Այսօր Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի շտաբի նիստերի դահլիճում ԼՂ պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի նախագահությամբ անցկացվել է ռազմական խորհրդի նիստ, որի օրակարգային թեմաները առնչվում էին ՊԲ մարտական, թիկունքային և տեխնիկական ապահովման վիճակին, առկա խնդիրներին և կատարելագործման ուղիներին:
Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ ռազմական խորհրդի նիստին մասնակցում էին բանակի հրամանատարի տեղակալները, շտաբի համապատասխան բաժինների պետերը, միավորումների և զորամասերի հրամանատարներն ու շահագրգիռ ոլորտների պատասխանատուները:
Բանակի հրամանատարի ներածական խոսքից հետո խնդրո առարկա թեմաների շուրջ հնչել են մի շարք ելույթներ, որոնց ընթացքում, ըստ առանձին ուղղությունների, մանրակրկիտ անդրադարձ է կատարվել իրականացված աշխատանքներին, քննարկվել են նշված ոլորտներում առկա խնդիրները, առաջարկվել դրանք շտկելու և աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու ուղիները:
Վերջում, ամփոփելով նիստի արդյունքները, Լևոն Մնացականյանը համապատասխան խնդիրներ է առաջադրել ներկա հրամանատարական կազմին:
ԱՀՊՆ մամուլի ծառայություն