Մատչելիության հղումներ

Հայաստանի հանդեպ քաղաքականության առումով Մոսկվան հայտնվել է փակուղային վիճակում. Բադալյան


Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և փոխարտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպումներից հետո, երեկ ժամանել է Երևան։

«Ազատության» հարցին, թե Լավրովը նոր առաջարկներո՞վ է ժամանել Հայաստան, քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը պատասխանեց` եթե նոր առաջարկներով է եկել, ապա դա կարող է վերաբերել միայն կայունությունը կառավարելու խնդրին։

Բադալյան. - Եթե նոր առաջարկներ կարող են լինել, ապա դրանք կարող են վերաբերել ընդամենը, կարծում եմ, հրադադարի ամրապնդման, այսպես ասած, վստահության մեխանիզմների ձևավորման, ընդհանրապես կայունությունը կառավարելու խնդրին, որովհետև զուտ կարգավորման առումով, չեմ պատկերացնում, թե ինչ նոր առաջարկություններ կարող են լինել ընդհանրապես։ Այդ տեսանկյունից հայտարարությունները, որ հակամարտությունը պետք է կարգավորվի, արագ կարգավորվի, շատ բաներ համաձայնեցված են, դրանք ամենևին նոր հայտարարություններ չեն, դրանք հնչում են առնվազն մեկ տասնամյակից ավելի։ Կարծում եմ, որ եթե որևէ էական գործընթացի մասին կարող է լինել խոսք, ապա զուտ հրադադարի կառավարման արդյունավետությունն ավելի բարձրացնելու մասին։

«Ազատություն». - Վերլուծական շրջանակները, կհիշեք, պարոն Բադալյան, Լավրովին էին վերագրում կարգավորման մի պլան, որի արդյունքում հենց նրա անունով՝ «Լավրովի պլան» կոչվեց, բայց այսօր Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարությունն ասում է` Լեռնային Ղարաբաղի հարցում Մոսկվան նույն դիրքորոշումն ունի, ինչ Վաշինգտոնն ու Փարիզը։ Ինչ-որ բա՞ն է փոխվել, ապրիլյան պատերազմից հետո շատ էր խոսվում, որ ղարաբաղյան հարցում Ռուսաստանը որոշում է նախաձեռնությունն իր ձեռքը վերցնել։

Բադալյան. - Շատ բան է փոխվել։ Ապրիլի պատերազմից հետո և հատկապես այն պատճառով, որ Հայաստանը կարողացավ ինքնուրույն դիմադրել, իհարկե, ծանր մարդկային կորուստների գնով նաև, բայց ինքնուրույն դիմադրել Ադրբեջանի էդ հսկայական ռազմական մեքենայի այդ արկածախնդրության ագրեսիային Արցախի նկատմամբ, դա իսկապես շատ բան է փոխել։ Փաստացի կամա թե ակամա Ադրբեջանն իր այդ ագրեսիայով մերկացրեց այն քաղաքականությունը, որը վարում է Ռուսաստանը և որը եռակողմ ֆորմատով՝ Կազանյան գործընթացով փորձում էին առաջ տանել, և այդ մերկացված քաղաքականության պայմաններում Ռուսաստանը էապես հայտնվել է մի իրավիճակի առաջ, երբ անընդհատ պարտավոր է ցույց տալ Հայաստանին, որ չէ, ինքը դաշնակից է, հավատարիմ է դաշնակցային հարաբերությանը։ Իհարկե, Մոսկվան մյուս կողմից չի ցանկանում հարաբերություններն ընդհատել, թուլացնել կամ խզել Ադրբեջանի հետ, հասկանալի է, այնտեղ այլ շահեր կան բացի զուտ ղարաբաղյան խնդրից, բայց ապրիլի պատերազմից հետո Մոսկվան իսկապես հայտնվել է փակուղային վիճակում՝ Հայաստանի հանդեպ քաղաքականության առումով, այն տեսանկյունից, որ, եթե էսպես ինձ թույլ տամ արտահայտվել, Մոսկվայի մեղքի զգացումն այլևս անհերքելի է և այլևս պարտավորված է Մոսկվան գոնե մի շարք էական հարցերում պահել իր դաշնակցային դեմքը։

Բադալյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG