվել է 750 առաջադրում, որոնցից 509-ը՝ չկրկնվող թեկնածություններ:

IDeA հիմնադրամի հաղորդագրության համաձայն, առաջադրման փուլի ընթացքում՝ մայիսի 29-ից սեպտեմբերի 8-ը, հայտեր են ուղարկվել 12 լեզվով՝ 115 երկրից, այդ թվում՝ ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Եգիպտոսից, Հայաստանից, Հնդկաստանից, Գերմանիայից, Միացյալ Թագավորությունից, Պակիստանից, Ուկրաինայից և Քենիայից: Առաջադրված թեկնածուների թիվն աճել է 100 տոկոսով նախորդ տարվա համեմատությամբ, երբ առաջադրվել էր 254 թեկնածու՝ 13 լեզվով, 66 երկրից:

«Այն, որ 750 հոգի ժամանակ է տրամադրել և պատրաստել ու ներկայացրել հումանիտար ոլորտում գործող 509 անհատների, շատ հուզիչ է և ոգեշնչող», - ասել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանը՝ ընդգծելով․ - «Մենք նպատակ ունենք «Ավրորայի» միջոցով ճանաչման արժանացնել մերօրյա հերոսներին»:

2018-ի «Ավրորա» մրցանակի թեկնածությունները կուղարկվեն հումանիտար ոլորտի մի խումբ գործիչների, որոնք կուսումնասիրեն առաջադրումները և կգնահատեն դրանք՝ հաշվի առնելով, թե որքանով են համապատասխանում «Ավրորա» մրցանակի ընտրական չափանիշներին՝ ցուցաբերված խիզախություն, նվիրվածություն և ազդեցություն: Ընտրված թեկնածուների հակիրճ ցանկը կներկայացվի Ընտրող հանձնաժողովին, որը գլխավորում է օսկարակիր դերասան և հումանիտար գործիչ Ջորջ Քլունին:«Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամներն են Նոբելյան դափնեկիրներ Օսկար Արյասը, Շիրին Էբադին և Լեյմա Գբովեն, Իռլանդիայի նախկին նախագահ Մերի Ռոբինսոնը, մարդու իրավունքների ակտիվիստ Հինա Ջիլանին, Միջազգային ճգնաժամային խմբի նախկին նախագահ և Ավստրալիայի արտաքին գործերի նախկին նախարար Գարեթ Էվանսը, Մեքսիկայի նախկին նախագահ Էռնեստո Սեդիլյոն, Լոնդոնի կայսերական քոլեջի Գլոբալ առողջապահական նորարարությունների ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Լորդ Դարզին, Նյու Յորքի Կարնեգի կորպորացիայի նախագահ Վարդան Գրեգորյանը:

2017-ի «Ավրորա» մրցանակը շնորհվեց բժիշկ Թոմ Քաթինային, որը կաթոլիկ միսիոներ է ԱՄՆ Նյու Յորք նահանգի Ամստերդամ քաղաքից: Նա հազարավոր մարդկանց կյանք է փրկել՝ լինելով Սուդանի Նուբայի լեռների տարածաշրջանի միակ մշտապես գործող վիրաբույժը: 2016-ի «Ավրորա» մրցանակը շնորհվելէ Մարգարիտ Բարանկիցեին՝ երեխաների արժանապատվության ու հույսի վերականգնման գործում իր անկոտրում նվիրվածության համար: Մարգարիտը Բուրունդիում «Խաղաղության տան» (Maison Shalom) և REMA հիվանդանոցի հիմնադիրն է:

2018-ի «Ավրորա» մրցանակի հավակնորդների անունները կհրապարակվեն ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակի օրը: 1 միլիոն դոլարի «Ավրորա» մրցանակը, որն ստեղծվել է Հայոց ցեղասպանությունը վերապրողների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների, երրորդ անգամ կշնորհվի 2018-ի հունիսի 10-ին Հայաստանում: Դափնեկիրը մեկ միլիոն դոլարը նվիրաբերելու է այն կազմակերպություններին, որոնք ոգեշնչել են իր գործունեության ընթացքում:

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը, որն ստեղծվել է Հայոց ցեղասպանությունը վերապրողների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների, ձգտում է հնարավորություն տալ մերօրյա հերոսներին՝ կյանք և հույս պարգևել նրանց, ովքեր մարդասիրական աջակցության խիստ կարիք ունեն, այսպիսով՝ շարունակել մարդասիրության շղթան աշխարհով մեկ: Այն նպատակ ունի ութ տարի շարունակ (2015-2023թթ.՝ ի հիշատակ ութ տարի տևած Հայոց ցեղասպանության՝ 1915-1923թթ.) աջակցել մարդկանց, ովքեր վտանգելով իրենց կյանքը` կնպաստեն այնպիսի նախագծերի իրագործմանը, որոնք կբարելավեն առավել կարիքավոր և աղքատ մարդկանց կյանքը:

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը Վարդան Գրեգորյանի, Նուբար Աֆեյանի և Ռուբեն Վարդանյանի մարդասիրական ձեռնարկումն է, որոնց արդեն երկրորդ տարում միացել են մի քանի տասնյակ նվիրատուներ և գործընկերներ: Նախաձեռնությունը ներկայացված է երեք կազմակերպությունների կողմից՝ Aurora Humanitarian Initiative հիմնադրամ (Նյու Յորք, ԱՄՆ), 100 Lives հիմնադրամ (Ժնև, Շվեյցարիա) և IDeA հիմնադրամ (Երևան Հայաստան):

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG