Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարար, «Իգլա»-ի գործով 6 տարվա ազատազրկման դատապարտված Սամվել Բաբայանի պաշտպան Ավետիս Քալաշյանը դեռևս չի մեկնաբանում Բաբայանի՝ երեկ դատարանում վճռի հրապարակումից հետո հնչեցրած այն հայտարարությունը, թե «պատվերը նորմալ կատարել են»։
Քալաշյանն «Ազատության» հետ զրույցում ասաց, որ այդ հայտարարության շուրջ Բաբայանի հետ դեռ չի խոսել, հետևաբար կարծիք հայտնել չի կարող, սակայն չբացառեց, որ Բաբայանի հետ հանդիպումից և նրա մեկնաբանությունը լսելուց հետո հնարավոր է քաղաքական հայտարարությամբ հանդես գա։
«Ազատություն». - Այսօր արդեն կարո՞ղ եք խոսել այս գործի քաղաքականացված լինելու մասին, ի վերջո, Սամվել Բաբայանը դատարանում բավական ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ «պատվերը կատարված է», «լավ է կատարված»։
Քալաշյան. - Ճիշտն ասած, այդ հայտարարությունից հետո ես Սամվել Բաբայանի հետ չեմ հանդիպել, առիթ չեմ ունեցել այդ հայտարարության կապակցությամբ քննարկումներ անել, որևէ մեկնաբանություն իրա կողմից դեռևս առիթ չի եղել, որ լսեմ ես։
«Ազատություն». - Դուք առաջին անգա՞մ էիք լսում, որ Սամվել Բաբայանը խոսում է պատվեր կատարելու մասին, այսինքն, որ այս գործը պատվիրված է, սա նորությո՞ւն էր Ձեզ համար։
Քալաշյան. - Հրապարակային՝ այո։
«Ազատություն». - Իսկ Ձեզ հետ զրույցներում նա խոսե՞լ է։
Քալաշյան. - Ես չեմ կարող ասել, թե իմ հետ առանձնազրույցներում նա ինչ է խոսել։
«Ազատություն». - Քանի որ դեռ չեք խոսել, ամեն դեպքում, իր այս հայտարարությունները հաշվի առնելով, Դուք այսօր կարո՞ղ եք համաձայնություն հայտնել Ձեր պաշտպանյալի հետ, որ իսկապես այս գործը պատվիրված էր։
Քալաշյան. - Ես նախ, առաջին հերթին, պետք է իր մեկնաբանությունները լսեմ, որից հետո նոր միայն իմ կարծիքը կձևավորվի:
«Ազատություն». - Արդեն լսել եք դատարանի դահլիճում, պարոն Քալաշյան։
Քալաշյան. - Չէ, դա ընդամենը հայտարարություն էր։
«Ազատություն». - Բայց պարզ չէ՞ Ձեզ համար, թե ինչ է նշանակում, որ «գործը պատվիրված է, լավ է պատվիրված և մենք բոլորս մեր երկրում գիտենք, թե որտեղից են գալիս պատվերները»։ Սա բավարա՞ր ինֆորմացիա չէ Ձեզ համար։
Քալաշյան. - Թե պարոն Բաբայանն ինչ նկատի ուներ, դա, կարծում եմ, որ բոլորի համար ակնհայտ հասկանալի էր, իմ ասածի իմաստը կայանում է՝ դրա տակն ի՞նչ է թաքնված, ի՞նչ նկատի ուներ։
«Ազատություն». - Այսինքն՝ Դուք կիսում եք, որ այս գործը պատվիրված էր, բայց թե ով էր պատվերը տվել՝ պետք է խոսեք և հասկանաք Սամվել Բաբայանի հետ։
Քալաշյան. - Դա իր կարծիքն է, նորից եմ կրկնում, այդ հարցի կապակցությամբ որևէ անգամ ես պարոն Բաբայանի հետ չեմ խոսել։
«Ազատություն». - Բայց Դուք ընդունո՞ւմ եք, որ գործը պատվիրված էր, համաձա՞յն եք այսօր նրա հնչեցրած այդ տեսակետի հետ, թողնենք մի կողմ, թե ովքեր են պատվեր տվողները։
Քալաշյան. - Ես որևէ կարծիք առայժմ չեմ կարող հայտնել, մինչև դրա մեկնաբանությունները պարոն Բաբայանից չլսեմ։
«Ազատություն». - Հնարավո՞ր է՝ Դուք Սամվել Բաբայանի հետ այս վճռից հետո երբ որ հանդիպեք, հանդես գաք արդեն քաղաքական հայտարարությամբ։
Քալաշյան. - Չի բացառվում, չի բացառվում, դա կախված է արդեն նրանից, թե Սամվել Բաբայանն ինչ կհանձնարարի։
Հիշեցնենք՝ երեկ դատարանը Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարարին մեղավոր ճանաչեց, որ նա դրդել է մի խումբ անձանց ձեռք բերել, փոխադրել և պահել ապօրինի ռազմամթերք՝ «Իգլա» զենիթահրթիռային համալիրը, ինչպես նաև փոխարկման արդյունքում ձեռք է բերել հանցավոր ճանապարհով ստացված եվրո թղթադրամներ:
Մեղադրող դատախազը Բաբայանի համար յոթ տարվա ազատազրկում էր պահանջել:
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.