Մատչելիության հղումներ

«Հյուսիս-հարավ» ճանապարհի կառուցման թեման խորհրդարանում բուռն քննադատության պատճառ դարձավ


Պատգամավորները բարձրացրեցին ավանդական հարցը՝ ի վերջո ե՞րբ է ավարտվելու ճանապարհի կառուցումը: Մոտ մեկ ժամ տևած քննարկման ընթացքում կառավարության ներկայացուցիչ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Գագիկ Գրիգորյանը այդպես էլ կոնկրետ պատասխան չհնչեցրեց։

Պատգամավորների խաչաձև հարցերին կառավարության ներկայացուցիչը շարունակում էր խուսափողական պատասխաններ տալ։ Փոխարենը նա բարձրացրեց ճանապարհի երկու հատվածների համար նախատեսված վարկի օգտագործման ժամկետները երկարաձգելու հարցը՝ պատճառաբանելով, թե ճանապարհի համար անհրաժեշտ հողերի օտարման հարցում ձգձգումներ են եղել․ - «935 հողատարածքներից մոտավորապես 15 տոկոսի սեփականության իրավունքը օտարվում է դատական որոշումների հիման վրա: Եվ այդ դատական որոշումներում եղել են նաև օբյեկտիվ հետաձգումներ՝ կապված սեփականատերերի՝ Հայաստանի Հանրապետությունում չգտնվելու հետ»:

Պատգամավորները չէին հանձնվում, պահանջում էին, որ պաշտոնյան կոնկրետ ամսաթիվ ասի՝ ի վերջո ե՞րբ է ավարտվելու հյուսիս-հարավ ճանապարհի շինարարությունը։

«Ծառուկյան» դաշինքից պատգամավոր Սերգեյ Բագրատյանը չկարողացավ զսպել զայրույթը, միայն դրանից հետո Կառավարության ներկայացուցիչը կոնկրետ թիվ ասաց․ - «Ծրագրի ավարտը նախատեսվում է իրականացնել 2019 թվականի երրորդ եռամսյակում»:

Պարզվեց, սակայն, որ 2019-ն էլ վերջնական թիվ չէր․ պաշտոնյան նշել էր ոչ թե ամբողջ ճանապարհի, այլ ընդամենը երկու առանձին հատվածների կառուցման վերջնաժամկետը։

«Ծառուկյան» դաշինքից Վահե Էնֆիաջյանը փորձեց հարցին այլ կողմից մոտենալ։ Փոխնախարարին սկսեց բացատրել, թե որքան կարևոր է ճանապարհը․ - «Հայաստանի Հանրապետության համար սա կարևորագույն ծրագիր է, և տարիներ շարունակ ինչ-ինչ պատճառներով, որը որ մի քանի րոպե ա տևում Ձեր կողմից որպես զեկույց և ներկայացում, ասվում է, որ ծրագիրը պետք է հետաձգվի»:

Մինչ պատգամավորները հայտարարում էին, որ մոտ 1.5 միլիարդ դոլար արժողությամբ ծրագրի շուրջ անհասկանալի անորոշություն է՝ փոխնախարար Գագիկ Գրիգորյանը շարունակում էր պնդել, որ ճանապարհի կառուցման հետաձգումները օբյեկտիվ են, և նոր փաստարկներ էր բերում․ - «Շինարարական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է 2-րդ հազարամյակի պատմամշակութային արժեքներ, որով պայմանավորված իրականացվել է ճանապարհի 8 կիլոմետր երկարությամբ հատվածի վերանախագծում»:

Տիգրան Ուրիխանյանն ասաց, որ վարկային ծրագրով միլիոնավոր դոլարներ են վճարվել խորհրդատվության համար, ինչո՞ւ նրանք չեն կանխատեսել, որ նման խնդիրներ կարող էին առաջանալ․ - «Չե՞ն եղել մարդիկ ուղեղով, որոնք կհաշվարկեն, կմատուցեն»:

Նաև վերահսկողության հարցը բարձրացվեց: Փոխնախարարն արձագանքեց, որ որակը միշտ վերահսկում են, և ճանապարհի մեկ հատվածը տրանսպորտի նախարարի հանձնարարականով վերակառուցելու են, քանի որ որակը լավը չէր։

Դաշնակցությունից Արմենուհի Կյուրեղյանը հետաքրքրվեց, թե ինչ ազդեցություն ունեն նման սուբյեկտիվ պատճառները ճանապարհի կառուցման հետաձգման վրա։

Փոխնախարարի պատասախանը․ - «Եթե փորձեմ շատ մոտավոր գնահատական հնչեցնել, ապա օբյեկտիվը 95 տոկոս, սուբյեկտիվը՝ 5 տոկոս»:

«Ելք» դաշինքից Արամ Սարգսյանը Կառավարության ներկայացուցչին հիշեցրեց, որ սա ռազմավարական նշանակություն ունեցող ծրագիր է և քննադատեց իշխող ուժին․ - «Իսկ այդ ճանապարհի որակի մասով մեր և հարգարժան Հանրապետական կուսակցության անդամների տեսակետները տարբերվում են մի պարզ պատճառով․ որովհետև էս երկրում ամեն ինչ արվում է էն որակով, որով իրականացվում են համապետական ընտրությունները»:

Քննարկման ավարտին փոխնախարարը պատգամավորներին եզրափակիչ ելույթով արձագանքել չցանկացավ։ Նա այդպես էլ չասաց, թե երբ պատրաստ կլինի «Հյուսիս-հարավն» ամբողջությամբ։

Քվեարկության ժամանակ «Ելք» և «Ծառուկյան» խմբակցությունները դեմ քվեարկեցին, Հանրապետականն ու Դաշնակցությունը՝ կողմ։ Արդյունքում 55 կողմ, 30 դեմ ձայներով հարցն ընդունվեց։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG