Մատչելիության հղումներ

Գերմանիայում աննախադեպ ներքաղաքական ճգնաժամ է, նոր ընտրությունները չեն բացառվում


Անգելա Մերկել, արխիվ

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը չի վախենում նոր ընտրություններից: «Ավելի լավ է նոր ընտրություններ անցկացնել, քան ունենալ թույլ իշխող կոալիցիա»,- երեկ ARD հանրային հեռուստաընկերության եթերում ասել է ԳԴՀ կառավարության ղեկավարը:

Մերկելը ստիպված էր հստակեցնել իր դիրքորոշումը` Կանաչների և Լիբերալների հետ կոալիցիա կազմելու շուրջ ընթացող բանակցությունների տապալումից հետո: Ազատ դեմոկրատական կուսակցությունը, հիշեցնենք, շուրջ չորս շաբաթ տևած քննարկումներից հետո կիրակի օրն անսապասելիորեն դուրս եկավ կոալիցիոն բանակցություններից, հայտարարելով, թե մյուս ուժերի հետ անհաղթահարելի տարաձայնություններ ունեն:

Այս իրադարձությունը մեծ աղմուկ բարձրացրեց աշխարհի թերևս ամենականխատեսելի երկիր համարվող Գերմանիայում, ցնցումներ առաջացնելով ֆինանսական շուկայում, ինչպես նաև լսելի դաձնելով շշուկներն այն մասին, թե Եվրոպայի ամենաազդեցիկ քաղաքական գործիչը համարվող Մերկելը կարող է թողնել կանցլերի պաշտոնը:

Վերլուծաբանները նկատում են, որ սովորաբար անաղմուկ աշխատող Մերկելի համակարգում լուրջ անսարքություններ կան. դեռևս հստակ չէ՝ արդյո՞ք նրան կհաջողվի կրկին նույն վստահությամբ «կանգնել ռելսերին», թե նա ճանապարհը շարունակելու է «մաշված անիվներով»: Իշխող կուսակցության դիրքերը սեպտեմբերյան ընտրությունների արդյունքում թուլացան՝ առավելապես մեկ միլիոնից ավելի փախստականների առջև երկրի դռները բացելու քաղաքականության պատճառով:

Փոխարենը երկրում աննախադեպ աջակցություն ստացավ ծայրահեղ աջակողմյան «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունը, որին առաջին անգամ հաջողվեց խորհրդարան անցնել: Մերկելի գլխավորած Քրիստոնեա-դեմոկրատական միության, Ազատ դեմոկրատական կուսակցության և Կանաչների բանակցությունների հաջողության դեպքում այդ եռյակը կարող էր զբաղեցնել Բունդեսթագի 709 տեղերից 393-ը, այսինքն՝ 55 տոկոսը, սակայն լիբերալների՝ բանակցություններից դուրս գալուց հետո մասնակից մյուս ուժերին մնում է մանդատների ընդամենը 44 տոկոսը, ինչը նշանակում է փոքրամասնության կառավարություն:

Իսկ դրան Անգելա Մերկելը «կտրականապես դեմ է»: «Մեր երկրին կայուն կառավարություն է պետք»,- հայտարարել է ԳԴՀ գործող կանցլերը: Կոալիցիոն բանակցությունների տապալումը Մերկելի 12-ամյա կառավարման ընթացքում ներքաղաքական թերևս ամենասուր ճգնաժամն է: «Նոր կառավարություն ձևավորելու ուղին շատ ավելի բարդ էր, քան մենք բոլորս կարծում էինք»,- խոստովանել է կանցլերը:

Թեև նոր ընտրությունները չեն երաշխավորում Մերկելի գլխավորած պահպանողական ուժի հաղթանակը (ավելին՝ Գերմանիայում մտավախություն ունեն, թե նոր ընտրություններում փախստականների հանդեպ թշնամաբար տրամադրված աջակողմյան կուսակցությունը կարող է էլ ավելի շատ ձայներ ստանալ), այդուհանդերձ, Գերմանիայի կառավարության ներկայիս ղեկավարը պատրաստ է ռիսկի գնալ: Մյուս՝ երրորդ և վերջին տարբերակն էլ՝ կոալիցիա ձևավորելու հարցում երբեմնի դաշնակիցներին՝ ընդդիմության ճամբար անցած Սոցիալ-դեմոկրատներին համոզելն է, սակայն, նրանք բացառում են այդ հնարավորությունը:

Երեկ Գերմանիայի նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը, աննախադեպ համարելով ստեղծված ներքաղաքական իրավիճակը՝ քաղաքական ուժերին հորդորել է վերանայել դիրքորոշումները, «մտածել ոչ թե սեփական կուսակցության նախընտրությունների, այլ երկրի շահերի մասին»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG