Մատչելիության հղումներ

ՀՀ-ն կարող է ԻԻՀ-ի համար դարպաս հանդիսանալ դեպի ԵԱՏՄ, ԱՊՀ, ԵՄ երկրներ. Նալբանդյան


Հայաստանում ստեղծված են բարենպաստ պայմաններ շահավետ ներդրումներ կատարելու և հաջողությամբ գործարարությամբ զբաղվելու համար, այսօր Երևանում հայ-իրանական գործարար համաժողովի ժամանակ ասել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը՝ հույս հայտնելով, որ այս համաժողովը կնպաստի իրանական գործարար շրջանակների կողմից Հայաստանի ներդրումային հնարավորությունների բացահայտմանը:

«Հայաստանում իրականացվող բարեփոխումները նախատեսում են ամրագրել առավել բարենպաստության ռեժիմներ, հստակեցնել օտարերկրյա ներդրողներին տրվող երաշխիքները, հնարավորություն տալ գործարարներին օգտվելու Հայաստանում գործող և նախատեսվող լրացուցիչ արտոնություններից, ներդրումային վեճերի լուծման ժամանակակից մեխանիզմներից, հետևողականորեն կրճատվել և պարզեցվում են մի շարք ընթացակարգեր», - ասել է Նալբանդյանը՝ շարունակելով. - «Հայաստանում ներդրումներ կատարելու առավելություններից է, որ մեր երկիրն ունի առևտրի արտոնյալ ռեժիմ բազմաթիվ երկրների հետ: Մասնավորապես, Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությամբ ստեղծվել են նոր հնարավորություններ: Հայաստանում արտադրված ապրանքները զրոյական մաքսատուրքերով, առանց վարչարարական խոչընդոտների, կարող են ազատ մուտք գործել Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների 180 միլիոնանոց սպառողական շուկա: Բացի այդ, մեր երկիրն ունի ազատ առևտրի համաձայնագրեր ԱՊՀ գրեթե բոլոր երկրների հետ։ Հայաստանն օգտվում է նաև ԱՄՆ-ի, Կանադայի, Շվեյցարիայի, Ճապոնիայի, Նորվեգիայի «Արտոնությունների ընդհանրացված GSP համակարգերից», Եվրամիության կողմից տրամադրվող «Արտոնությունների ընդհանրացված համալրված GSP+ համակարգից»:

Ըստ Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարի, Հայաստանը՝ հանդիսանալով ԵԱՏՄ անդամ երկրներից միակը, որը ցամաքային սահման ունի բարեկամ Իրանի հետ, կարող է դարպաս հանդիսանալ դեպի ԵԱՏՄ, ԱՊՀ և ԵՄ երկրներ մուտք գործելու համար: «Այս առումով կարևորում ենք իրականացման փուլում գտնվող Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի նշանակությունը՝ որպես Պարսից ծոցի նավահանգիստները Սև ծովի նավահանգիստներին կապող ամենակարճ տարանցիկ երթուղի», - ասել է Նալբանդյանն՝ ընդգծելով, որ Հայաստանն ակտիվորեն աջակցում է ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրի կնքումը:

2017 թվականի մարտի 30-ին Հայաստանի կառավարությունը որոշում է ընդունել Սյունիքում՝ Իրանի սահմանագծին ազատ տնտեսական գոտի ստեղծելու մասին, ասել է արտգործնախարարը՝ նշելով, որ դրա գործարկումը կնպաստի Իրանի հետ տնտեսական կապերի ամրապնդմանը, Հայաստանի տնտեսական ներուժի առավել արդյունավետ օգտագործմանը:

«Երկու երկրների պատկան մարմինների կողմից ստորագրվել է Փոխըմբռնման հուշագիր, որի նպատակն է սահմանել Հայաստանի և Իրանի միջև ազատ տնտեսական գոտիների ոլորտում համագործակցության հիմնական ուղղությունները, կապեր ստեղծել «Մեղրի» ազատ տնտեսական գոտու և «Արաս» ազատ տնտեսական գոտու տարածքներում գործունեություն իրականացնող ընկերությունների, ինչպես նաև կառավարող մարմինների միջև: Հուսով եմ, որ այս համաժողովը կնպաստի մեր երկրների տնտեսական համագործակցության հնարավորությունների և լավագույն ձևաչափերի նախանշմանը», - ասել է Նալբանդյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG