Մատչելիության հղումներ

Նալբանդյանը ստանձնել է Ֆրանկոֆոնիայի արտգործնախարարների համաժողովի նախագահությունը


Նոյեմբերի 26-ին Փարիզում ընթացող Ֆրանկոֆոնիայի նախարարների համաժողովին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ստանձնել է 84 անդամ, ասոցացված և դիտորդ պետություն ու կառավարություն միավորող Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության արտաքին գործերի նախարարների համաժողովի նախագահությունը։

Ըստ Հայաստանի արտգործնախարարության պաշտոնական կայքէջի, համաժողովի ավարտին տեղի ունեցած հանդիսավոր արարողությանը Մադագասկարի արտգործնախարար Անրի Ռաբարի-Նձական Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Էդվարդ Նալբանդյանին է փոխանցել Ֆրանկոֆոնիայի նախարարների համաժողովի նախագահությունը։

«Այս պահին, երբ Հայաստանը ստանձնում է Ֆրանկոֆոնիայի Նախարարական համաժողովի նախագահությունը, հպարտության զգացում եմ ապրում Հայաստանի հանդեպ ցուցաբերված այս պատվի համար։ Մեկ անգամ ևս ցանկանում եմ խորին երախտագիտություն հայտնել Ֆրանկոֆոնիայի պետությունների և կառավարությունների ղեկավարներին Ֆրանկոֆոնիայի XVII գագաթաժողովի անցկացումը մեր երկրին վստահելու համար», - ասել է Նալբանդյանը՝ շարունակելով. - «Մենք գիտակցում ենք, թե ինչպիսի վիթխարի աշխատանք է մեզ սպասում։ Առաջին հերթին, հարկավոր է ապահովել Գագաթաժողովի հաջողությունը՝ կազմակերպչական առումով։ Այս ուղղությամբ ակնկալում ենք սերտորեն համագործակցել Մադագասկարի նախագահության, Ձեզ հետ, տիկի՛ն Գլխավոր քարտուղար, ինչպես նաև Ֆրանկոֆոնիայի անդամ պետությունների և կառավարությունների հետ»։

Հայաստանի արտաքին գերաատեսչության ղեկավարը շնորհակալություն է հայտնել Մադագասկարի իր գործընկերոջը՝ նշելով, որ այսուհետ Հայաստանին և Մադագասկարին միացնում են ինչպես պատմական, այնպես էլ խորհրդանշական կապեր։

«Ֆրանկոֆոնիայի Նախարարական համաժողովի նախագահությունը Դուք ստանձնեցիք Հայաստանում, և այսօր արդեն Դուք եք այդ նախագահությունը փոխանցում Հայաստանին, էլ չասած այն մասին, որ հենց Անտանանարիվուում էր, որ որոշում կայացվեց Ֆրանկոֆոնիայի հաջորդ Գագաթաժողովը Երևանում անցկացնելու վերաբերյալ», - ասել է արտգործնախարարն ու շարունակել. - «Ակնկալում ենք նաև համատեղ և մշտական աշխատանք իրականացնել Թունիսի հետ, որին Հայաստանը փոխանցելու է մեր Կազմակերպության հաջորդ Գագաթաժողովը կազմակերպելու պատիվն ու արտոնությունը։ Մենք հենց այսպես ենք ընկալում համագործակցությունը մեր ֆրանկոֆոն ընտանիքի ներսում։ Մենք մտադիր ենք համատեղ աշխատանք իրականցնել բոլորիդ հետ՝ Երևանի Գագաթաժողովի հաջողությունն ապահովելու համար, քանի որ այս Գագաթաժողովի հաջողությունը մեր բոլորի հավաքական հաջողությունն է, մեր ֆրանկոֆոն ընտանիքի ընդհանուր հաջողությունը։ Այսպիսով, Ֆրանկոֆոնիայի 34-րդ նախարարական համաժողովը հայտարարում եմ փակված»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG