Մատչելիության հղումներ

ԻԿՕՄ-ի Հայաստանի ազգային կոմիտեի տնօրեն․ Թանգարանը հարկվում է այնպես, ինչպես ռեստորանը


ԻԿՕՄ-ի Հայաստանի ազգային կոմիտեի տնօրեն Մարինե Հարոյան
ԻԿՕՄ-ի Հայաստանի ազգային կոմիտեի տնօրեն Մարինե Հարոյան

Վերջին տասնամյակում Հայաստանի թանգարանները ոչ միայն ակտիվորեն համագործակցում են մի շարք արտասահմանյան երկրների թանգարանների հետ, այլև բազմաթիվ ծրագրեր են իրականացնում Թանգարանների միջազգային կոմիտեի (ԻԿՕՄ) նախաձեռնությունների շրջանակներում:

Ավելին՝ վերջին երկու տարիներին անգամ հենց մեր թանգարանների նախաձեռնությամբ ԻԿՕՄ-ի հետ համատեղ մի շարք համաժողովներ են անցկացվել Հայաստան:

Վաղվանից մինչև նոյեմբերի 25-ը Ռուսական արվեստի թանգարանն է հյուրընկալելու տարածաշրջանային մի քանի երկրներից՝ Վրաստանից, Իրանից, Հորդանանից ժամանող մասնագետների, ովքեր Հայաստանի և Արցախի թանգարանների աշխատակիցների հետ կանցկացնեն կրթական և մարքեթինգային խնդիրներին նվիրված համաժողով:

Արդեն այստեղ են նաև ԻԿՕՄ-ի փորձագետներից Քարոլ Անն Սքոթն ու Միլեն Կիովատոն, ովքեր այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ի պատասխան «Ազատության» հարցին, թե ինչ գնահատական կարող են տալ Հայաստանում գործող թանգարաններին, նախ ասացին, որ հրաշալի թանգարաններ ունենք, որտեղ հսկայական մշակութային ժառանգություն է կուտակված, ապա, մասնավորապես, Բրիտանական թանգարանի ներկայացուցիչ Քարոլ Անն Սքոթը, որն արդեն 2-րդ անգամ է Հայաստանում, շեշտեց․ - «Հավաքածուներն այնքան մեծ են թանգարաններում, այնքան պատմամշակությաին արժեքներ են կուտակված, որ ես երբեք չեմ տեսել որևէ այլ երկրում»:

Նրա համոզմամբ, ԻԿՕՄ-ի աջակցությամբ անցկացվող նման համաժողովները չափազանց կարևոր են թանգարանները հանրությանն առավել մերձեցնելու նպատակով թանգարանային համապատասխան մասնագետներ պատրաստելու համար:

ԻԿՕՄ-ի Հայաստանի ազգային կոմիտեի նախագահ Անի Ավագյանը «Ազատության» խնդրանքով առանձնացրեց Հայաստանի թանգարանային հիմնախնդիրներից մի քանիսը․ - «Ամենաառաջին հիմնախնդիրը տարածքն է: Մենք ունենք խնդիրներ՝ կապված օրենսդրական դաշտի հետ: Մենք չունենք թանգարանների մասին օրենք, որը կկարգավորի դաշտը»:

Շարունակելով գործընկերոջ խոսքը՝ ԻԿՕՄ-ի Հայաստանի ազգային կոմիտեի տնօրեն Մարինե Հարոյանը շեշտեց, որ հայաստանյան թանգարաններրը սուբսիդավորվում են պետության կողմից, բայց բնական է, որ լրացուցիչ գումարների կարիք ունեն: Սակայն, ցավոք, չեն կարողանում դրանք վաստակել համապատասխան օրենսդրական բացերի պատճառով․ - «Մենք ենթարկվում ենք ՊՈԱԿ-ների օրենքին: ՊՈԱԿ-ի օրենքը թույլ է տալիս զբաղվել ձեռնարկատիրությամբ, բայց շատ լղոզված է օրենքը: Երբ որ սկսում ես զբաղվել, դու մի շարք դժվարությունների, խնդիրների առաջ ես կանգնում: Եվ առաջիններից մեկը այն է, որ թանգարանը հարկվում է այնպես, ինչպես ռեստորանը․․․ Կամ թեկուզ՝ ինչպես թատրոնը կամ կինոթատրոնը: Մեծ տարբերություն կա»:

ԻԿՕՄ-ի հայաստանյան կոմիտեի պատասխանատուները նշեցին նաև, որ Հայաստանում թանգարաններն անգամ չեն կարողում որոշակի դրամաշնորհների համար դիմել միջազգային կազմակերպություններին, քանի որ այսօր գործող օրենսդրության համաձայն դրանց համար մեծ հարկեր պիտի վճարեն:

«Հիմա խնդիրն էն ա, որ պետությունը այդ օրենսդրական դաշտով ստեղծի հնարավորություն, որպեսզի մենք կարողանանք լրացուցիչ, այլ աղբյուրներից ֆինանսավորում բերել: Նույնը դրամաշնորհներն են, նույնը նվիրատվություններն են, իսկ դրանք էնպես են հարկվում, որ անգամ անիմաստ է դրամաշնորհի դիմել», - ասաց Մարինե Հարոյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG