Մատչելիության հղումներ

Թբիլիսիում իրականացված հակաահաբեկչական գործողության հետաքննությանը կմասնակցեն ԱՄՆ հատուկ ծառայությունները


Ամերիկյան հատուկ ծառայությունները մասնակցում են Թբիլիսիում` նոյեմբերի 22-ին ծավալված հակաահաբեկչական գործողության հետաքննությանը: Այս մասին կիրակի օրը լրագրողների հետ զրույցում հայտարարել է Վրաստանի Պետական անվտանգության ծառայության ղեկավար Վախթանգ Գոմելաուրին: Նա այդ մասին հայտարարել է նոյեմբերի 22-ի իրադարձությունների ընթացքում զոհված հատուկ ջոկատային Իվանե Գոլաշվիլիի հուղարկավորության ժամանակ:

«Մեր ռազմավարական գործընկեր հանդիսացող Միացյալ Նահանգների իրավապահներին նախաքննության փուլում ներգրավելու մասին որոշումը կայացվել է հաշվի առնելով այն հանգամանքը, որ ամերիկյան կողմը փորձաքննությունների և քննչական գործողությունների անցկացման ավելի լայն հնարավորություններ ունի», - նշել է Վրաստանի Պետանվտանգության ծառայության տնօրենը:

Վրաստանի հատուկ ծառայություններից մոտ 18 ժամ էր պահանջվել Թբիլիսիի հարավում գտնվող և առավելապես բազմահարկ շենքերով կառուցապատված Իսանիի շրջանի բնակելի շենքերից մեկում դիրքավորված ահաբեկիչներին վնասազերծելու համար, ինչը հնարավոր դարձավ առնվազն երկու գրոհների և զրահամեքենայի և նռնականետերի կիրառումից հետո միայն:

Վախթանգ Գոմելաուրին նաև չի հերքել շրջանառվող այն տեղեկությունները, որոնց համաձայն նոյեմբերի 22-ին իրականացված գործողության ընթացքում ոչնչացված երեք ահաբեկիչներից մեկը «Իսլամական պետության» անդամ Ահմեդ Չատաևն է:

Վրաստանի պետական Անվտանգության ծառայության ղեկավարը սակայն նշել է, որ Չատաևի ոչնչացման մասին տեղեկատվությունը դեռ պետք է վերջնականապես հաստատվի:

«Վերջնական պատասխանը կստանանք ԴՆԹ փորձաքննության արդյունքում: Ամեն դեպքում մեր քննիչները չեն բացառում են, որ սպանված երեք անձանցից մեկը Ահմեդ Չատաևն է», - նշել է Վախթանգ Գոմելաուրին:

Ազգությամբ չեչեն Ահմեդ Չատաևը ընդգրկված է Միացյալ Նահանգների կազմած առավել վտանգավոր ահաբեկիչների ցանկում:

2000-ականների սկզբին նա մասնակցել է երկրորդ չեչենական պատերազմին, որից հետո հեռացել է Արևմտյան Եվրոպա: Մի քանի տարի շարունակ նա ընտանիքով բնակվել է Ավստրիայում: Հետագայում նա հայտնվել է մի շարք պետությունների` այդ թվում Շվեդիայի և Ուկրաինայի իրավապահների ուշադրության կենտրոնում:

2012 թվականի աշնանը Վրաստանի հատուկ ծառայությունները ձերբակալեցին Չատաևին` Լոպոտայի կիրճում իրականացրած հատուկ գործողության ընթացքում: Մի քանի ամիս անց Թբիլիսիի քաղաքային դատարանը ազատ արձակեց Չատաևին` հիմնավորելով, թե նրա դեմ ներկայացված ապացույցները բավարար չեն:

Վրացական բանտից ազատվելուց հետո Չատաևը մեկնեց Սիրիա, որտեղ միացավ «Իսլամական պետություն» խմբավորման անդամներին` ղեկավարելով 200-ից 250 հոգանոց մի ջոկատ:

Վերջին տարիներին Ահմեդ Չատաևը բավական ակտիվ ընդհատակյա գործունեություն էր ծավալել նաև Թուրքիայի տարածքում: Թուրքական հատուկ ծառայությունների տեղեկություններով Չատաևը 2016-ի հունիսին Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման կազմակերպիչներից մեկն էր: Այդ հարձակման հետևանքով 40 մարդ էր զոհվել:

XS
SM
MD
LG