Վրաստանի իշխանությունները հաստատեցին` նոյեմբերի 22-ին հատուկ գործողությունների ընթացքում սպանված կասկածյալը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամ Ահմեդ Չատաևն է, ում համարում են 2016 թվականին Ստամբուլի օդանավակայանի արյունալի հարձակման կազմակերպիչ:
Ազգությամբ չեչեն Չատաևը ընդգրկված է Միացյալ Նահանգների կազմած առավել վտանգավոր ահաբեկիչների ցանկում:
Հատուկ գործողություններից մեկ շաբաթ անց պաշտոնական Թբիլիսին հայտնում է երեք չեզոքացված զինյալներից միայն մեկի անունը: Վրացական լրատվամիջոցները, վկայակոչելով պաշտոնական աղբյուրները, հայտնում են, որ անցյալ շաբաթ Թբիլիսիում շուրջ 20 ժամ տևած հատուկ գործողությունների արդյունքում չեզոքացված ահաբեկիչները Վրաստան են ներթափանցել ապօրինի ճանապարհով:
Հատուկ գործողությունների ընթացքում, հիշեցնենք, սպանվել են Վրաստանի հատուկ ջոկատի զինծառայողներից մեկը և զինված խմբավորման երեք անդամներ, որոնք կասկածվում են ահաբեկչության մեջ, ևս չորս ոստիկաններ վիրավորվել են, խմբավորման անդամներից մեկին հաջողվել է ձերբակալել: