Մատչելիության հղումներ

Կադաստրի պետկոմիտեում օպտիմալացումների արդյունքում այս տարի տնտեսվել է 385 մլն դրամ


Նորակառույց բնակելի շենքեր Երևանում, արխիվ

Այս տարվա ընթացքում արդեն իսկ կառավարությանն առընթեր կադաստրի պետական կոմիտե հինգ տարածքային ստորաբաժանումներ միավորվել են Երևանի և մարզերի ստորաբաժանումների հետ, երեք սպասարկման գրասենյակներ միավորվել են այլ գրասենյակների հետ, իսկ ևս երեքը՝ լուծարվել: Նախատեսվում է մինչև տարեվերջ լուծարել ևս հինգ սպասարկման գրասենյակ: Միավորվել են նաև համակարգի երկու ՊՈԱԿ-ներ: Օպտիմալացումների արդյունքում տնտեսվել է 385 միլիոն դրամ: Այս տվյալները ներկայացրել է կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանը այսօր վարչապետ Կարեն Կարապետյանի՝ կոմիտե այցի ժամանակ:

Վարչապետը հետաքրքրվել է՝ արդյոք լուծարված սպասարկման գրասենյակների հետևանքով բնակչությանը մատուցվող ծառայությունների հետ կապված խնդիրներ չեն առաջացել: Զեկուցվել է, որ մատուցվող ծառայությունները պատվիրակվել են պետական իշխանության մարմինների սպասարկման գրասենյակների գործառույթներ իրականացնող օպերատորներին, և այդ առումով որևէ խնդիր չի արձանագրվել, քաղաքացիների համար որևէ դժվարություն չի առաջացել: Կարապետյանը ողջունել է իրականացվող բարեփոխումը և առաջարկել սպասարկման մյուս գրասենյակների դեպքում ևս գործել նույն կերպ: Նշվել է, որ այդ պարագայում կտնտեսվի լրացուցիչ 635 միլիոն դրամ:

Տեղեկացվել է, որ 2017 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին կադաստրի համակարգի տարածքային ստորաբաժանումներ ներկայացված դիմումների քանակն աճել է 20․2 տոկոսով, կոմիտեի աշխատակազմ մուտքագրված դիմումների թիվը՝ 15․6 տոկոսով, մատուցված ծառայությունների համար հավաքագրվել է 2․95 մլրդ դրամ, ինչը 2016-ի նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 11․5 տոկոսով: Ընթացիկ տարվա առաջին 10 ամսվա ընթացքում գանձվել և պետբյուջե է փոխանցվել 670 մլն դրամ: Մինչև տարեվերջ կանխատեսվում է գանձել և պետբյուջե փոխանցել 775 մլն դրամ, կամ 22 տոկոսով ավելի 2016-ի նույն ժամանակահատվածի համեմատ: Նշված ժամանակահատվածում համակարգի ծախսերը կազմել են 2․59 մլրդ դրամ, ինչը 2․8 տոկոսով ավելի է 2016-ի հունվար-հոկտեմբերի համեմատ: Ակնկալվում է, որ տարեկան ծախսերը կազմելու են 3․39 մլրդ դրամ: Սարգսյանն ընդգծել է, որ եկամուտների և ծախսերի դրական տարբերությունը ևս փոխանցվելու է պետբյուջե, որը կկազմի շուրջ 200 մլն դրամ:

Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ զեկուցվել է նաև, որ ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստանում անշարժ գույքի նկատմամբ իրականացվել է 127 հազար 52 գործարք, ինչը 2016-ի նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 0․8 տոկոսով: Կադաստրի պետական կոմիտեի նախագահի խոսքով, հուլիս, օգոստոս և սեպտեմբեր ամիսների վիճակագրությունը ցույց է տալիս, որ գործարքների թիվը գնալով աճում է և տարեվերջին 2016-ի համեմատ կգրանցվի ավելի մեծ աճ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG