Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Իրանի նավթի նախարարի տեղակալ, գազի ազգային ընկերության կառավարող տնօրեն Համիդ Ռեզա Արաղիին:
Ըստ կառավարության պաշտոնական կայքէջի, հանդիպմանը ներկա է գտնվել նաև Հայաստանում Իրանի դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին:
Զրուցակիցները քննարկել են Կարեն Կարապետյանի՝ ընթացիկ տարվա հոկտեմբերին Իրան կատարած պաշտոնական այցի ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը, անդրադարձ կատարել հայ-իրանական տնտեսական համագործակցությանն առնչվող մի շարք հարցերի:
Հայաստանի վարչապետն ու Իրանի նավթի նախարարի տեղակալը կարևորել են էներգետիկ ոլորտում փոխշահավետ ծրագրերի իրականացումը, Մեղրիի ազատ տնտեսական գոտու գործարկումը, արտահանող և ներմուծող համատեղ ընկերության ստեղծումը:
Վարչապետը նշել է, որ ընթացիկ տարում Հայաստանից Իրան արտահանումն աճել է 9 տոկոսով և ավելացրել, որ այդ ցուցանիշը մեծացնելու համար առկա է լուրջ ներուժ:
Կարեն Կարապետյանը վստահություն է հայտնել, որ վերը նշված բոլոր ծրագրերը նոր թափ կհաղորդեն առևտրատնտեսական կապերի զարգացմանն ու ընդլայնմանը: