Մատչելիության հղումներ

Իրանը շահագրգիռ է առաջին աղբյուրից տեղեկանալու ՀՀ-ԵՄ համաձայնագրի ընձեռած հնարավորությունների մասին. իրանագետ


Իրանագետ Վարդան Ոսկանյանը չափազանց կարևոր է որակում Իրանի արտգործնախարար Մոհամադ Զարիֆի այցը Հայաստան։

Ըստ իրանագետի, ակնհայտ է, որ իրանական կողմը շահագրգիռ է առաջին աղբյուրից տեղեկանալու նոյեմբերի 24-ին Բրյուսելում ստորագրված Հայաստան-Եվրամիություն համաձայնագրի ընձեռած հնարավորությունների մասին։

«Հայաստան-Իրան հարաբերությունները գտնվում են քաղաքական չափազանց բարձր մակարդակի վրա, որևէ տարօրինակ բան չկա, որ Իրանի արտգործնախարարն այցելում է Հայաստան, բայց կան օրակարգային կարևոր խնդիրներ, որոնցով կարելի է պայմանավորել նրա այցը: Խոսքը, մասնավորապես, Հայաստան-Եվրամիություն ընդլայնված համաձայնագրի ստորագրումն էր՝ ակնհայտ է, որ իրանական կողմը շահագրգիռ է առաջին աղբյուրից տեղեկանալու այդ համաձայնագրի ընձեռած հնարավորությունների վերաբերյալ։ Խոսքը վերաբերում է նաև Հայաստան-Եվրասիական տնտեսական միություն հարաբերություններում գրանցված նորամուծություններին, մասնավորապես՝ գիտեք, որ Իրանը պատրաստվում է հատուկ համաձայնագիր ունենալ Եվրասիական տնտեսական միության հետ, և այսօր էլ պարոն Զարիֆը հայտարարեց, որ այդ համաձայնագիրն արդեն վերջնական փուլում է և առաջիկայում պետք է ստորագրվի և վերջնական ուժի մեջ մտնի», - ասաց իրանագետը։

Ոսկանյանի խոսքով՝ Իրանը նաև հետաքրքրված է արցախյան հիմնախնդրի շուրջ զարգացումներով։ «Հետևաբար հարցերի, հարաբերությունների բավականին լայն բույլ կա, որը պահանջում է արտգործնախարարների մակարդակով քննարկում, շահերի համադրում», - ասաց իրանագետը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG