Մատչելիության հղումներ

Հայաստանի նախագահը հանդիպել է Բելգիայի վարչապետի հետ


Լուսանկարը՝ նախագահականի

Բրյուսել աշխատանքային այցի շրջանակում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Բելգիայի վարչապետ Շառլ Միշելի հետ:

Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը շահագրգռված է ավելի ակտիվացնելու հայ-բելգիական երկխոսությունը, բազմաբնույթ դարձնելու փոխշահավետ համագործակցությունը բարեկամ Բելգիայի հետ։

Զրուցակիցները համակարծիք են եղել, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից անցած 25 տարիներին Հայաստանը և Բելգիան հարաբերությունները կանոնավոր զարգացրել են բազմաթիվ ոլորտներում՝ հիմնվելով փոխադարձ վստահության ու փոխըմբռնման վրա։

Սարգսյանը և Միշելը համակարծիք են եղել, որ այս հանդիպումը հետագա համագործակցության ուղիները նախանշելու լավ առիթ է, և մեծապես կարևորել են փոխգործակցության ընդլայնումը նաև միջազգային հարթակներում, հատկապես` ԵՄ շրջանակներում։

Անդրադառնալով Հայաստան-ԵՄ հարաբերություններին` Սերժ Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը նոր էջ կբացի երկկողմ հարաբերությունների պատմության մեջ և նոր հնարավորություններ կստեղծի Եվրոպական միության ու անդամ պետությունների, այդ թվում՝ Բելգիայի հետ հարաբերությունների հետագա խորացման համար:

Հայ-բելգիական երկկողմ համագործակցության օրակարգն առաջ մղելու տեսանկյունից նախագահը կարևորել է բարձրաստիճան քաղաքական շփումների ակտիվացումը և հույս հայտնել, որ Հայաստանի և բարեկամ ու վստահելի գործընկեր Բելգիայի երկխոսությունը շարունակական կլինի, ինչպես նաև փոխայցերն ավելի ակտիվ բնույթ կկրեն:

Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Բելգիան Հայաստանի համար առանձնահատուկ նշանակություն ունի նաև այն պատճառով, որ ապաստան է տվել ցեղասպանությունից փրկված հայերին, ում սերունդները կազմում են բելգիահայ համայնքի կորիզը: Նա Շառլ Միշելին հայ ժողովրդի գնահատանքն է հայտնել 2015 թվականի հունիսի 18-ի նրա հայտարարության համար, որին հաջորդեց հուլիսի 23-ին Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումը, ինչով ամբողջացավ Բելգիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. դեռևս 1998-ին Բելգիայի Սենատն ընդունել է Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը։

Զրուցակիցները երկուստեք դրվատանքով են խոսել Բելգիայի հայ համայնքի մասին, կարևորել նրա դերը երկկողմ հարաբերությունների ակտիվացման գործում:

Սերժ Սարգսյանը և Շառլ Միշելը քննարկել են հայ-բելգիական առևտրատնտեսական հարաբերություններին և փոխշահավետ մի շարք ոլորտներում համագործակցությանը վերաբերող հարցեր: Նախագահն առաջարկել է, որ բելգիական ընկերությունները դիտարկեն Հայաստանում գործունեություն ծավալելու հնարավորությունը՝ հաշվի առնելով երկրում ձևավորված բարենպաստ ներդրումային միջավայրը, ինչպես նաև ներգրավվածությունը տարբեր ինտեգրացիոն գործընթացներում:

Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանը Հայաստանի ակտիվ անդամակցությունը ևս, նախագահի համոզմամբ, լավ հնարավորություն է ֆրանկոֆոն կառույցներում Բելգիայի հետ գիտակրթական, մշակութային, քաղաքային կառավարման և այլ ոլորտներում համագործակցությունը խորացնելու համար: Նշելով, որ 2018 թվականին Հայաստանը կհյուրընկալի կազմակերպության 17-րդ գագաթնաժողովը, Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Բելգիային աջակցության համար և, օգտվելով հանդիպման առիթից, վարչապետ Միշելին հրավիրել է Հայաստան` մասնակցելու եկող տարվա հոկտեմբերին կայանալիք գագաթնաժողովին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG