Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ուրբաթ երեկոյան ցավակցական հեռագիր է հղել Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ ալ-Սիսիին՝ Հյուսիսային Սինայի Բար էլ-Աբդ քաղաքի էր-Ռաուդա մզկիթում ահաբեկչական հարձակման կապակցությամբ, որը հարյուրավոր անմեղ մարդկանց կյանք է խլել։
«Հայաստանը խստագույնս դատապարտում է այդ անմարդկային արարքը և իր զորակցությունը վերահաստատում բարեկամ Եգիպտոսին՝ ահաբեկչության դեմ նրա մղած պայքարում։ Այս դժվարին պահին իմ անկեղծ ցավակցությունն եմ հայտնում Ձեզ, Եգիպտոսի բարեկամ ժողովրդին և զոհվածների հարազատներին՝ մաղթելով տոկունություն և ոգու արիություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում», - Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ ասված է հեռագրում:
Վերջին տվյալներով՝ երեկ Հյուսիսային Սինայում տեղի ունեցած հարձակման հետևանքով զոհվել է առնվազն 235, վիրավորվել՝ 109 մարդ: