Մատչելիության հղումներ

Լրագրողական ՀԿ-ները պատրաստ են հանդիպել ԱՆ-ի հետ՝ քննարկելու հեռուստառադիոյի նոր օրենքի նախագիծը


Լրագրողական կազմակերպությունները պատրաստ են հանդիպել Արդարադատության նախարարության հետ` քննարկելու «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» նոր օրենքի նախագծում առկա մտահոգիչ դրույթները, թեպետ շարունակում են պնդել, որ օրինագիծը գաղտնի պայմաններում է մշակվել։

Հիշեցնենք, շաբաթվա սկզբին Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն, Երևանի մամուլի ակումբը և «Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը» հայտարարությամբ էին հանդես եկել, որում արձանագրել էին, թե օրինագիծը չի լուծում ոլորտում կուտակված խնդիրները, և Արդարադատության նախարարությունը ոլորտի մասնագիտացված հասարակական կազմակերպություններին չի ներգրավել այս կարևոր նախագծի մշակմանը:

Չուշացավ նաև Արդարադատության նախարարության պատասխանը, որտեղ ասվում էր, թե գերատեսչությունը լրագրողական կազմակերպություններից որևէ առաջարկ չի ստացել: «Չանդրադառնալով հայտարարության մեջ ներառված մի շարք անհիմն մեղադրանքներին և ապատեղեկատվությանը, Արդարադատության նախարարությունը հայտարարում է, որ «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» նոր օրենքի նախագիծը [...] սահմանված կարգով դրվել է հանրային քննարկման իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում՝ https://www.e-draft.am/projects/141: [...] Հանրային քննարկման ընթացքում, ինչպես նաև դրանից հետո՝ առ այսօր, նախագծի վերաբերյալ որևէ դիտողություն կամ առաջարկություն Արդարադատության նախարարությունը չի ստացել: Այնուամենայնիվ, հաշվի առնելով, որ նախարարությունը մշտապես կարևորել է հանրային կարծիքը օրինաստեղծ գործընթացում, օրենքի նախագծի վերաբերյալ դիտողություն կամ առաջարկություն ստանալու դեպքում, պատրաստ է դրանք քննարկել», - ասված էր հաղորդագրությունում:

«Ազատության» հետ զրույցում Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը նախարարության այս հաղորդագրությունը ապակողմնորոշիչ որակեց՝ ընդգծելով, որ գերատեսչությունը պայմաններ չի ստեղծել առաջարկներ ներկայացնելու համար և այսպիսով նախագծի մշակման ընթացքն իրականացրել է ոչ-թափանցիկ:

«Եթե գլխավոր նպատակը լավ օրինագիծ ստեղծելն է և ոչ թե տարատեսակ սահմանափակումներ մտցնելը, ապա այդ աշխատանքը իհարկե իմաստ ունի: Իհարկե մենք պատրաստ ենք աշխատելու, բայց մենք ոչ թե ասում էինք, որ Արդարադատության նախարարությունը չի տեղադրել այդ օրինագիծը e-draft.am-ում, այլ ասում էինք, որ քաղաքացիական մասնակցությունը ենթադրում է, որ մասնագիտացված հասարակական կառույցները պետք է ներգրավված լինեն այդ օրենքի մշակման գործընթացում, որոշումներ կայացնելու ընթացքում», - ընդգծեց Մելիքյանը՝ հավելելով․ - «Բայց այստեղ շատ կարևոր մի հանգամանք կա՝ այդ օրինագիծը e-draft.am-ում դրվել է քննարկման համար ընդամենը երկու շաբաթվա ընթացքում, այսինքն՝ մարտի 23-ից մինչև ապրիլի 7-ը, դուք շատ լավ հիշում եք՝ ինչ ժամանակահատված էր դա՝ դա թեժ շրջան էր ընտրությունների, և հասկանալի է, որ ուշադրությունից կարող էր դա վրիպել»:

Ըստ լրագրողական կազմակերպությունների, նոր օրինագիծը լուծում չի տալիս մի շարք կարևոր խնդիրների, մասնավորապես՝ չլուծված է մնում կարգավորող մարմնի՝ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի, ինչպես նաև Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անկախության խնդիրը։

Ըստ Մելիքյանի, դարձյալ պահպանվել են թվային հեռարձակման մասնավոր ցանցի՝ մուլտիպլեքսի ստեղծման համար առաջադրված չափազանց բարդ և հսկայական ներդրումներ պահանջող պայմանները: Որպես հետևանք՝ մասնավոր մուլտիպլեքս որևէ մեկը չի ցանկանում ստեղծել, արդեն երկու տարի է՝ հայտարարված մրցույթին մասնակցող չկա․ - «Մարզերում գործող 10-ից ավել տեղական հեռուստաընկերություններ մինչև հիմա շարունակում են գործել անալոգային ռեժիմով և օրեցօր կորցնում են իրենց լսարանը, գովազդատուներին և էսպես կարող են առհասարակ մարել»:

Այս մտահոգությունը հաստատեց «Լոռի» հեռուստաընկերության տնօրեն Նարինե Ավետիսյանը: Նրա խոսքով՝ անհրաժեշտ է փոքր մուլտիպլեքսների ներդրման մասով փոփոխություն կատարել օրենքում, ինչը, սակայն, տարիներ շարունակ չի արվում:

«Տասը և ավել տարի նոր հեռուստաընկերություններ ի հայտ չեն գալիս՝ սա շատ վատ է: Առհասարակ, թվայնացումը ենթադրում էր շատ ավելի հետաքրքիր, լավ բաներ, բայց մեր երկրում հակառակն է՝ թվայնացումը սահմանափակեց լրատվամիջոցներին», - «Ազատության» հետ զրույցում շեշտեց Ավետիսյանը:

«Լոռի» հեռուստաընկերության տնօրենը տեղեկացրեց, որ մարզային լրատվամիջոցները մտադիր են հաջորդ շաբաթվա սկզբին հայտարարությամբ հանդես գալ՝ հերթական անգամ պետական այրերի ուշադրությունն իրենց խնդիրների վրա հրավիրելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG