Մատչելիության հղումներ

ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրումը երկարաժամկետ և ջանքեր պահանջող գործընթացի սկիզբ է. ԱլԳ ՔՀՖ ՀՀ ազգային պլատֆորմ


ԵՄ Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմը ողջունում է Հայաստանի և Եվրամիության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կնքման փաստը։

Այսօր տարածած հայտարարությունում Ազգային պլատֆորմը նշում է. - «Վստահ ենք, որ պայմանագիրն իրատեսական հիմքեր է սահմանում Հայաստանի և Եվրոպական միության միջև համակողմանի քաղաքական, տնտեսական հարաբերությունների զարգացման և Հայաստանում արմատական բարեփոխումների իրականացման համար: Միևնույն ժամանակ համոզված ենք, որ Համաձայնագրի ստորագրումը ոչ թե վերջնանպատակ է, այլ երկարաժամկետ և ջանքեր պահանջող գործընթացի սկիզբ և դրա իրականացման համար պատասխանատվություն` ինչպես համաձայնագրի կողմերի, այնպես էլ Հայաստանի քաղաքացիական հասարակության համար: Այս առումով Հայաստանի իշխանություններից պահանջվում է հետևողական և պատասխանատու մոտեցում փաստաթղթով նախատեսված հանձնառությունների կատարման նկատմամբ, բոլոր շահագրգիռ դերակատարների, այդ թվում և քաղաքացիական հասարակության իրական ներգրավվածության ապահովում: Մասնավորապես, հատուկ կարևորություն ենք տալիս իշխանության և քաղաքացիական հասարակության միջև արդյունավետ երկխոսության մեխանիզմների ձևավորմանը, այդ թվում` հատկապես համաձայնագրով նախատեսվող գործողությունների իրականացման նկատմամբ քաղաքացիական հասարակության կողմից արդյունավետ և մշտական մոնիթորինգի իրականացման մեխանիզմների հաստատմանը»։

Ազգային պլատֆորմը հույս է հայտնում, որ իշխանությունները՝ անդավաճան մնալով իրենց քաղաքական հայտարարություններին, կապահովեն քաղաքացիական հասարակության լիարժեք մասնակցությունը:

ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմը, հավատարիմ մնալով վերջին տարիներին հրապարակած իր հայտարարություններում ներկայացված առաջարկություններին և պահանջներին, դրանց հասցեատեր համապատասխան պետական կառույցներից պահանջում է վճռական քայլեր մարդու իրավունքների, հիմնարար ազատությունների, ժողովրդավարական ինստիտուտների ոլորտներում խնդրիների լուծման ուղղությամբ: «Դրանով կարտահայտվի երկրի բազմակողմանի զարգացմանը միտված քաղաքական կամքի առկայությունը», - ասված է հաղորդագրությունում:

Պլատֆորմը կոչ է անում նաև Եվրամիության կառույցներին, ԵՄ անդամ պետություններին՝ Համաձայնագրի շրջանակներում իրականացվելիք բարեփոխումների գնահատման ընթացքում դրսևորել սկզբունքայնություն և հետևողականություն:

«Հուսով ենք, որ այդ գործում կապահովվի Համաձայնագրի կատարման վերաբերյալ հաշվետվողականության խստապահանջությունը, անաչառությունը, դրա կենսագործման ամբողջ գործընթացի թափանցիկությունը և դրանում քաղաքացիական հասարակության, այդ թվում` ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի կազմակերպությունների ներգրավումը` իրականացվելիք գործողությունների առաջնահերթությունների մշակման, ծրագրերի իրականացման և գնահատման, ինչպես նաև Համաձայնագրի իրականացման մոնիթորինգի ոլորտներում», - նշում է ԵՄ Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմը՝ շարունակելով. - «Մենք վստահեցնում ենք, որ ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի կազմակերպությունները, գիտակցելով նաև իրենց պատասխանատվությունը, ակտիվ մասնակցությունը կունենան և հետամուտ կլինեն Համաձայնագրով նախատեսված գործողությունների իրականացմանը»։

Հիշեցնենք, նոյեմբերի 24-ին Բրյուսելում Եվրամիության և Հայաստանի միջև ստորագրվեց Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը:

Իսկ այսօր Ազգային ժողովում մեկնարկել են խորհրդարանական լսումները «Հայաստան-ԵՄ․ համապարփակ և ընդլայնված գործընկերություն» թեմայով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG