Մատչելիության հղումներ

Բելառուսի իշխանություններն ուկրաինացի լրագրողին մեղադրում են լրտեսության մեջ


Ուկրաինացի լրագրող Պավլո Շարոյկո, արխիվ
Ուկրաինացի լրագրող Պավլո Շարոյկո, արխիվ

Դիվանագիտական սկանդալ է հասունանում հարևաններ Ուկրաինայի և Բելառուսի միջև։ Բելառուսական կողմը պնդում է, թե Ուկրաինայի քաղաքացիներից կազմված՝ պետական հովանու ներքո գործող լրտեսական խումբ է գաղտնազերծել:

Պաշտոնական Կիևն առայժմ լուռ է։

Ուկրաինայի հետ մշտապես բարիդրացիական հարաբերություններ ունեցող Բելառուսի իշխանություններն ուկրաինացի լրագրող Պավել Շարոյկոյին մեղադրում են լրտեսության մեջ՝ պնդելով, թե նա Բելառուսում փորձում էր գործակալների ցանց ստեղծել։

Հոկտեմբերի 25-ին ձերբակալված լրագրողն, ըստ պաշտոնական հաղորդագրության, Բելառուսի քաղաքացիներին դրամական պարգևատրման դիմաց համոզում էր ռազմատեխնիկական ոլորտի հետախուզական բնույթի գաղտնի տվյալներ հավաքագրել։

Շարոյկոն Ուկրաինայի պետական հեռուստառադիոընկերությանը պատկանող «Ուկրաինական ռադիոյի» սեփական թղթակիցն է Բելառուսում, նախկինում էլ «Ունիան» լրատվական գործակալության թղթակիցն էր։ Մինչ այդ, ուկրաինական մամուլի համաձայն, նա երկար տարիներ զբաղեցրել է ուկրաինական հետախուզության մամուլի խոսնակի պաշտոնը։

Բելառուսի պետական անվտանգության կոմիտեն, մինչդեռ, պնդում է, թե Շարոյկոն իրականում կադրային հետախույզ է, որը քողարկվում էր լրագրողական գործունեության տակ։

Բելառուսական կողմի համաձայն, Շարոյկոյի բնակարանում իրականացված խուզարկությունների ընթացքում այդ մասին վկայող փաստաթղթեր են հայտնաբերվել, բացի այդ՝ ինքն էլ է խոստովանել, որ կադրային զինվորական է։

Ուկրաինացի լրագրողի ձերբակալությանը զուգահեռ՝ բելառուսական КГБ-ն անցանկալի անձանց ցանկում է ներառել մեկ այլ ուկրաինացու՝ Ւգոր Սկվորցովի անունը, որին համարում են Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզական վարչության աշխատակից։

Ըստ պաշտոնական հաղորդագրության, նա գործել է, մասնավորապես՝ համակարգել է Շարայկոյի գործունեությունը, թաքնվելով Բելառուսում Ուկրաինայի դեսպանատան խորհրդականի պաշտոնում։

Նոյեմբերի 15-ին էլ Բելառուսում անհայտ պատճառներով ձերբակալվել է ուկրաինացի գործարար Ալեքսանդր Սկիբը, ով Մինսկ էր ժամանել տրակտորի գործարաններից մեկի հետ բանակցելու նպատակով։

Իրար հաջորդած այս ձերբակալությունները կարող են կտրուկ սրել երկու հարևանների հարաբերությունները, որոնք այս տարի լարվել են ռուս-բելառուսական համատեղ լայնածավալ զորավարժությունների ֆոնին։

Սեպտեմբերին տեղի ունեցած «Զապադ 2017» զորավարժանքները մտահոգել են ոչ միայն Ռուսաստանի և Բելառուսի հարևաններին, այլ նաև ՆԱՏՕ-ին, որը դատապարտել է այդ զորավարժությունները՝ պնդելով, թե «Մոսկվան ձգտում է ռազմական ուժ ցուցադրել Եվրամիության և ՆԱՏՕ-ի սահմանների մոտ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG