Մատչելիության հղումներ

Ավարտվեց Վիգեն Սարգսյանի այցը Կանադա


Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյան, արխիվ
Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյան, արխիվ

Կանադա աշխատանքային այցի վերջին օրը Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը հյուրընկալվել է Մոնրեալի ՀԲԸՄ «Ալեք Մանուկյան» վարժարանում։

Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության համաձայն՝ Սարգսյանը նշել է, որ այլ երկրներ այցերի ընթացքում մշտապես կարևորել է հանդիպումները հայկական դպրոցներում, քանի որ առանց դպրոցների անհնար է պահպանել հայկական ինքնությունը։

«Մեր երկիրը սահմանափակ տարածքով և ոչ շատ մեծ բնակչությամբ երկիր է։ Բայց մեր ժողովուրդը անհամեմատ մեծ ժառանգության կրող է։ Մեր պայքարը, մեր գոյության իմաստավորումը չի կարող սահմանափակվել երկրի տարածքով, սահմաններով, կամ բնակչությամբ։ Մենք կրողն ենք այն ժառանգության, որի կերտողները երազել են պետականության մասին։ Այսօր, երբ մենք ունենք պետություն, պետք է անենք հնարավորը, որպեսզի Հայաստանը, սփյուռքն ու Արցախը միասնական կարողանան կյանքի կոչել մեր դարավոր իղձերը», - ասել է նախարարը։

Հայկական պատվիրակությունն այնուհետև հյուրընկալվել է ՀՅ Դաշնակցության «Սուրբ Հակոբ» դպրոցում, շրջայց կատարել դպրոցի տարածքով։ Վիգեն Սարգսյանը գրառում է կատարել դպրոցի պատվավոր հյուրերի գրքում։

Այցի ավարտին հայկական պատվիրակությունը Մոնրեալում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին։

Հիշեցնենք, Վիգեն Սարգսյանը Կանադայի Վանկուվեր քաղաքում մասնակցել էր ՄԱԿ-ի խաղաղարարության նախարարական համաժողովին, այնուհետև մեկնել Մոնրեալ, որտեղ մի շարք հանդիպումներ է ունեցել, այդ թվում՝ հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Մինչ այդ պաշտպանության նախարարը այցելել էր ԱՄՆ, որտեղ նույնպես հանդիպումներ էր ունեցել սփյուռքի կառույցների և հայկական համայնքի ներկայացուցիչների հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG