Մատչելիության հղումներ

«Ելք»-ը կառավարությունից պահանջում է դադարեցնել Վանաձորի ավագանու լիազորությունները


Նիկոլ Փաշինյան, արխիվ

Իշխող ՀՀԿ-ն նոր ընտրությունների համար «որևէ հիմք» չի տեսնում:

«Ելք» խմբակցությունն այսօր կդիմի կառավարությանը՝ պահանջելով դադարեցնել Վանաձորի ավագանու լիազորություններն ու նշանակել արտահերթ ընտրություններ։ Այս քայի անհրաժեշտությունն, ըստ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի, առաջացել է ՍԴ որոշումից հետո:

«Այն, ինչ տեղի է ունեցել, դրանք ՍԴ որոշմամբ ավագանու նիստեր չեն, և ըստ այդմ՝ Վանաձորի ավագանու լիազորությունները ենթակա են վաղաժամկետ դադարեցման, և Վանաձորում պետք է տեղի ունենան արտահերթ ընտրություններ»,- այսօր խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը, շարունակելով․

«Սահմանադրական դատարանի որոշումը վերաբերում էր հակասահմանադրական ճանաչված օրենքի դրույթը փոխելու ժամկետին: Դա չի նշանակում, որ այդ դրույթը հակասահմանադրական չէ, և ՍԴ-ն իր որոշմամբ չեղյալ է հայտարարել Վանաձորի ավագանու որոշումները, այսինքն արձանագրել է, որ ավագանի գոյություն չունի:

Եթե ավագանին 6 ամիս շարունակ նիստեր չի գումարում, Սահմանադրական դատարանը սահմանել է, որ այն, ինչ տեղի է ունեցել, դրանք նիստեր չեն, այսինքն՝ 15 հոգով հավաքվել են, ջան են ասել, ջան լսել: Ոնց որ մենք էստեղ, քանի՞ հոգով ենք հավաքված, ԱԺ նիստ անենք ու օրենք ընդունենք: Կարող ենք սկզբունքորեն դա անել, բայց էդ օրենքն ինչքանով իրավական ուժ կունենա, դա արդեն ուրիշ թեմա է: Հիմա, ըստ էության, կառավարությունը պետք է իր գործառույթների մեջ մնա և պետք է ընդամենը ցույց տա՝ ինչքանով է հարգում ՍԴ որոշումը»:

Սահմանադրական դատարանը, հիշեցնենք, նոյեմբերի 10-ին կայացրած որոշմամբ՝ մասամբ բավարարել էր «Ելք» և «Ծառուկյան» դաշինքի 26 պատգամավորների հայցը, որը վերաբերում էր անցած տարի Վանաձորի ավագանու ընտրություններից հետո առաջացած խնդիրներին: Ընդդիմադիր ուժերը բարձր դատարանից պահանջում էին անվավեր ճանաչել «Տեղական ինքնակառավարման» մասին օրենքի այն դրույթը, որով ավագանու ՀՀԿ և ՀՅԴ խմբակցությունների 15 ներկայացուցիչները՝ լինելով փոքրամասնություն և չունենալով քվորում, նիստեր են գումարում ու որոշումներ կայացնում:

Վանաձորում ավագանու ընտրություններից հետո ընդդիամադիր երեք խմբակցությունները՝ «Ելքը», «Ծառուկյան» դաշինքն ու «Հայկական վերածնունդը» ավագանու ընտրությունների արդյունքում միասնաբար մեծամասնություն էին ստացել, միմյանց հետ պայմանավորվելով քաղաքապետի պաշտոնում աջակցել ընդդիմության միասնական թեկնածուին: Սակայն փակ գաղտնի քվեարկությամբ քաղաքապետ էր ընտրվել հանրապետական Մամիկոն Ասլանյանը:

Այդ օրվանից ընդդիմադիրները բոյկոտում էին ավագանու նիստերը՝ պարզելու համար, թե ընդդիմադիրներից ովքեր են գաղտնի քվեարկության ժամանակ խախտել պայմանավորվածությունն ու ձայն տվել իշխանության ներկայացուցչին: Վանաձորի 33 անդամ ունեցող ավագանին, սակայն, չնայած բոյկոտին, մարտ ամսից սկսեց ընդամենը 15 հոգով նիստեր գումարել, հղում անելով ՏԻՄ մասին օրենքի դրույթներից մեկին:

Երկու օր առաջ ՀՀԿ-ն և «Հայկական վերածնունդը» համագործակցության հուշագիր կնքեցին՝ քաղաքի կառավարումը համատեղ իրականացնելու մասին: Ըստ Նիկոլ Փաշինյանի, սակայն, այդ հուշագիրն ապարդյուն փորձ է՝ վերակենդանացնել արդեն մեռյալ կառույցը: «Եթե Վանաձորի ավագանու հանրապետական խմբակցությունը քնած դշխուհին է, «Հայկական վերածնունդը» կարող է իր համբույրներով փորձել նրան վերակենդանացնել, բայց կարծում եմ՝ տվյալ դեպքում ոչ թե քնած, այլ մահացած դշխուհու հետ գործ ունենք, որին վերակենդանացնելու փորձերն այնքան էլ տրամաբանական չեն»,- պատկերավորեց «Ելք» խմբակցության ղեկավարը:

Նիկոլ Փաշինայնը նաև նշեց՝ այս հուշագրի ստորագրումով պարզ դարձավ, թե որ ուժն էր Վանաձորի քաղաքապետի փակ գաղտնի ընտրությունների ժամանակ հանրապետական թեկնածուի հաղթանակն ապահովել: «Սրանով արդեն կարող ենք պաշտոնապես արձանագրել «Հայկական վերածնունդ» կուսակցության կամ «Օրինաց երկիր» կուսակցության արդեն քաղաքական մահը: Իհարկե, մենք այդ մահը շուտ էինք արձանագրել, բայց ոմանք չէին խոստավանում, որպեսզի տրամադրություները չընկնի»,- շարունակեց Փաշինյանը:

Այս մեղադրանքներին այսօր հայտարարությամբ արձագանքել է «Հայկական վերածնունդ» կուսակցությունը: «Ելք» դաշինքի մաս կազմող «Լուսավոր Հայաստան» կուսակցությանը մեղադրելով իշխանությունների հետ համագործակցելու մեջ՝ ՀՎԿ-ն նշում է՝ մեկ տարի առաջ խմբակցությունը քվեարկել է միաձայն՝ համաձայն ընդդիմադիրների ստորագրած հուշագրի, իսկ «դավաճաններին» Արթուր Բաղդասարյանի գլխավորած ուժը խորհուրդ է տալիս փնտրել իրենց («Լուսավոր Հայաստանի») շարքերում։

Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը ևս կարծում է, որ Հանրապետականի և ՀՎԿ-ի միջև ստորագրված հուշագիրը չի նշանակում, թե մեկ տարի առաջ նրանք քվեարկել են հօգուտ հանրապետական Մամիկոն Ասլանյանի։ «Կարող էին գործընթացները զրագանալ այնպես, որ նույնիսկ ամենասուր ընդդիմադիրները հուշագիր ստորագրեին իշխող կուսակցության հետ: դա չի նշանակում, որ նրանք ընտրությունների ժամանակ իրենց ձայները տվել են իշխանությանը»,- ասաց Բաղսդասարյանը:

Հանրապետական խմբակցության ղեկավարը կարծում է, որ այդ հարցով կառավարությանը դիմելու անհրաժեշտություն չկա: Ըստ նրա, ավագանին նիստերն անցկացրել է ՏԻՄ մասին օրենքին համապատասխան: «Նիստը [նիստերը] եղել է ՏԻՄ մասին օրենքին համապատասխան: Այլ խնդիր է՝ եթե ուշադիր եք, այնտեղ [ՍԴ որոշման մեջ] հակասությունը ՏԻՄ մասին օրենքի և Սահմանադրության հետ է կապված: Եվ մինչև մարտի 31-ը այդ օրենքը պետք է համապատասխանեցվի Սահմանադրությանը:

Հիմա էլ բնականոն հունով կգնա, դեպքերից առաջ պետք չէ ընկնել, և դեռ եզրահանգումներ անելը շուտ է: Ես նոր ընտրությունների որևէ հիմք չեմ տեսնում: Իհարկե՝ դրա որոշողն ավագանին է»,- ասաց Բաղդասարյանը:

Այսօրվա ճեպազրույցների ժամանակ չշրջանցվեց նաև ԱԺ վերջին քառօրյայի ժամանակ վարչապետ Կարեն Կարապետյանի հասցեին «Ծառուկյան» դաշինքի հնչեցրած քննադատությունն ու մեղադրանքները, թե Երևանի «Հաղթանակ» զբոսայգու շքեղ առանձնատները կառուցվել են գազի ու բենզինի մենաշնորհային, կոռումպացված համակարգից ստացված միջոցներով: Այս առիթով Նիկոլ Փաշինյանը նկատեց՝ զբոսայգու նշված հատվածը «կոռուպցիայի թանգարան է»։ Վահրամ Բաղդասարյանը հակադարձեց՝ լավ է, որ Հայաստանում շինարարություն է կատարվում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG