Մատչելիության հղումներ

Վանաձորում ծննդկանի մահվան գործով մեղադրվող ավագ մանկաբարձ-գինեկոլոգի պաշտոնավարությունը ժամանակավոր դադարեցվել է


Հիվանդանոց, արխիվ
Հիվանդանոց, արխիվ

32-ամյա ծննդկանի մահվան դեպքի առթիվ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում որոշում է կայացվել ժամանակավոր դադարեցնել քրեական գործով մեղադրյալ, «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության ավագ մանկաբարձ-գինեկոլոգի պաշտոնավարությունը:

«2016 թվականի հոկտեմբերի 18-ին «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունից հաղորդում է ստացվել, որ ծննդատան բաժանմունքում մահացել է Լոռու մարզի 32-ամյա բնակչուհին: Դեպքի առթիվ Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ, և կատարվել մեծածավալ քննչական գործողություններ՝ ծննդկանի մահվան բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։ Արդյունքում պարզվել է, որ 32-ամյա կինը՝ առաջնածին ախտորոշմամբ, Վանաձորի բժշկական կենտրոն է ընդունվել 2016 թվականի սեպտեմբերի 26-ին։ Գտնվելով բժիշկների հսկողության ներքո՝ 21 օր անց` 2016 թվականի հոկտեմբերի 17-ին` ժամը 18:40-ին, կինը ծննդաբերել է արական սեռի երեխա, որից հետո նրա ինքնազգացողությունը վատացել է։ Հաջորդ օրը` հոկտեմբերի 18-ին՝ ժամը 01:40-ին, նույն բաժանմունքում նա մահացել է», - ասված է Քննչական կոմիտեի հաղորդագրությունում:

Դատաբժշկական փորձաքննության եզրակացության համաձայն՝ կնոջ մոտ հայտնաբերվել է ծննդաբերական պատռվածք, արտաքին սուր արյունահոսություն, ներքին օրգանների և անոթների սուր արյունապակասություն, որն էլ հանգեցրել է մահվան։ «Քրեական գործով բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որ ծննդկանին բուժօգնություն ցուցաբերելիս մանկաբարձ-գինեկոլոգների կողմից իրենց մասնագիտական պարտականությունների կատարման նկատմամբ դրսևորվել է անբարեխիղճ վերաբերմունք, չեն ձեռնարկվել անհրաժեշտ բուժմիջոցառումներ, որն էլ գտնվում է պատճառահետևանքային կապի մեջ հետծննդյան շրջանում ծննդկանի մոտ արյունահոսական բարդությունների շարունակական զարգացման և նրա մահվան հետ», - հաղորդում է Քննչական կոմիտեն:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ բուժհաստատության ավագ մանկաբարձ-գինեկոլոգին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով՝ «բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ»։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել՝ ստորագրություն չհեռանալու մասին։

Հաշվի առնելով քրեական գործի առանձնահատկությունը՝ քննիչը նոյեմբերի 21-ին որոշում է կայացրել «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի ավագ մանկաբարձ-գինեկոլոգի պաշտոնավարությունը ժամանակավորապես դադարեցնելու մասին։ Որոշումը, օրենքով սահմանված կարգով, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին։

Նախաքննությունը շարունակվում է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG