Մատչելիության հղումներ

Դատավորը հորդորեց դատարանում քաղաքական հայտարարություններ չանել


Armenia -- Judge Artur Ohanian, undated.

Անցած ամռանը ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքը գրաված «Սասնա ծռեր» զինված խմբի անդամ Արամ Մանուկյանի և մյուսների գործով այսօրվա դատական նիստին Մանուկյանի փաստաբան Հարություն Բաղդասարյանը միջնորդեց դադարեցնել իր պաշտպանյալի քրեական հետապնդումը, նրան ճանաչել տուժող և ազատ արձակել դատարանի դահլիճից։

Բաղդասարյանը պնդեց, որ «Սասնա ծռերը» ապստամբություն են իրականացրել, ինչի մասին հիշատակում կա ՄԱԿ-ի՝ դեռ 1948 թվականին ընդունած Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում։ Փաստաբանը նշեց, որ «Սասնա ծռերն» այդ քայլին են գնացել իշխանությունների վարած քաղաքականության պատճառով, հիշեցրեց 2008-ի մարտի 1-ի 10 զոհերի չբացահայտված քրեական գործը։ Ասաց, որ իր պաշտպանյալն ու նրա ընկերները դեմ էին Ադրբեջանին հող հանձնելուն, և ապրիլյան պատերազմից հետո հատկապես, երբ հայտնի դարձավ 800 հեկտար հողի կորստի մասին, որոշում կայացրեցին ապստամբել։

«Նկատի ունենալով, որ մարդկության ընտանիքի բոլոր անդամներին հատուկ արժանապատվության և նրանց հավասարության անկապտելի իրավունքների ճանաչումը հանդիսանում է ազատության, արդարության և համընդհանուր խաղաղության հիմքը, և նկատի առնելով, որ անհրաժեշտ է, որպեսզի մարդու իրավունքները պաշտպանվեն օրենքի ուժով, նպատակ ունենալով ապահովել, որպեսզի մարդը հարկադրված չլինի դիմելու բռնության և ճնշման դեմ ապստամբության՝ որպես վերջին միջոցի՝ Գլխավոր ասամբլեան հռչակում է մարդու իրավունքների սույն հիմնարար հռչակագիրը որպես մի խնդիր, որի կատարմանը պիտի ձգտեն բոլոր ժողովուրդներն ու պետությունները», - Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրից մեջբերեց փաստաբանը:

Դատավոր Արթուր Օհանյանը, մինչդեռ, նրան կոչ արեց պահպանել փաստաբանի վարքագծի կանոնները և քաղաքական հայտարարություն չանել։

Մեկ այլ փաստաբան՝ Երվանդ Վարոսյանը հակադարձեց․ - «Ես Ձեզ բացատրում եմ և ասում, որ որպես փաստաբան, իրավաբանական օգնություն պետք է ցուցաբերեք Ձեր վստահորդին՝ օրենքի սահմաններում: Պարտադիր չէ քաղաքական ատրիբուտներ մտցնել միջնորդության մեջ»:

Մեղադրող դատախազ Հակոբ Ենոքյանն առարկեց և խնդրեց մերժել այս միջնորդությունը։ Ասաց, թե փաստաբանն ապստամբության իրավունքը յուրովի է մեկնաբանում, և հանցագործությունը բարի նպատակներով արդարացնելը ճիշտ չէ․ - «Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում որևէ էդպիսի իրավունք, որ մարդու մի ապստամբելու իրավունք նախատեսված չէ: Դա մեկնաբանություն է կոնկրետ: Նշված է, որ «նկատի առնելով, որ անհրաժեշտ է, որպեսզի մարդու իրավունքները պաշտպանվեն օրենքի ուժով»․․․ Այսինքն, իրավունքները օրենքի ուժով պաշտպանելու անհրաժեշտությունից է էս ամեն ինչը բխում՝ նպատակ ունենալով ապահովել, որպեսզի մարդը հարկադրված չլինի բռնության, ճնշման դեմ ապստամբության՝ որպես միջոցի»:

Դատավոր Արթուր Օհանյանը մերժեց տուժող ճանաչել Արամ Մանուկյանին, իսկ վերջինիս նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու հարցի քննարկումը հետաձգեց:

Այսօրվա նիստին խոսեց նաև սստիկանության գունդը գրավելու մեջ մեղադրվող Վարդան Գերավետյանը։ Ասաց, որ անցած մեկուկես տարում պետությունն իրենց բանտում պահելու համար մոտ 150 հազար դոլար է ծախսել։ Կարող էր իրենց ազատ արձակել և այդ գումարով զենք գնել․ - «Ասեմ նաև մեկ այլ բան: Եթե 10 դոլար ծախսվում է ամեն մարդու վրա, որը գտնվում ա անազատության մեջ, այսօր միջին թոշակը մեր թոշակառուների կազմում ա 42 հազար դրամ: Այսինքն, մեր վրա պետությունը երեք անգամ ավելի շատ ա փող ծախսում, քան էն արժանի մարդկանց վրա, որոնք էս պետությունը կառուցել են․․․ ու ստանում են այդ ողորմությունը»:

Ամբաստանյալ Հովհաննես Հարությունյանը խնդրեց իրենց տրամադրել գնդի տարածքում առկա տեսախցիկների ձայնագրությունները։ Հայտարարեց, թե ոստիկաններից մեկը, որը հիվանդանոցում է մահացել, գնդի տարածքում միայն թևից էր վիրավորվել։

Հիշեցնենք, ոստիկան Գագիկ Մկրտչյանն էր հրազենային վիրավորումով դուրս բերվել գնդի տարածքից և օրեր անց մահացել հիվանդանոցում։

Հովհաննես Հարությունյանը պնդեց, որ ինքն ու հրազենային վիրավորում ստացած խմբի մյուս անդամները վիրավորում ստանալու ժամանակ անզեն են եղել․ - «Ինչքան էլ որ մոնտաժված ա, նույնիսկ էդ մոնտաժված տեղ ա երևում․ ես անզեն վազում եմ, իմ հետևից դեռ կրակում էին իրանք: Թևից վիրավոր մարդը դուրս եկավ, նստավ սկորին գնաց, հետո տասնըքանի օր հետո մահացավ տարբեր հրազենային վիրավորումներով: Որ էդ մարդը մենակ թևից վիրավոր էր: Ես անձամբ իրան ուղեկցել եմ դուրս»:

«Սասնա ծռեր» զինված խումբն անցած տարվա հուլիսի 17-ին գրավել և երկու շաբաթ շարունակ վերահսկողության տակ էր պահել Ոստիկանության պարեկապահակետային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքը: Այդ ընթացքում զոհվել է երեք ոստիկան: Նրանց սպանության մեջ մեղադրվում են խմբի անդամներից Սմբատ Բարսեղյանը և Արմեն Բիլյանը: Այս գործերով անցնողների հիմնական մասը մեղադրվում է ապօրինի զենք ձեռք բերելու, դրա գործադրմամբ շենք գրավելու, գույք փչացնելու, պատանդ պահելու, նրանց ազատելու պայմանով պետությանը գործողություններ հարկադրելու մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG