Դեբեդի հիմնական դպրոցի 16-ամյա աշակերտներ Լուիզան ու Սաթենիկը առաջին իսկ օրից հետևում են շինարարությանն ու անհամբեր սպասում կենտրոնի 6 ամսից նախատեսված բացմանը․ - «Մեր տունն ենք համարում Սմարթ կենտրոնը: Որոշել ենք ստեղ սովորենք անպայման, ինչու չէ՝ նաև սովորելուց հետո աշխատենք: Սմարթ կենտրոնը մեր սմարթ ապագան ա»:
Հիմնադրամի Լոռու մարզի պատասխանատու Քրիստ Մարուքյանն ասում է, որ գյուղերի խելացի ապագա երազող առնվազն 160 բնակիչները կենտրոնում հնարավորություն կստանան սովորել արվեստներ, արհեստներ, նաև ծրագրավորում, ռոբոտաշինություն և օտար լեզուներ։ Ավելի մեծերին կտրվեն գյուղատնտեսության և բիզնես վարելու հմտություններ․ - «Խնդիրը արտադպրոցական որակյալ կրթություն, ոչ ֆորմալ կրթության, խմբակների դասավանդման թեմաների բացակայությունը լցնելն էր: Գյուղի երեխայի պատկերացրեք, ինչքան անհասանելի են նման զարգացման հնարավորությունները: Այսինքն, էս միջավայրում ինչը որ հնարավոր է հետագայում պոտենցիալ կերպով եկամուտ ստեղծող աշխատանք դառնա, մենք այստեղ ուզում ենք զարգացնենք»:
«Հայաստանի մանուկներ» հիմնադրամի նախագահ Գարո Արմենն ասում է՝ խելացի քայլեր են արվել «Սմարթ»՝ խելացի կենտրոնի գաղափարն իրականություն դարձնելու համար։ նա Համոզված է, որ նախաձեռնությունը վարակիչ կդառնա գյուղացու համա․ - «Եթե այսպես հրաշալի բան տեսնեն, արդեն իրենք կմտածեն, որ ուրիշ հրաշալի բաներ էլ հնարավոր են»:
Ամերիկահայ բարերարը շեշտում է, որ այսպիսի կենտրոն ունեցող գյուղերը դատարկվելու առիթ այլևս չեն ունենա․ - «Ո՞ւր պիտի երթան։ Երևանը անգամ այսքան սիրուն չէ: Ռուսաստա՞ն պիտի երթան, այստեղ դրախտ է Ռուսաստանի բաղդատմամբ: Իմ մտածումս այն է, որ հաջորդ մի քանի տարվա ընթացքում արդեն մարդիկ պիտի սկսեն վերադառնալ»:
Հիմնադրամը ստանձնելու է նաև Կենտրոնի անվճար խմբակները կազմակերպելու տարեկան մոտ կես միլիոն դոլարի ծախսը։ Կազմակերպիչները համոզված են, որ կենտրոնի գործունեությունը ոչ միայն կրթելու է գյուղացիներին, այլև նպաստելու է գյուղի տնտեսական զարգացմանը։
Քրիստ Մարուքյանն ասում է՝ կենտրոնը նաև գյուղերն իրար կապող տրանսպորտային միջոցներ կունենա, ինչից այսօր գրեթե բոլոր գյուղերը զրկված են․ - «Այդ հոսքի, ակտիվության հետ կապված նաև տնտեսապես ձեռնտու կլինի, որ տարբեր տրանսպորտային օպերատորներ իրենց երթուղիները կազմակերպեն այնպես, որ նրանք անցնեն «Սմարթով»: Միևնույն ժամանակ, մենք նաև ուզում ենք զարգացնել գյուղերում հյուրատնային բիզնեսը, որը որ էլի եկամտի աղբյուր կհանդիսանա գյուղաբնակ ժողովրդի համար»:
«Սմարթ» կենտրոնին ամենամոտ գյուղում՝ Դեբեդում, սակայն, բնակիչները թերահավատ են, թե կենտրոնը նպաստելու է իրենց գյուղի զարգացմանը։
«Ձեր կարծիքով ընդեղից դուրս տեն գալ, ընդեղից սուպերմարկետը թողան, ամեն ինչը, գան գյուղացու պանիր առնե՞ն իրա տանից», - ասաց միջին տարիքի մի դեբեդցի:
«Սմարթ» կենտրոնի պատասխանատուները, մինչդեռ, հավաստիացնում են, որ ամեն ինչ անում են գյուղացու կյանքը թեթևացնելու համար։
Քրիստ Մարուքյան․ - «Էն որ ասում են՝ կաթը բերանը վառում ա, մածունը փչում են, նոր են ուտում... Մինչև հիմա բոլոր, այսպես կոչված, ներդումային ծրագրերը եկել են գյուղերը դատարկելու, և սա էն հազվադեպ դեպքերից է, երբ որ գյուղը ակտիվացնելու, գյուղը լցնելում գյուղը ավելի կենդանացնելու և գյուղի ունեցած պոտենցիալը վերհանելու համար է արվում»: