Մատչելիության հղումներ

Վրաստանում սուգ է հայտարարվել ի հիշատակ Բաթումիի հյուրանոցի հրդեհի զոհերի


Վրաստանում այսօր սգո օր է: Նոյեմբերի 24-ի երեկոյան Բաթումիի բարձրակարգ հյուրանոցներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով 11 մարդ է զոհվել, որոնցից 10-ը Վրաստանի քաղաքացիներ են, մեկը՝ Իրանի: Ավելի քան երկու տասնյակ մարդ տեղափոխվել էր հիվանդանոց, այդ թվում Թուրքիայի, Իսրայելի քաղաքացիներ:

«Ինտերպրեսս» վրացական լրատվական կայքի փոխանցմամբ՝ զոհվածներից 8-ի մարմինները հայտնաբերվել են լիֆտում, մեկը մահացել է լողավազանում, երկուսը՝ մարզասրահում: Բոլոր զոհերը ծխից շնչահեղձ են եղել:

«Լեո Գրանդ» հյուրանոցի սեփականատերը թուրք գործարար Էրոլ Ավգերենն է: Նա «Անադոլու» գործակալությանը ասել է, թե հրդեհի հետևանով զոհվածները աստիճաններով չեն վազել դեպի փողոց, այլ որոշել են զգեստապահարաններից հավաքել իրենց իրերը:

Հրդեհի պատճառը պարզելու նպատակով Վրաստանի իրավապահների հետաքննությունը շարունակվում է:

Հրդեհի պահին 22 հարկանի հյուրանոցից մարդկանց դուրս էին բերում հրշեջների երկար սանդուղքներով, վերամբարձ կռունկներին հարմարեցված հատուկ զամբյուղների միջոցով, օգնության էր հասել Բաթումիի նավահանգստի տեխնիկան:

Ենթադրվում է, որ հինգ աստղանի կարգավիճակ ունեցող «Լեո Գրանդ» հյուրանոցը հակահրդեհային պատշաճ համակարգ չի ունեցել:

Վրաստանի ներքին գործերի նախարար Գեորգի Գախարիան ասել է, որ նախնական տվյալներով հրդեհը բռնկվել է հյուրանոցի չորրորդ հարկում, որտեղ տեղակայված էհանգստի և սպորտային հարկաբաժինը: Ծուխը լցվել է միակ աստիճանահարթակը: Յոթերորդ հարկում գտնվողները մնացել են արգելափակված, նրանց պատշգամբից տարահանել են փրկարարները: «Ռուսաթավի- 2» հեռուստաընկերության հարցազրույցում ներքին գործերի նախարարն ասել է, որ նախնական տեղեկատվությամբ հյուրանոցը հրշեջ փրկարարական սանդուղքներ չի ունեցել:

Ականատեսներից մի քանիսը «Իմեդի» հեռուստաընկերությանը պատմել են, որ հրդեհային ազդանշանը չի միացել, միայն ծխի քուլաները տեսնելով են կռահել, որ հրդեհ է բռնկվել:

Սակայն հյուրանոցի սեփականատեր թուրք գործարարը պնդել է, որ հակահրդեհային համակարգը անմիջապես միացել է: Էրոլ Ավգերենն ասել է, թե վստահում է Վրաստանի արդարադատությանը:

Վրաստանի վարչապետ Գիորգի Կվրիկաշվիլին խոստացել է, որ բոլոր մեղավորները կպատժվեն: ֊ «Այս ողբերգության համար բոլոր պատասխանատուները պատժվելու են»,-ասել է Կվիրիկաշվիլին Բաթումիում: Նա Աջարիա էր ժամանել Բրյուսելից, որտեղ մասնակցել էր ԵվրամիությանԱրևելյան գործընկերության գագաթաժողովին:

Հինգաստղանի «Լեո Գրանդ» հյուրանոցը Բաթումիում բացվել է երկու տարի առաջ՝ 2015-ի ամռանը: Այն ժամանակ հայտարարվել էր, որ թուրքական ընկերությունը 40 միլիոն դոլարի ներդրում է կատարել, և որ բարձրակարգ հյուրանոցում 700 նոր աշխատատեղ է բացվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG