ՄԱԿ-ում Ռուսաստանի դեսպան Վասիլի Նեբենզյան ասել է, որ Սիրիայում քիմիական զենքի կիրառման հարցով ՄԱԿ-ի հետաքննությունը «մեռելածին» է, սակայն «Ռուսաստանը բաց է Արևմուտքի հետ նոր մեխանիզմ մշակելու քննարկման համար»: Այդ մասին Նեբենզյան հայտարարել է երեկ Նյու Յորքում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի դռնփակ նիստից հետո:
Ռուսաստանը վերջին շրջանում մի քանի անգամ արգելանք է դրել Սիրիայի հարցով Արևմուտքի կազմած բանաձևերի նախագծերի վրա:
Նեբենզյան հայտարարել է, թե Սիրիայում քիմիական զենք օգտագործելու համար նախագահ Բաշար ալ-Ասադին մեղադրող քննչական խումբն «ամբողջությամբ վարկաբեկվել է»:
Միացյալ Նահանգները և արևմտյան դաշնակիցները պնդում են, որ Ռուսաստանը վետո է սահմանում, քանի որ ըստ քննիչների Ասադի վարչակարգն է պատասխանատվություն կրում քիմիական զենք օգտագործելու համար:
Սիրիայում քաղաքացիական պատերազմում ավելի քան 330 հազար մարդ է սպանվել, միլիոնավոր բնակիչներ տեղահանվել կամ արտագաղթել են:
Ռուսաստանն անցած շաբաթ երկու անգամ վետո է դրել Միացյալ Նահանգների ներկայացրած բանաձևի վրա, իսկ այս շաբաթ մերժել է Շվեդիայի և Ուրուգվայի համատեղ կազմած օրինագիծը: