Մատչելիության հղումներ

Քրգործ` ուսուցչուհու կողմից աշակերտի նկատմամբ բռնության դեպքի առթիվ


Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ առաջին դասարանի աշակերտին ծեծի ենթարկելու դեպքի առթիվ:

«Armtimes.com» տեղեկատվական հարթակում տեղեկատվություն էր հրապարակվել առ այն, որ Լոռու մարզում «2-րդ դասարանցուն հարվածել է դասվարը, գոռացել, երեխան վախից միզել է. ահազանգում է ծնողը»։ Լոռու մարզային քննչական վարչությունում միջոցներ են ձեռնարկվել՝ պարզելու հոդվածում մատնանշված հանգամանքները, որի արդյունքում պարզվել է, որ բռնության ենթադրյալ դեպքը տեղի է ունեցել 2016-2017 ուսումնական տարում: Նախնական տվյալներով՝ գրավոր հանձնարարությունը ոչ բավարար չափով կատարելու պատճառով 2017 թվականի փետրվարին Վանաձորի թիվ 22 հիմնական դպրոցի դասվարը բռնություն է գործադրել 1-ին դասարանի աշակերտի նկատմամբ, այն է՝ քաշել է երեխայի ականջը, ապա՝ ապտակել», - ասված է Քննչական կոմիտեի հաղորդագրությունում:

Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերն առերևույթ պարունակում են Քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներ՝ Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ, ասված է հաղորդագրությունում:

Նշենք, որ Քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածը՝ «Ծեծը», նախատեսում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի առավելագույնը հարյուրապատիկի չափով, կամ կալանք՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG