Մատչելիության հղումներ

Ուկրաինայում ռուսաստանցի է ձերբակալվել, ով կասկածվում է Forbes-ի ռուսական հրատարակության գլխավոր խմբագրի սպանության մեջ


Փոլ Խլեբնիկով, արխիվ
Փոլ Խլեբնիկով, արխիվ

Ուկրաինայի ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները Կիևում երկու ռուսաստանցի են ձերբակալել, ովքեր հետախուզվում են «Ինտերպոլ»-ի կողմից։

Ձերբակալվածներից մեկը կասկածվում է 2004 թվականին ամերիկյան Forbes ամսագրի ռուսական հրատարակության գլխավոր խմբագիր Փոլ Խլեբնիկովի և 2001-ից 2003 թվականներին Չեչնիայի փոխվարչապետ Յանա Սերգունինայի սպանությունների մեջ։

Ըստ Ազգային անվտանգության ծառայության, ձերբակալվածը Ուկրաինայում զբաղվում է անհատ ձեռներցներին կողոպտելով։

Հիշեցնենք՝ 2004 թվականին Խլեբնիկովը Forbes ամսագրի ռուսաստանյան հրատարակության գլխավոր խմբագիր նշանակվելուց շատ կարճ ժամանակ անց զինված հարձակման ենթարկվեց։ Իշխանությունները հարձակումը կապեցին նրա հետաքննական աշխատանքի հետ․ նա գիրք էր գրել ռուսաստանցի հայտնի գործարար Բորիս Բերեզովսկու մասին` «Կրեմլի կնքահայրը» վերնագրով, մյուս գիրքը չեչեն զինյալ Խոջ-Ախմեդ Նուխաևի հետ 15-ժամանոց զրույցի սղագրություն էր. հեղինակը գիրքը վերնագրել էր «Զրույց բարբարոսի հետ»:

Երկրորդ ձերբակալվածը, ըստ Ազգային անվտանգության ծառայության, ծագումով Չեչնիայից է, կազմակերպված հանցավոր խմբի անդամ է, որը զբաղվում է շքեղ մեքենաների առևանգմամբ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG