Չի բացառվում, որ մոտ ապագայում ամերիկացի ամենահայտնի կինոռեժիսորներից մեկի` «Մալհոլանդ Դրայվ», «Կապույտ թավիշ» և «Թվին Փիքս» ֆիլմերի հեղինակ Դեյվիդ Լինչի աջակցությամբ Թբիլիսիում կինոդպրոց հիմնադրվի: Այս մասին Լինչը հայտարարեց շաբաթասկզբին` Վրաստան կատարած այցի ընթացքում: Դեյվիդ Լինչի անունը կրող բարեգործական հիմնադրամի տարածաշրջանային կենտրոնակայանը, ի դեպ, հենց Թբիլիսիում է:
«Մենք ուրախ ենք, որ այսօր Վրաստանում ենք: Ուրախ եմ, որ «Դեյվիդ Լինչ Կովկաս» հիմնադրամի ղեկավար Գիգա Աղլաձեն և նրա թիմը ցանկանում են Կինոյի ինստիտուտ կամ կինոդպրոց հիմնել այստեղ: Դրան կարող է հաջորդել նաև Վրաստանում միջազգային կինոփառատոնի անցկացումը», - հայտարարում էր Լինչը:
Թբիլիսյան կինոդպրոցի բացման ժամկետներն առայժմ չեն հստակեցվում: Դեյվիդ Լինչի հիմնադրամի տեղական մասնաճյուղի աշխատակիցները միայն նշում են, որ կինոդպրոցը կստեղծվի կամ Շոթա Ռուսթավելիի անվան ակադեմիական թատրոնի, կամ էլ Թբիլիսիի Կինոյի և թատրոնի պետական ինստիտուտի բազայի վրա:
Լինչը Վրաստան կատարած քառօրյա այցի ընթացքում հանդիպել է նաև կրթության և մշակույթի նախարարների հետ` նրանց հետ քննարկելով համատեղ ծրագրերի իրագործման հեռանկարները: Աշխարհահռչակ ռեժիսորը, սակայն, խոստովանում էր, որ մինչև Թբիլիսի ժամանելը վրացական կինոյի մասին որևէ պատկերացում չի ունեցել: «Ես ֆիլմերը գերադասում եմ նկարահանել, այլ ոչ թե դիտել», - նշում էր Դեյվիդ Լինչը:
«Ընդունված է ասել, որ ամեն մի երկիր իր ուրույն տեղն ունի աշխարհի ժողովուրդների ընտանիքում: Այստեղ ևս կա մշակույթ, ոգի, կան առանձնահատկություններ: Այս ամենը կարելի է զգալ, երբ ժամանում ես Վրաստան: Ձեր երկիրն ինձ մոտ զարմանալի, շատ առանձնահատուկ տպավորություն ստեղծեց», - հայտարարում էր Լինչը Թբիլիսիում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ:
Դեյվիդ Լինչը համարվում է ժամանակակից հեղինակային կինոյի թերևս ամենահայտնի ներկայացուցիչներից մեկը: Վերջին մի քանի տասնամյակների ընթացքում նա բազմիցս արժանացել է ամենահեղինակավոր միջազգային մրցանակներին: 1990 թվականին նա Կաննի փառատոնի գլխավոր մրցանակի դափնեկիր է դարձել, 2001-ին նույն փառատոնում լավագույն ռեժիսոր է ճանաչվել: Վենետիկի միջազգային կինոփառատոնի կազմակերպիչները 2006-ին Լինչին հատուկ մրցանակ շնորհեցին` համաշխարհային կինոարվեստում ունեցած ավանդի համար:
Թբիլիսցի լրագրողներն, ի դեպ, օգտվեցին առիթից և Լինչին հարցրեցին նաև վերջին շրջանում սեռական ոտնձգությունների շուրջ Հոլիվուդում ծագած սկանդալների մասին, որոնց կիզակետում են հայտնվել դերասաններ Քևին Սփեյսին, Դասթին Հոֆմանը, պրոդյուսեր Հարվի Վայնշտեյնը:
«Սեռական ոտնձգությո՞ւն: Իմ պահով կարող եմ ասել, որ այնպիսի զգացողություն ունեմ, կարծես գտնվում եմ կանանց անդադար գրոհի տակ», - կատակեց Դեյվիդ Լինչը: