Մատչելիության հղումներ

Հակաահաբեկչական գործողությունը Թբիլիսիում շարունակվում է


Վրաստան - Անվտանգության ուժերը հատուկ գործողության ժամանակ, Թբիլիսի, 22-ը նոյեմբերի, 2017թ․
Վրաստան - Անվտանգության ուժերը հատուկ գործողության ժամանակ, Թբիլիսի, 22-ը նոյեմբերի, 2017թ․

Վրաստանի հատուկ ծառայությունները ավելի քան 12 ժամ է ինչ փորձում են վնասազերծել Թբիլիսիի Իսանիի շրջանի բնակելի շենքերից մեկում դիրքավորված ահաբեկիչներին` համառ դիմադրության հանդիպելով:

Հատուկ ծառայությունները պնդում են, որ զինված խմբի անդամները ահաբեկչական կազմակերպություններից մեկի անդամներն են: Հակաահաբեկչական գործողության թատերաբեմ դարձած շենքի բնակիչների վկայությամբ՝ բնակարանը, որ փորձում են գրոհով վերցնել իրավապահները, չեչեններ էին վարձակալում:

Գործողության մասին առաջին պաշտոնական տեղեկությունները հրապարակեց Վրաստանի Պետանվտանգության ծառայության մամուլի խոսնակ Նինո Գիորգոբիանին․ - «Պետական անվտանգության ծառայության հակաահաբեկչական դեպարտամենտը հատուկ գործողություն է իրականացնում Թբիլիսիի Գաբրիել Սոլոսիի փողոցում: Գործողության թիրախ հանդիսացող անձինք կրակ են բացել հատուկջոկատայինների ուղղությամբ: Նախնական տեղեկությունների համաձայն՝ այդ մարդիկ Վրաստանի քաղաքացիներ չեն և ահաբեկչական կազմակերպություններից մեկի անդամներ են»:

Հատուկ ստորաբաժանումների աշխատակիցները Թբիլիսիի հարավում գտնվող և առավելապես բազմահարկ շենքերով կառուցապատված Իսանիի շրջան ժամանեցին կեսգիշերից հետո` չկարողանալով սակայն արագորեն վնասազերծել զինված խմբի անդամներին: Առավոտյան կողմ հակաահաբեկչական գործողության անցկացման վայր ժամանեցին հավելյալ ուժեր` «Կոբրա» մակնիշի զրահամեքենայի ուղեկցությամբ: Դա, սակայն, նույնպես չփոխեց հակաահաբեկչական գործողության ընթացքը՝ զինված խմբի անդամները շարունակում էին կատաղի դիմադրություն ցուցաբերել:

Վերջին տեղեկությունների համաձայն՝ իրավապահներին հաջողվել է ձերբակալել կասկածյալներից մեկին, հատուկջոկատայիններից առնվազն մեկը վիրավորվել է:

«Հիվանդը մեր կլինիկա է բերվել ծանր հրազենային վնասվածքներով, այդ թվում՝ գլխի շրջանում: Նրան վիրահատել են, սակայն հատուկ ստորաբաժանման զինծառայողի վիճակը շարունակում է ծայրահեղ ծանր մնալ», - նշում էր Ինգորոկվայի անվան հիվանդանոցի բժիշկ Կոնստանտինե Մումլաձեն լրագրողների հետ զրույցում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG